Գլխավոր Լրահոս

Թբիլիսին և Մոսկվան պայմանավորվել են Հարավային Օսիայով և Աբխազիայով առևտրային միջանցքների շուրջ

Թբիլիսին և Մոսկվան պայմանավորվել են Հարավային Օսիայով և Աբխազիայով առևտրային միջանցքների շուրջ
Հուլիսի 7-ին Պրահայում տեղի է ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Զուրաբ Աբաշիձեի միջև հերթական հանդիպումը։ Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում «Պրահայի երկխոսությունը» շարունակում է մնալ Մոսկվայի և Թբիլիսիի պարբերական հաղորդակցության միակ խողովակը։ Վրաստանյան, ինչպես և ռուսաստանյան մամուլն անդրադարձել է հանդիպման արդյունքներին։ Ռուսական «Կոմերսանտ»-ն ազդարարում է, որ Մոսկվայի և Թբիլիսիի ներկայացուցիչները պայմանավորվել են իրագործել 2011թ․ պայմանագիրը «Առևտրային միջանցքների մասին»՝ վրաստանյան նախկին ինքնավարություններ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով։ Թերթի փոխանցմամբ՝ Աբաշիձեն ու Կարասինը համաձայնության են եկել ավարտել 2011թ․ համաձայնագրի շուրջ խորհրդակցություններն ու անցնել շվեյցարական SGS ընկերության հետ գործարքների ձևակերպման, որը վերահսկելու է Ռուսաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ «առևտրային միջանցքներով» ապրանքների ու բեռների տեղափոխումը․ այդ նպատակով առաջիկայում ստեղծվելու է ռուս-վրաց-շվեյցարական եռակողմ աշխատանքային խումբ, որը զբաղվելու է համաձայնագրի իրագործմամբ։ Աբաշիձեն «Կոմերսանտ»-ին ասել է․ «Մենք պայմանավորվել ենք, որ այս հարցով այլևս չեն լինելու խորհրդակցություններ․ ժամանակն է անցնել կոնկրետ համաձայնագրերի ձևակերպմանը»։ Առևտուր՝ առանց դիվանագիտական կապերի Բացի այդ, ռուսաստանցի դիվանագետը առևտրային համագործակցության ոլորտի թվեր է ներկայացրել․ «Ընթացիկ տարվա հինգ ամիսներին առևտուրը ավելացել է 40 տոկոսով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ռուսաստան վրաստանյան արտահանման ծավալներն աճել են 3,3 անգամ։ Մենք Վրաստանի երկրորդ առևտրային գործընկերն ենք և առաջին գործընկերը՝ վրացական արտադրանքի ներկրման ծավալներով։ Չենք ցանկանում բավարարվել ունեցածով․ հոկտեմբերին ծրագրվում է ՌԴ առևտրային-արդյունաբերական պալատի մասնակցությամբ երկրորդ գործարար ֆորումը»։ Պրահայի հուլիսի 7-ի բանակցությունների արդյունքներով Վրաստանի վարչապետի գրասենյակի հաղորդագրությունում, որը մեջբերում է civil.ge կայքը, ասված է, որ Աբաշիձեն ռուսաստանցի բանակցողին տեղեկացրել է՝ եթե Ռուսաստանի Դաշնությունը «պատրաստակամություն ցուցաբերի, Թբիլիսին նույնպես պատրաստ կլինի ստորագրել SGS-ի հետ գործարք»։ 2011թ․ կնքված համաձայնագրի շուրջ աշխատանքն ակտիվացնելու նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Պրահայի նախորդ հանդիպման ժամանակ՝ փետրվարին։ Համաձայնագիրը ձևակերպվել էր Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության շուրջ բարդ բանակցությունների արդյունքում․ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանել էր ՌԴ-ի անդամակցության վրա դրված վետոն՝ պայմանով, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով կանցնեն «առևտրային միջանցնքներ» Ռուսաստանից Վրաստան և հակառակ ուղղություններով։ Կողմերը պետք է միջազգային միջնորդներ հրավիրեին, որոնք պետք է վերահսկեին ապրանքների հոսքը։ Հենց դրանով էլ զբաղվելու է շվեյցարական SGS-ը։ «Առևտրային միջանցնքները կարևոր են Հայաստանի համար» Նման համակարգը թույլ է տալիս կողմերին շրջանցել սահմանին բեռների մաքսային ձևակերպման նուրբ հարցն ու գործարկել Հարավային Օսիայի տարածքով անցնող ավտոմայրուղին, որը կարևոր է Հայաստանի համար՝ Լարսի ճանապարհի խնդրահարույց լինելու հանգամանքով պայմանավորված։ Այս տարվա փետրվարյան հանդիպումից հետո Գրիգորի Կարասինը մասնավորապես ասել էր․ «2011թ․ համաձայնագրի իրագործմամբ հետաքրքված են ոչ միայն Ռուսաստանն ու Վրաստանը, այլև Հայաստանը»։ Armtimes.com կայքի հետ զրույցում ռուսաստանցի քաղաքագետ, Կովկասի հարցերով փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը ասել է․ «Նախ Վրաստանը միակ պետությունն է, որը ցամաքային սահմանով կապում է Հայաստանը Եվրասիական տնտեսական միության հետ: Այս համաձայնությունը հնարավորություն է տալիս Հայաստանին շրջանցել մաքսային ձևակերպումների հետ կապված բավականին խրթին հարցերը, ինչպես նաև գործարկել Հարավային Օսիայի ավտոճանապարհը, քանի որ Վերին Լարսի ճակատագիրը մեծապես կախված է եղանակի քմահաճույքից»։ Մարկեդոնովի համոզմամբ՝ այս համաձայնության իրագործման դեպքում հնարավորություն կբացվի նաև Հայաստան-Ռուսաստան երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման համար: Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում