Կհաջողվի՞ արդյոք Թուրքիային համոզել Միացյալ Նահանգներին չհարվածել Իրանին ու միջնորդի դեր ստանձնել նրանց միջև գերլարված այս իրավիճակում․ մի բան, որը չհաջողվեց Պարսից ծոցի պետություններին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նման ցանկություն է հայտնել ոչ միայն հունվարի 30-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ զրույցում, այլ նաև հունվարի 27-ին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ քննարկումներում։ Անկարան առաջարկել է կողմերի հանդիպում կազմակերպել, թեկուզև տեսակապի միջոցով։ Սակայն ադ առաջարկներին Թրամփի արձագանքը ամհայտ է։
Փոխարենը Անկարան կարծես գործնականում հարթակ է դառնում ԱՄՆ-ի ու Իրանի միջև։ Հունվարի 30-ին Ստամբուլում Իրանի արտգործնախար Աբբաս Արաղչիին է ընդունել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Մամուլի ասուլիսին կողմերի հիմնական ուղերձն ուղղված էր բանակցություններով հարցի լուծմանն ու ռազմական հարված թույլ չտալուն։ Արաղչին հստակ նշել է, որ Թեհրանը պատրաստ է դիվանագիտական գործընթացին։
Իսկ մինչև Արաղչին, Ֆիդանը հանդիպել էր Անկարայում ԱՄՆ-ի ազդեցիկ դեսպան Թոմ Բարաքին։
Թուրքիան, որը սեփական անվտանգությունից ելնելով, փորձում է խուսափել էսկալացիայից, պատրաստվում է ամենավատ սցենարներին։ BBC-ի թուրքական ծառայության համաձայն՝ Թուրքիան Իրանի հետ սահմանակետին միջոցներ է ձեռնարկում դիմակայելու միգրացիոն հնարավոր հոսքերին։
ԱՄՆ-ի վերջին կոչերը նույնպես բանակցությունների պատուհան են թողնում Իրանի համար։ Թրամփը Թեհրանին կոչ է արել գնալ լուծումների՝ պահանջելով նախ և առաջ հրաժարվել միջուկային ներուժից։ Օրակարգում է նաև բալիստիկ հրթիռների ծրագիրը սահմանափակելու հարցը՝ թեմաներ, որոնք կարմիր գիծ են Թեհրանի համար։
Civilnet




