Եվրոպական Միությանը միանալու հանդեպ Երևանի հետաքրքրությունը չի կարող չմտահոգել Ռուսաստանին։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական հարցերով վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը:
«Հայաստանի հարկադիր մերձեցումը Եվրամիության հետ բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշինքի, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Մասլեննիկովը։
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնյան նշել է, որ «Մոսկվան հույս ունի, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, հասկանում է Բրյուսելի հետ հարկադիր մերձեցման հնարավոր բացասական հետևանքները՝ թե՛ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների, թե՛ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար»:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության եվրոպական գործերի վարչության պետը վերահաստատել է, որ Ռուսաստանը հարգում է այլ պետությունների ինտեգրացիոն միավորումներին մասնակցելու ինքնիշխան իրավունքը, և հատկապես «նրանց ցանկությունը՝ լրացուցիչ հնարավորություններ ստանալու տնտեսական զարգացման և սեփական բնակչության բարեկեցությունը բարելավելու համար»։
«Այս ջանքերին համապատասխան, 2025-ի ապրիլին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց «ՀՀ-ի Եվրոպական Միությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որը նախկինում հաստատվել էր խորհրդարանի կողմից», - հիշեցրել է Մասլեննիկովը։
Ըստ Մասլեննիկովի, Բրյուսելն արդեն սկսել է «ակտիվորեն մղել Երևանին՝ ԵՄ չափանիշներին քաղաքականապես մոտիվացված անցում կատարելու, որը հիմնարար կերպով անտեսում է այս անդրկովկասյան հանրապետության անդամակցությունը ԵԱՏՄ-ին և դրա հետ կապված պարտավորությունները»։
«Փաստը մնում է, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնար է», - հայտարարել է ռուս դիվանագետը։
Civilnet











