Գլխավոր Լրահոս

Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության մերժվել է

Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության մերժվել է

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում՝ դատավոր Աշոտ Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժվել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության և  Հայաստանի պատմության 9-րդ դասարանի գրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է  քաղաքացիական դատարանների խոսնակ Ալեքսանդրա Հովսեփյանը։

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հայցադիմում էր ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով հերքել «Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքում տեղ գտած այն տեղեկությունը, թե նա ստորագրել է ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր:

Հայցադիմումը ներկայացվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և դասագրքի տվյալ հատվածի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ:

Շահրամանյանը դատարանից խնդրում էր պարտավորեցնել պատասխանողներին հերքել դասագրքի «ԼՂ հարցը միջազգային ասպարեզում․ վերադարձ պատերազմին» գլխի «ԼՂ-ի հայաթափումը» ենթավերնագրի ներքո տեղ գտած հետևյալ տեղեկությունը․ «(…) ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր»:

Որպես հերքման ձև պատասխանողներին պարտավորեցնել հրապարակային հնարավոր բոլոր եղանակներով, այդ թվում՝ հերքումը կրթական ծրագիր մտցնելու միջոցով հրապարակել հետևյալ տեքստը․

«Հայաստանի պատմություն 9-րդ դասարանի դասագրքի «ԼՂ հարցը միջազգային ասպարեզում․ վերադարձ պատերազմին» 5․3 գլխի «ԼՂ-ի հայաթափումը» ենթավերնագրի տակ արտացոլված համապատասխան հետևյալ տեղեկությունը․ « (…) ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր» կեղծ է և ոչ իրական։ Իրականում 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ ադրբեջանական կողմը ուղղակի պահանջով և բնակչության սպանդի սպառնալիքով Արցախի նախագահին առաջարկել է հրավիրել Ազգային ժողովի նիստ և ընդունել Արցախը լուծարելու մասին հռչակագիր։ Սամվել Շահրամանյանը, գիտակցելով նման քայլի իրավաքաղաքական և պատմական հետևանքները, մերժել է հռչակագրի ընդունման գործընթացը՝ պատճառաբանելով, որ պատգամավորական քվորում ապահովել հնարավոր չէ։ Իր հերթին Ադրբեջանի ղեկավարությունը, չնահանջելով իր պահանջից, շարունակել է այն պնդել։ Հասկանալով իրավիճակի լրջությունն ու հաշվի առնելով շրջափակման փաստը՝ Արցախի նախագահն առաջարկել է հռչակագիրը փոխարինել իր իսկ կողմից ընդունված հրամանագրով։ Հաշվի առնելով բնակչության ոչնչացման ու սպանդի վտանգը, որպես ադրբեջանական պահանջի այլընտրանք, նման հրամանագիր չընդունելով հանդերձ, Արցախի տեղեկատվական շտաբի էջով տարածվել է հայտարարություն՝ Արցախը լուծարելու մասին թիվ ՆՀ-657-Ն հրամանագրի գոյության մասին։ Հայտարարության նպատակը ՀՀ-ԱՀ միջպետական ճանապարհի ապաշրջափակումն էր և բնակչության սպանդի կանխումը։ Հայաստան տեղափոխվելուց հետո հետագա շահարկումներից խուսափելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է հրամանագիր՝ արդեն այն գրավոր տեսքի տալով ու ստորագրելով, որով նույն հարթակում անվավեր է ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։ Ո՛չ այս հրամանագիրը և ո՛չ էլ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրի մասին որևէ հայտարարություն իրավական ուժ չունեին, երկուստեք հակասում էին թե՛ Արցախի մայր օրենքին, թե՛ հրամանագրից բարձր իրավաբանական ուժ ունեցող այլ իրավական ակտերի դրույթներին, ուժի մեջ չեն մտել և հետևաբար որևէ հետևանք անգամ առաջացնել չեն կարող»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում