Հայաստանի կառավարությունը որոշել է կրճատել ամանորյա տոների հետ կապված արձակուրդային օրերի քանակը։ Սեպտեմբերի 16-ին կառավարությունը հավանության արժանացրեց համապատասխան օրենքի նախագիծը։
Ըստ դրա՝ դեկտեմբերի 30-ը ներառյալ կլինի աշխատանքային, իսկ ազատ օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը։ Հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ն ու 7-ը կլինեն աշխատանքային, իսկ հունվարի 6-ը՝ Սուրբծննդյան օրը, ոչ աշխատանքային։
«Ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։
Տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա»,- նշված է էկոնոմիկայի նախարարության կողմից օրենքի հիմնավորումներում։
Ըստ նախարարության հաշվարկների՝ լրացուցիչ աշխատանքային օրեր ունենալու դեպքում համախառն ներքին արդյունքը կավելանա ավելի քան 88 միլիարդ դրամով։
Civilnet











