Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպմանը Միրզոյանը բարձրացրել է Գորիս-Կապան ճանապարհի փակման հարցը

Օգոստոսի 27-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է խորացնել և ընդլայնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ միջպետական օրակարգի բոլոր ուղղություններով, ինչն արձանագրված է նաև երեկ ընդունված կառավարության ծրագրում: Նշվել է, որ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում իրադարձությունների զարգացման դինամիկան առավել կարևոր է դարձնում հայ-ռուսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու անհրաժեշտությունը»,- տեղեկացնում է ԱԳՆ-ը։

Ըստ հաղորդագրության՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի ջանքերի կապակցությամբ՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրականացմանը:

«Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին, այդ թվում՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի փակմանը, Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն այդպիսով խաթարում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված իրավիճակի լիցքաթափմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Զրուցակիցները նաև քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունն ակտիվ ջանքեր կգործադրի` ուղղված կազմակերպության զարգացմանն ու ներուժի ամրապնդմանը»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել