Գլխավոր Լրահոս

Ալավերդի․ բժշկական կենտրոնի վիրաբույժի անփութությունն ու տնօրենի բիզնես շահերը

Ալավերդի․ բժշկական կենտրոնի վիրաբույժի անփութությունն ու տնօրենի բիզնես շահերը

Սուր քարային խոլեցիստիտով հիվանդ ալավերդցի Գոհար Հովհաննիսյանին տասներեք օրվա ընթացքում վիրահատել են հինգ անգամ: Գոհար Հովհաննիսյանի լեղապարկի առաջին երկու վիրահատությունները կատարել է «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վիրաբույժ Գարիկ Դավիթավյանը: Գոհարին երեք անգամ վիրահատել է նաև Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբույժ Արա Վարդանյանը: Գոհարի զավակները՝ Արմեն և Քրիստինե Վարդանյանները, պնդում են, որ առաջին վիրահատության ժամանակ վիրաբույժ Դավիթավյանը լապարասկոպիկ սարքը օգտագործելիս երկու տեղից ծակել է մոր բարակ աղին, ինչը հաստատում են ՍիվիլՆեթին նրանց տրամադրած լուսանկարները, որոնք արել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբույժ Արա Վարդանյանը։ Հարազատների խոսքով՝ վիրաբույժ Դավիթավյանը Գոհար Հովհաննիսյանի առաջին վիրահատությունը սկսել է լապարասկոպիկ եղանակով, ապա անցել է բաց վիրահատության: 

Պետպատվերով պլանային վիրահատություն

Արմեն Վարդանյանը Նոյեմբերյանի Կոթի գյուղը ադրբեջանական դիրքերից պաշտպանող պայմանագրային զինծառայող է: Որդու զինվորական արտոնությունից օգտվելով՝ սոցիալապես անապահով Գոհար Հովհաննիսյանը նախորդ տարի դիմել էր Ալավերդու բժշկական կենտրոն՝ պետպատվերով վիրահատվելու համար: Նրան վիրահատության են կանչել հոկտեմբերի 11-ին: Ըստ բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանի հոկտեմբերի 19-ի թիվ 1670/308  էպիկրիզի՝ վիրահատությունից առաջ՝ հոկտեմբերի 8-10-ին, հետազոտված Գոհար Հովհաննիսյանի արյան մեջ հեմոգլոբինը կազմել է 138գ/լ, էրիտրոցիտները եղել են 4,2, լեյկոցիտները՝ 6,1, կրեատինինը՝ (ազոտը) 102,0 մկմոլ/լ, ընդհանուր բիլիռուբինը՝ 13,4մկմոլ/լ, գլյուկոզան՝ 5,6, պրոդրոմինի ինդեքսը՝ 84 տոկոս: Սոնոգրաֆիայով լեղապարկը լցված է եղել բազմաթիվ քարերով: 

Գոհար Հովհաննիսյանի վիճակը վիրահատությունից հետո

Հարսի՝ Անուշ Ամիրաղյանի խոսքով՝ վիրահատության առաջին երկու օրերին Գոհարը ակտիվ չի եղել: Երրորդ օրը տեսակցության եկած Քրիստինեն նկատել է, որ մայրը կերածը հետ է տալիս, ուժեղ գլխացավեր ունի, ճնշումը տատանվում է, ռեակցիան թույլ է: Այդ մասին Քրիստինեն հոկտեմբերի 14-ին հայտնել է վիրաբույժ Դավիթավյանին, որն էլ անուշադրության է մատնել ահազանգը: 

«Լավ է ձեր մայրը, քայլում է, հաջորդ օրը դուրս կգրենք»,- պատասխանել է նա: 

Գոհար Հովհաննիսյանի դուստրը՝ Քրիստինեն

Հոկտեմբերի 14-ին հանվել է Գոհարի որովայնի դրենաժային խողովակը, իսկ  հոկտեմբերի 15-ին նրան դուրս են գրել հիվանդանոցից: «Հոկտեմբերի 15-ին սկեսուրս ոտքի վրա երկար չէր կարողանում կանգնել, բայց բժիշկ Դավիթավյանը դուրս գրեց նրան»,- ասում է Անուշը: Հոկտեմբերի 15-ին նստած վիճակում Գոհարի՝ հանված դրենաժային խողովակի որովայնի անցքից սկսվել են լեղու, կղանքի և ջրի հոսքեր: Անուշը պատմում է, որ հերթապահ բուժքույրը որովայնի անցքի շրջակայքը մաքրելուց հետո Գոհարին հանգստացրել է, թե՝ նորմալ է ամեն ինչ: Հիվանդանոցից դուրս գրվելու նույն օրվա գիշերը՝ ժամը 12։00-ի սահմաններում, Գոհարի մոտ որովայնային սուր ցավեր են սկսվել:

Վիրաբույժ Դավիթավյանը հիվանդանոցից դուրս է գրել պերիտոնիտի ախտանիշներով հիվանդին

Հոկտեմբերի 16-ի կեսգիշերին՝ ժամը 1։00-ին, շտապ օգնության մեքենայով Գոհարին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ կատարված սոնոգրաֆիայով նրա մոտ ախտորոշվել է պերիտոնիտ: 

Ըստ Մոսինյանի էպիկրիզի՝ մինչև երկրորդ վիրահատությունը Գոհար Հովհաննիսյանի մոտ կրեատինինը (ազոտը) 102.0մկմոլ/լ –ից  չորս օրվա ընթացքում բարձրացել է 285 մկմոլ/լ-ի: Վիրաբույժ Դավիթավյանը այդ պահին Գոհարի մոտ գտնվող միակ հարազատին՝ Անուշին, հայտնել է, որ սկեսուրին անհետաձգելի կարգով երկրորդ անգամ է վիրահատելու, քանի որ առաջին վիրահատության ժամանակ աղիքը ծակվել էր: 

Երկրորդ վիրահատությունից հետո բժիշկ Դավիթավյանը Անուշին տեղյակ է պահել, որ սկեսուրի վիճակը շատ ծանր է: Ըստ վերոնշյալ էպիկրիզի՝ բժիշկ Դավիթավյանը երկրորդ վիրահատության ժամանակ Գոհարի մոտ ախտորոշել է աղիճ աղու տրոֆիկ խոց պերֆորացիայով, տարածուն լեղաֆիբրինային պերիտոնիտ, ուղեկցվող երիկամային անբավարարություն: Կատարվել է պերֆորատիվ անցքի կարում, որովայնային խոռոչի դրենավորում: Քրիստինեն հիշում է, որ Դավիթավյանը երկրորդ վիրահատությունից հետո իրեն բացատրում էր, թե մայրը ուղիղ աղիքի վրա խոցեր է ունեցել՝ «էդպես էլ տարել եք տուն՝ պայթել է»։ «Բայց նա երկու անգամ վիրահատել է մորս, թող լուծեր այդ խոցերի հարցը»,- ասում է Քրիստինեն: 

Բժիշկը խաբել է հիվանդի հարազատներին  

Արմեն Վարդանյանի խոսքով՝ առաջին վիրահատությունից հետո բժիշկ Դավիթավյանը իրեն հայտնել է, թե լեղապարկը հեռացնելիս մոր լյարդից մի փոքր հատված է պոկվել, որի արյունահոսությունը թույլ չտալու համար կարել է այն: 

Արմենի ասելով՝  այս փաստը հերքվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ «Ես հիվանդի լյարդի վրա որևէ կար չեմ տեսել»,- Արմենին ասել է վիրաբույժ Արա Վարդանյանը: Երկրորդ վիրահատությունից հետո բժիշկ Դավիթավյանը ճարահատյալ՝ Արմենին խոստովանել է, որ առաջին վիրահատության ժամանակ մոր աղիքը ծակված է եղել: «Հետն էլ բացատրեց, թե երևի աղիքը բարակած է եղել, հնարավոր է՝ հիվանդանոց բերելիս ճանապարհին է ծակվել»,- պատմում է  Արմենը: 

«Ես վիրաբույժ Դավիթավյանին ասացի՝ մամայիս դու ես այս վիճակին հասցրել, դու էլ քո ծախսերով նրան կտանես Երևան՝ բուժման»,- պատմեց Քրիստինեն։

Գոհար Հովհաննիսյանին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն

Հոկտեմբերի 19-ին հարազատների ճնշմամբ վիրաբույժ Գարիկ Դավիթավյանը և անեսթեզիոլոգ Հովիկ Ավետիսյանը ծայրահեղ ծանր վիճակում Գոհար Հովհաննիսյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ, Քրիստինեի ասելով, վիրաբույժ Դավիթավյանը վճարել է 800 հազար դրամ Գոհարի բուժման համար։

«Ո՞նց կարող էր նա վճարել այդ գումարը, եթե վստահ չլիներ, որ մորս ծանր վիճակը իր խոտան վիրահատության արդյունքն  է»,- ասում է Քրիստինեն: Վիրաբույժ Արա Վարդանյանը Արմենին և Քրիստինեին հայտնել է իրենց մոր ծայրահեղ ծանր վիճակի մասին: «Ասաց՝ 99 տոկոսով մայրս չի ապրի, մեկ տոկոս է ապրելու երաշխիքը»,- հիշում է Քրիստինեն:  

Էրեբունիում բժիշկը Գոհարին երրորդ անգամ վիրահատելու համաձայնություն է պահանջել հարազատներից: Քրիստինեի խոսքով՝ մեկ տոկոսի հույսով մոր երրորդ վիրահատության համաձայնություն են տվել: Մեկ ժամ տևած վիրահատությունից հետո վիրաբույժ Վարդանյանը հարազատներին ցույց է տվել Գոհարի  մասնահատված բարակ աղին: «Բարակ աղու մեկ անցքը Դավիթավյանը կարել էր, բայց այդ մասին մեզ ոչինչ չէր ասել»,- հայտնեց Քրիստինեն: 

Վիրաբույժ Վարդանյանը նկարահանել է իր կատարած երրորդ վիրահատության ընթացքը և Գոհար Հովահաննիսյանի որովայնում տիրող վիճակի տեսանյութը ցույց է տվել Արմենին և Քրիստինեին: Արա Վարդանյանը նաև հարազատներին բացատրել է, որ մինչև լեղապարկի առաջին վիրահատությունը Գոհարի լյարդը, պանկրեատը, փայծաղը և երիկամները լավ վիճակում են եղել: Երրորդ վիրահատությունից հետո Արա Վարդանյանը Գոհար Հովհաննիսյանի մոտ ախտորոշել է բարակ աղու պերֆորացիաներ (անցքեր), տարածուն կղանքաթարախային պերիտոնիտ, որովայնի առաջային պատի ֆլեգմոնա: 

Արա Վարդանյանը Գոհարի մասնահատված բարակ աղին պաթոհյուսվածքաբանական հետազոտության է ուղարկել Դավիդյանց լաբորատորիաների պաթոլոգիայի լաբորատորիա: Թիվ 11881/21 պաթոհյուսվածքաբանական հետազոտության ախտորոշմամբ՝ Գոհար Հովհաննիսյանի բարակ աղու նմուշներում հայտնաբերվել է ակտիվ (ֆիբրինոզ-թարախային) բորբոքում՝ մեռուկի տեղամասերով, մասնահատված  ճարպոն՝ մեռուկի, ակտիվ (ֆիբրինոզ թարախային) բորբոքում հյուսվածաբանական  բնութագրերով: Այս ախտորոշմամբ էլ հիվանդը  հոկտեմբերի 24-ին մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: 

ՍիվիլՆեթը կապ հաստատեց Արա Վարդանյանի հետ, վերջինս խորհուրդ տվեց Գոհար Հովհաննիսյանի մահվան մանրամանսների մասին ավելի հանգամանալից տեղեկանալու համար գրավոր դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրինությանը: ՍիվիլՆեթի՝ հունվարի 10-ի գրավոր հարցմանը կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը գրավոր հրաժարվել է պատասխանել: 

Ալավերդու հիվանդանոցը խուսափում է պատասխաններ տալուց

Մոսինյանի էպիկրիզում Գոհար Հովհաննիսյանի երկրորդ վիրահատությունից հետո նշված «տրոֆիկ խոց» ախտորոշումը վիճահարուց է: Այստեղ իր եզրակացությունը պետք է տա փորձագետը: 

Հոդվածում բերված փաստերի մասին ՍիվիլՆեթը փորձեց զրուցել վիրաբույժ Դավիթավյանի հետ: «Միայն գրավոր»,- նրա փոխարեն պատասխանեց ԲԿ-ի փոխտնօրեն, անեսթեզիոլոգ Հովիկ Ավետիսյանը: 

ՍիվիլՆեթի՝ դեկտեմբերի 21-ի գրությանը Ալավերդի բժշկական կենտրոնից նույնպես չպատասխանեցին՝ պատճառաբանելով, թե «ձեռագիր է գրված գրությունը»: 

Թեև Գոհար Հովհաննիսյանի մահից անցել է երեք ամիս, ալավերդցիները չեն մոռացել բժշկական սխալների զոհ դարձած այս կնոջ պատմությունը: Վիրահատության այս դեպքից հետո մարդիկ ոչ միայն բժշկական կենտրոնի, այլև ԲԿ տնօրեն Մոսինյանի՝ դագաղի և դիահերձարանի բիզնեսի մասին հեգնանքով են խոսում: 

Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենը՝ դագաղի բիզնեսի մենաշնորհատեր

Մոսինյանը բժշկական կենտրոնի ախտաբանա-անատոմիական բաժանմունքի դարպասի մուտքից ավտոմեքենայով դիակը դիահերձարանի մոտքին մոտեցնելու համար հինգ հազար դրամ վճար է սահմանել: Դիահերձարանը դարպասից հազիվ հինգ մետր է հեռու: 

Դիահերձարանի մուտքը

Չվճարելու դեպքում հարազատները դիակը ձեռքով են տեղափոխում դիահերձարան: Ալավերդու բժշկական կենտրոնը, այդ թվում՝ կենտրոնի ախտաբանա-անատոմիական բաժանմունքը, 100 տոկոսով պետական սեփականություն են և աշխատում են Լոռու մարզպետարանի ենթակայությամբ: 

Չես վճարել՝ ձեռքով տար դագաղը

Բաժանմունքը սպասարկում է տարածաշրջանի 31 բնակավայրեր: Հունվարի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, դիահերձարանի դարպասի մոտ ինձ մոտեցան մի խումբ ալավերդցիներ. «Զոքանչիս ենք բերել հերձման, 92 տարեկան է: Դարպասի դուռը  մեր ավտոմեքենայի առաջ չբացեցին, հանգուցյալին ձեռքով ենք տարել դիահերձարան»,- ասաց ալավերդցի Սամվել Սիմոնյանը: Վերջինս զոքանչի դագաղը Մոսինյանի սգո սրահից չէր գնել և չէր վճարել դիահերձարան դիակի մուտքի հինգ հազար դրամը: «Ձեռքով էլ դիակը պետք է տեղափոխենք ավտոմեքենա»,- դժգոհեցին հանգուցյալի հարազատները:

Ալավերդցիները գտնում են, որ վաղուց ժամանակն է՝ Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում Մոսինյանին փոխարինի բնակչության առողջության համար հոգացող մասնագետ: 

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում