Գլխավոր Լրահոս

Կառավարությունը ծրագրում է արևմտահայերենին հատուկ կարգավիճակ տալ

Կառավարությունը ծրագրում է արևմտահայերենին հատուկ կարգավիճակ տալ

Կառավարությունը նախատեսում է դիտարկել Հայաստանում արևմտահայերենին հատուկ կարգավիճակ տալու օրենսդրական հնարավորությունները։ Այս մասին նշված է գործադիրի հնգամյա՝ 2021-2026 թթ. գործունեության ծրագրում, որը հաստատվել է օգոստոսի 18-ի նիստին և դեռ պետք է արժանանա Ազգային ժողովի հավանությանը։ 

«Սփյուռքի հետ կապեր»-ի վերաբերյալ բաժնում առաջարկվում է «կազմակերպել  արևմտահայերենի պահպանությանն ուղղված կրթական և  գիտական միջոցառումներ, որոնց շնորհիվ ամրապնդվելու է արևմտահայերենի կարգավիճակը բարձրագույն կրթության, հանրակրթական և  լրացուցիչ ուսումնական ծրագրերում»: Այլ մանրամասներ այս գաղափարի վերաբերյալ ծրագրում չկա։

Սահմանադրությունը ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է: Գրական հայերենը ունի երկու ճյուղ՝ արևելահայերեն և արևմտահայերեն։ «Լեզվի մասին օրենքում» շեշտադրումն արվում է հենց գրական հայերենի խրախուսման ու տարածման վրա։ Մասնավորապես օրենքում ամրագրվել է, որ «Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է: Հայաստանի Հանրապետությունը նպաստում է ժամանակակից գրական հայերենի կանոնարկմանը, բառակերտման, տերմինաբանության (եզրաբանության), ուղղագրության, ուղղախոսության, տառադարձության և կետադրության կանոնարկման սկզբունքների մշակմանը: Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը»։ 

Լեզվի մասին ՀՀ օրենքը հատուկ չի նշում, թե գրական ո՛ր հայերենի մասին է խոսքը, թեև կարող է ինքնաբերաբար վերաբերել երկուսին էլ։

Ուշագրավ է, որ կառավարության 2019-ի ծրագրում նման դրույթ չկար։ Դրանում միայն ամրագրվել էր, որ «Կրթական և մշակութային քաղաքական առանցքային նպատակը պետք է լինի գրական հայերենի տարածումը, նախադպրոցական և դպրոցական ցածր տարիքի լսարանի համար հատուկ ծրագրերի (ուսումնական, ճանաչողական հաղորդումներ, ֆիլմեր, մուլտֆիլմեր և այլն) միջոցով գրական հայերենի (այդ թվում՝ արևմտահայերենի) իմացության ամրապնդումը Հայաստանում և սփյուռքում»: 

Արևմտահայերենի վերաբերյալ դրույթ էր ամրագրել նաև Սերժ Սարգսյանի կառավարությունը՝ 2017-2022-ի ծրագրում, սակայն օրենսդրական փոփոխությունների մասին նախկինում չի խոսվել։ Մասնավորապես նշվում էր, որ կառավարությունը նպատակ ունի «2018-2022 թվականների ընթացքում իրականացնել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, ստեղծել և տարածել արևելահայերեն և արևմտահայերեն ուսուցողական հոլովակներ, համայնքներին տրամադրել ուսուցողական ձեռնարկներ, դասագրքեր և այլ նյութեր՝ սփյուռքահայ երիտասարդների շրջանում հայերենի բավարար իմացության մակարդակի բարձրացման նպատակով»։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում