Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռը կհրապարակի հոկտեմբերի 15-ին. այս մասին տեղեկացնում է դատարանի պաշտոնական կայքը:
Այս տարվա հունվարի 28-ին Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացավ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումը, որին ելույթ ունեցավ ինքը՝ թուրք ազգայնական Դողու Փերինչեքը, նրա փաստաբան Ստեֆան Տալմոն։ Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, աշխարհահռչակ փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնը և Ամալ Քլունին։ Վերջինս իր ելույթում նշել էր, որ Ցեղասպանության վերաբերյալ դատարանի ստորին պալատի վճռում առկա եզրահանգումներն «անարգում են մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում զոհվածների հիշատակը և աջակցում են նրանց, ովքեր ժխտելով ցեղասպանությունը՝ հրահրում են ռասայական ատելություն և բռնություն»: Ամալ Քլունին հույս էր հայտնել, որ ՄԻԵԴ-ի Մեծ պալատը կուղղի այդ սխալը: Այս միտքը Ամալ Քլունին կրկնել է նաև «Փաստինֆո»-ի հետ զրույցում:
Հունվարի 28-ի դատալսմանը ներկա իրավաբան Արմեն Մազմանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հույս էր հայտնել, որ դատարանը կվերանայի Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր գնահատականը:
Փերինչեքի գործի մասին
Թուրք ազգայնական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը հայտնի է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ իր գործունեությամբ: Շվեյցարիայում 2005թ. կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ նա Հայոց ցեղասպանությունը որակել էր «միջազգային սուտ»: Շվեյցարական դատարանն այս հայտարարության համար 2008թ. նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաև 12 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի:
2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։ ՄԻԵԴ-ի վճռում ասված է, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը:
Շվեյցարիայի կառավարությունը դիմեց ՄԻԵԴ՝ բողոքարկելու Փերինչեքի գործով որոշումը։ 2014թ․ հունիսի 3-ին ՄԻԵԴ-ի հինգ դատավորներից բաղկացած կազմը կայացրեց գործի քննությունը դատարանի Մեծ պալատ ընդունելու մասին որոշում:
«Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում որպես երրորդ կողմ ներգրավվել են Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունները: ՄԻԵԴ-ի Մեծ պալատը 2014թ. սեպտեմբերի 20-ին հաստատել է Հայաստանի մասնակցության հնարավորությունը: ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը կլինի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: 2015թ. հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատը սկսել է Փերինչեքի գործի քննությունը:
Դողու Փերինչեքը ներգրավված է եղել նաև «Էրգենեքոնի» գործում, որը ծրագրում էր Թուրքիայում տապալել «Արդարություն և զարգացում կուսակցության» իշխանությունը: Թուրքական դատարանը 2014թ. նրան դատապարտել է 117 տարվա ազատազրկման։ Թուրքիայի կառավարությունը 2015թ. սկզբին Փերինչեքի վրայից հանել է երկիրը լքելու արգելքը՝ նրան հնարավորություն տալով մասնակցելու հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատում դատալսմանը։
Civilnet











