Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները մայիսի 24-ին հանդես են եկել հայտարարությամբ՝ մայիսի 22-ին Բրյուսելում եռակողմ հանդիպման վերաբերյալ։ Նույն օրը Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները նամակով դիմել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին՝ անհրաժեշտ համարելով մայիսի 25-ին հրատապ կարգով հրավիրել ԱՀ Անվտանգության խորհրդի նիստ՝ օրակարգում ներառելով բրյուսելյան հանդիպումից հետո ստեղծված կացությունը և մեր անելիքները: Արցախի խորհրդարանական ուժերի հայտարարությունը՝ ստորև։
«Արցախի ժողովրդի և իշխանությունների հավաքական դիրքորոշումը ներկայացվել է ս.թ. ապրիլի 14-ի Ազգային ժողովի հայտարարությամբ` վերահաստատելով, որ միջազգային հարթակներում ընթացող քննարկումների ու բանակցությունների օրակարգերը մեզ համար ընդունելի են միայն վերոնշյալ հայտարարությամբ ազդարարված դրույթների հետ համադրելիության դեպքում:
Բրյուսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդյունքները ներկայացնող Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու և 30-ամյա բանակցային գործընթացում կուտակած ժառանգությունը խեղաթյուրելու տեսանկյունից: Առաջին անգամ բանակցային խոսույթում փորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական և աշխարհագրական հասկացությունից, և շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը: Այս ամենը լիովին համահունչ է Բրյուսելի հանդիպումից առաջ և, ընդհանրապես, վերջին շրջանում Ադրբեջանի վարչախմբի կողմից տարածվող թեզերին ու վկայում է Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական ուղեգծի նահանջի մասին:
https://civilnet.am/news/662441/%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%a1%d5%ac%d5%ab%d6%87%d5%a8-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%af%d5%b8%d5%b4%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d5%af%d5%a1%d6%81%d5%ab%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d6%83%d5%a1%d5%af%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b7%d5%b8%d6%82%d6%80%d5%bb%e2%80%a4-%d5%b7%d5%a1%d5%bc%d5%ac-%d5%b4%d5%ab%d5%b7%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8/Եվրոպական խորհրդի դերակատարությունը արագացված տեմպերով Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության դարաշրջան» բացելու գործում կարելի էր հասկանալ, եթե նույնպիսի հետևողականությամբ արձագանքվեր 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Անվտանգության ու իրավունքների պաշտպանության մասին շեշտադրումը 44–օրյա պատերազմի ընթացքում ինչ-որ չափով ընկալելի կարող էր լինել իր ինքնիշխանությունը պաշտպանող Արցախի ժողովրդի համար:
Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ համաձայն որի «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»:
Ե´վ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները: Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը:
Մենք գտնվում ենք պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջև, և ոչ ոք չի կարող խուսափել սերունդների առաջ պատասխանատվություն կրելուց:
Ստեփանակերտ 24 մայիսի, 2022թ.
«Ազատ Հայրենիք- ՔՄԴ»
«Արդարություն»
«Հայ հեղափոխական դաշնակցություն»
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»
Civilnet











