Գլխավոր Լրահոս

ԵԽԽՎ-ն կքննարկի Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը»

ԵԽԽՎ-ն կքննարկի Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը»
Հոկտեմբերի 11-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կքննարկի Ադրբեջանի «խավիարային դիավանագիտության» հարցը։ Ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv-ն գրում է, որ Ստրասբուրգում կայանալիք աշնանային նստաշրջանում ԵԽԽՎ-ն կներկայացնի Ադրբեջանի վերաբերյալ երկու զեկույց: Ուշագրավ է, որ ընդամենը մի քանի օր առաջ պաշտոնաթող եղավ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, որը հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ։ Առաջին զեկույցը` «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» անունով, պատրաստել են ԵԽԽՎ Ադրբեջանի գծով մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շեննախնի ու Սեսար Ֆլորին Պրեդան՝ Ադրբեջան կատարած այցելության արդյունքների հիման վրա: Երկրորդ զեկույցի հեղինակն է բելգիացի պատգամավոր Ալան Դեստեքսը։ Զեկույցը կրում է «Ադրբեջանի նախագահությունը Եվրախորհրդում. որո՞նք են մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում հետագա գործողությունները» անունը: Ալան Դեստեքսի զեկույցի նախագիծը, որով Ադրբեջանի իշխանություններին առաջարկվում է «խավիարային դիվանագիտության» հետ կապված կոռուպցիոն սկանդալի անկախ և անկողմնակալ հետաքննություն սկսել, հաստատվել էր սեպտեմբերի 6-ին ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից: «Խավիարային դիվանագիտություն» տերմինը վերաբերում է Ադրբեջանի լոբբիստական ռազմավարությանը, որը ներառում է օտարերկրյա քաղաքական գործիչներին և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին Ադրբեջանի հաշվին Ադրբեջան հրավիրելուն և նրանց տրված թանկարժեք նվերներին: Այս անգամ խոսքը ԵԽԽՎ-ում 2016 թ. ամռանը տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի մասին է։ Այն ժամանակ Իտալիայի Corriere della Sera թերթը հայտնեց, որ Միլանի դատախազությունը մեղադրում է իտալացի հայտնի քաղաքական գործիչ, ԵԽԽՎ-ում Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտային Ադրբեջանի ներկայացուցիչներից խոշոր կաշառք ստանալու մեջ: ԵԽԽՎ պատմության մեջ նման կոռուպցիոն սկանդալ առաջին անգամ էր ծագում։ Միլանի դատախազության տվյալներով՝ Վոլոնտեն ստացել էր 2.39 մլն եվրո՝ Ադրբեջանի պաշտոնատար անձանց աջակցություն հայտնելու համար։ 2016 թ. դեկտեմբերին Վոլոնտեն համաձայնել էր համագործակցել հետաքննության հետ և թվարկել եվրոպական բազմաթիվ քաղաքական գործիչների անուններ, որոնք ոչ անշահախնդրորեն առաջ էին տարել Ադրբեջանի լոբբիստական շահերը։ Հարցումների ժամանակ Վոլոնտեն հաստատել էր 2.39 մլն եվրո գումարի ստացումը՝ Ադրբեջանի օգտին լոբբինգի համար: Գումարը օգտագործվել էր իտալացիներին և այլ խորհրդարանականներին կաշառք տալու համար, ովքեր դեմ էին քվեարկել Ադրբեջանում մարդու իրավունքներերի խախտումները դատապարտող ԵԽԽՎ բանաձևերին։ Նախատեսվում է, որ հոկտեմբերի 11-ին կայանալիք լիագումար նիստում կքննարկվի Բելգիայի խորհրդարանի պատգամավոր Ալան Դեստեքսի զեկույցի բանաձևի նախագիծը: Բացի այդ, «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» (The Organized Crime and Corruption Reporting Project, OCCRP) հետաքննության արդյունքում ադրբեջանական իշխանությունները մեղադրվում են գաղտնի սխեմա ստեղծելու մեջ, որի միջոցով 2.9 մլրդ դոլար են «լվացել» Բրիտանիայում իրենց առնչվող ընկերությունների միջոցով, և մեծ գումարներ են վճարվել եվրոպական բարձրաստիճան քաղաքական գործիչների: Բաքվում նախագահին և նրա ընտանիքի անդամներին վերաբերող հրապարակումները հայտարարել են կողմնակալ և սադրիչ: Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում