Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկայիս մակարդակը՝ կարևորելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը:
Գեներալ Չաուհանը հայտնել է Հնդկաստանի զինված ուժերի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության զարգացումն առկա ուղղություններով և նախաձեռնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել փետրվարի 1-ին։
***
Հունվարի 26-ին Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ այդ երկրի վարչապետին ուղղված շնորհավորանքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք էր հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը։
2025-ի վերջին Հայաստանն ու Հնդկաստանը ստորագրել են 2026-ի համագործակցության ծրագիրը։ Այն ընդգրկում է մի շարք միջոցառումներ բարձրաստիճան և փորձագիտական փոխայցելությունների, ռազմական կրթության, ռազմատեխնիկական, մարտական պատրաստության ու վարժանքների, փորձի փոխանակման և մի շարք այլ ոլորտներում:
Դեկտեմբերին The Hindu Business Line կայքը գրել էր, որ Հնդկաստանը սկսել է Pinaka կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակի մատակարարումը Հայաստան:
Հայաստանն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին հնդկական զենքի երեք խոշորագույն ներկրողներից մեկն է:
Civilnet











