Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման վերաբերյալ։ Հարությունյանը «Արցախի իշխանությունների ու ժողովրդի անունից» ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը:
Ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք:
Անկախ պետականության կերտումը և նրա միջազգային ճանաչումը հրամայական է դառնում հատկապես գոյաբանական վտանգների ներքո, քանի որ այն բավականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արյունահեղության և մարդասիրական աղետի կանխարգելման համար:
Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար և ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով: Ուստի, համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը:
Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։ Հուսով ենք, որ երբեմնի ծաղկող այս երկրամասում կրկին կվերահաստատվի ամուր խաղաղություն և կայունություն»,- ասված է Արցախի նախագահի հայտարարությունում։
***
Փետրվարի 21-ի հատուկ տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու որոշման մասին։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել էին ուղերձից հետո։
https://civilnet.am/news/651039/%d5%ba%d5%b8%d6%82%d5%bf%d5%ab%d5%b6%d5%a8-%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b9%d5%a5%d6%81-%d5%ac%d5%b8%d6%82%d5%a3%d5%a1%d5%b6%d5%bd%d5%af%d5%ab-%d6%87-%d5%a4%d5%b8%d5%b6%d5%a5%d6%81%d5%af%d5%ab-%d5%ab%d5%b6%d6%84%d5%b6%d5%a1%d5%b0%d5%bc%d5%b9%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/
Civilnet











