Ըստ ԱԱԾ-ի՝ Երևանում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադիր են դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը, խաթարել հասարակական կարգն ու անվտանգությունը»,- ասված է հայտարարությունում։
Ծառայությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին տուրք չտալ սադրանքներին, զերծ մնալ հակաօրինական քայլեր կատարելուց։
«Ազգային անվտանգության ծառայությունը խստորեն նախազգուշացնում է հավաքի կազմակերպիչներին և դրանց մասնակիցներին՝ ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց՝ հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրելու են դրանց կազմակերպիչները»,- նշված է ԱԱԾ հայտարարության մեջ։
***
«Դիմադրության» շարժման ցուցարարները երրորդ օրն է՝ անհնազանդության գործողություններ են իրականացնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության գործողություններին մասնակցում են ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։
Այսօր` մայիսի 4-ին, խորհրդարանում Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխան է լինելու, և սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը խորհրդարան: Ընդդիմությունն իր աջակիցներին կոչ է արել 15:30 հավաքվել Երևանի Ֆրանսիայի հրապարակում․ «ԱԺ-ում տեղի է ունենալու Կառավարության հետ հարցուպատասխան։ Ժամը 16։00-ին Նիկոլը գալու է Ազգային ժողով։ Մենք պետք է լինենք այս հրապարակում՝ իր հրաժարականի հանրային պահանջը ներկայացնելու համար։ Վաղը ձեր ներկայությունը շատ կարևոր է»,- հայտարարել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Civilnet











