Իրանում մի քանի օր է բողոքի ցույցեր են ի նշան թանկացումների։ Ամեն ինչ սկսվեց դոլլարի արժևորումից, ինչը մեծ լարում է մտցրել Թեհրանի շուկաներում։ Քաղաքի տնտեսվարողներից շատերը փակել են խանութները՝ դուրս գալով փողոց։ Նրանց միացել են այլ խմբեր։
Իրանական մի շարք աղբյուրներ նշում են դրանցում հնչած հակակառավարական վանկարկումների մասին։
Իրանի կառավարությունը պաշտոնապես ընդունել է ցույցերի գոյությունը, նունիսկ ավելի կոշտ բողոքներ լսելու պատրաստակամություն հայտնել։ Կառավարությունը ջանում է խնդիրները հարթել երկխոսության և բարեփոխումների ճանապարհով։
Արդեն հրաժարական է ներկայացրել Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամամդ Ռեզա Ֆարզինը, իսկ կառավարությունը որոշել է էապես ավելացնել պետական ծառայողների և թոշակառուների արտոնությունները, որոնք պետական բյուջեով պետք է բարձրացվեին 20 տոկոսով։ Սակայն կառավարությունը, որն ի սկզբանե դեմ էր 20 տոկոսից ավելի բարձրացմանը, այժմ ստիպված է գնալ այդ քայլի։
Վերջին ամիսների ընթացքում իրանական թումանը շարունակում է գահավիժել։ Իրանցի մի շարք տնտեսագետների հաշվարկներով՝ Փեզեշքիանի նախագահ դառնալուց հետո թումանը ավելի քան 50-տոկոսով արժեզրկվել է։
Իրանում ընթացիկ զարգացումները վերջին երեքուկես տարվա ընթացքում ամենախոշոր բողոքի ցույցերն են։ Վերջին ալիքը 2022-ին էր Մահսա Ամինիի դեպքերի հետ կապված։ գլխաշոր չկրելու համար ոստիկանական գործողություններից վերջինս մահացել էր, որը հարուցել էր հանրության բուռն զայրույթը։
Civilnet




