Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։
«Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»,- ասված է հայտարարության մեջ։
Մարտի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, թե խոսակցություններ են շրջանառվում, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ռուսաստանից մարդկանց են բերելու, որ Քաղաքացիական պայմանագրի դեմ քվեարկեն։
«Նույնիսկ կոչեր են հնչում, որ օրենսդրական փոփոխություններ արվեն։ Դա այլ թեմա է, բայց ես համոզված եմ, որ եթե այդ խողովակով մարդիկ գալու են՝ այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը քվեարկելու է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, որովհետև նրանք չեն կարող քվեարկել իրենց արտագաղթի օգտին, նրանք կարող են քվեարկել իրենց ներգաղթը ապահովելու օգտին, մի երևույթ, որը 2025-ին արդեն սկսվել է»,- ասել էր վարչապետը:
Civilnet











