Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը սկսել է օգտագործել ՀՀ օդային տարածքը Նախիջևան չվերթների համար

Ադրբեջանը սկսել է օգտագործել ՀՀ օդային տարածքը Նախիջևան չվերթների համար

Ադրբեջանի ազգային ավիափոխադրողը՝ «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերությունը հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան չվերթներ իրականացնելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, ինչը համապատասխանում է սահմանամերձ բոլոր երկրների շահերին»,- նշվում է ադրբեջանական ավիաընկերության հայտարարությունում:

Ավիաընկերությունում նշել են, որ նոր երթուղու շնորհիվ կկրճատվի թռիչքի ժամանակը և վառելիքի ծախսը: «Ադրբեջանական ավիաուղիներ»-ում նաև ասել են, որ Հայաստանի և Իրանի տարածքով երթուղիները կօգտագործվեն զուգահեռաբար:

«Այսուհետ «Ադրբեջանական ավիաուղիներն» այդ չվերթն իրականացնելիս կկարողանա օգտագործել գոյություն ունեցող բոլոր օդային միջանցքները, այդ թվում՝ Հայաստանի և Իրանի տարածքով անցնող»,- ասված է ավիաընկերության հայտարարության մեջ:

Հոկտմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Իրանի իշխանությունները փակել են դեպի Նախիջևան օդային միջանցքը Ադրբեջանի ռազմատրանսպորտային ավիացիայի համար: Ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով պաշտպանական աղբյուրները, հայտնել են, որ արգելքը չի ազդի այդ էքսկլավում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումների մատակարարման վրա:

Ավելի ուշ սոցիալական ցանցերում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Թեհրանը փակել է իր օդային տարածքը նաև Բաքու-Նախիջևան ուղևորատար չվերթների համար: Այս տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել։

Ադրբեջանն ու Հայաստանը պաշտոնապես չեն փակել օդային տարածքն իրենց տարածքով երկու երկրների ավիաընկերությունների համար։ Այնուամենայնիվ, 90-ականների սկզբից Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով ադրբեջանական ավիափոխադրողները Հայաստանի օդային միջանցքներից չեն օգտվել, իսկ հայկական ավիափոխադրողները՝ Ադրբեջանի:

Տե՛ս նաև՝ Նախիջևանից Գյանջա թռիչք՝ Հայաստանի օդային տարածքով․ Nagorno Karabakh Observer-ի դիտարկումը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում