Գլխավոր Լրահոս

ԿԲ-ն Հայաստանում տնտեսական աճի կտրուկ դանդաղում է կանխատեսում

ԿԲ-ն Հայաստանում տնտեսական աճի կտրուկ դանդաղում է կանխատեսում

Հայաստանի տնտեսության վրա Ռուսաստանի դեմ կիրառվող արևմտյան պատժամիջոցները կարտահայտվեն տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղմամբ: Այս մասին մարտի 15-ին ասուլիսին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալաստյանը` նկատելով, որ առավել մեծ անկում սպասվում է արդյունաբերության ճյուղում`-4,7 տոկոս:

Համաձայն ԿԲ կանխատեսման՝ Հայաստանում տնտեսական աճը կտրուկ դանդաղելու է` նախկինում գլխավոր բանկի կանխատեսած 5,3 տոկոս աճից իջնելով 1,6 տոկոսի 2022-ի համար: 2022-ի պետական բյուջեի հիմքում դրված է 7 տոկոս աճի կանխատեսումը: 

Բացի արդյունաբերությունից, ըստ ԿԲ-ի կանխատեսման, էապես կտուժի շինարարության ոլորտը, որի աճը 2022-ին կլինի 7 տոկոսի սահմանում՝ նախկինում կանխատեսվող 16,8 տոկոսի դիմաց:

ԿԲ-ն ընթացիկ տարում դրական տեղաշարժ է ակնկալում հիմնականում զբոսաշրջության ոլորտում` պայմանավորված կորոնավիրուսի համավարակի սահմանափակումների վերացմամբ: 

Ռուս-ուկրաինական առճակատումը, որին զուգահեռ ընթանում է ֆինանսատնտեսական կոշտ համակարտություն Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ունենալու է հեռուն գնացող գլոբալ տնտեսական բացասական հետևանքներ, կարծում են ԿԲ-ում։

«ԱՄՆ-ում և եվրոգոտում ընթացիկ տարում կանխատեսվում է տնտեսական աճի տեմպերի դանդաղում, իսկ Ռուսաստանում՝ տնտեսական անկում: Միաժամանակ, մատակարարման շղթաների դիտարկվող խաթարումները միջազգային ապրանքահումքային շուկաներում առաջացրել են գների զգալի աճ։ Սա արտահայտվում է գործընկեր երկրներում սպասվածի համեմատ ավելի բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ: 

Արդյունքում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է հիմնականում գնաճային ազդեցություն։ Ըստ Մարտին Գալաստյանի՝ հենց գնաճային սպասումների զսպման նպատակով ԿԲ խորհուրդը մարտի 15-ին որոշել է վերաֆինանսավորման տոկոսոադրույքը բարձրացնել 1,25 տոկոսով` ահմանելով 9,25 տոկոս:

Ռուսաստանում տնտեսական անկումը բերելու է նաև այդ պետությունից Հայաստան դրամական փոխանցումների էական նվազման: «Ըստ նախնական գնահատականի՝ մասնավոր դրամական փոխանցումները Ռուսաստանից կարող են նվազել 20 տոկոսով»,- ասաց Գալաստյանը: 

Հարցին՝ արդյոք Հայաստանի վրա կա՞ ճնշում միանալու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, Գալստյանը պատասխանեց. «Հայաստանը հետևելու է սանկցիոն ռեժիմին: Մենք դրա որոշակի փորձն ունենք: Մեր հիմնական առաքելությունն է անաղարտ պահել Հայաստանի ֆինանսական համակարգը»:

ԿԲ ղեկավարությունը տեղեկացրեց, որ ՀՆԱ-ի աճի նոր կանխատեսման մեջ հարկաբյուջետային քաղաքականության հնարավոր փոփոխություն նախատեսված չէ: «Այս կանխատեսման մեջ ներառված է մինչև այս շոկն առկա հարկաբյուջետային քաղաքականությունը: Հետևաբար կախված նրանից՝ այն ինչպես կփոփոխվի, կլինի խթանող, թե հակառակը, կարտացոլվի ՀՆԱ-ի մեջ»,- ասաց ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբերկյանը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում