Եվրախորհրդարանը կոչ է անում դիտարկել Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը

բիձինա իվանիշվիլի

Բիձինա Իվանիշվիլի, լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media:

Շոթա Կինչա, OC Media

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով ԵՄ-ին կոչ է անում դիտարկել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ կապված Վրաստանում լրատվամիջոցների ազատության վիճակի վատթարացման հետ:

Բանաձևը հավանության է արժանացել 308 կողմ, 218 դեմ ձայներով։ Այն ներկայացրել են խորհրդարանական հինգ խմբեր՝ «Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինքը», Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցությունը, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, «Նորացնել Եվրոպան» կուսակցությունը և «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքը»:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը քննադատությունների մեծ մասի թիրախում էր, «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք»-ի անդամ է։

Բանաձևում ընդունված փոփոխությունները, որոնք նախաձեռնել էին Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, «Նորացնել Եվրոպան» ու Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցությունները, ԵՄ-ին և ժողովրդավարական այլ երկրներին կոչ են անում դիտարկել անձամբ Բիձինա Իվանիշվիլիին պատժելու հարցը՝ Վրաստանի քաղաքականության և տնտեսության մեջ նրա «կործանարար դերի» համար:

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն արագ դատապարտել է բանաձևը՝ հայտարարելով, որ այն ոչ մի արժեք չունի։ Կոբախիձեն նաև հայտարարել է,որ համաձայն չէ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա վաղեմի դաշնակից Նիկա Գվարամիայի բանտարկության համար հնչող քննադատության հետ։

Բանաձևը նաև կոչ է անում վրացական իշխանություններին «վերանայել» Գվարամիայի դատավճիռը և մարդասիրական նկատառումներից ելնելով բանտից ազատ արձակել ինչպես նրան, այնպես էլ նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիին, որպեսզի վերջինս հնարավորություն տրվի պատշաճ բուժօգնություն անցնել արտերկրում։

Կոբախիձեն պնդել է, որ բանաձևի տեքստը «ոչ մի կապ չունի եվրոպական արժեքների հետ» և «փաստացի անհամապատասխանություններ» և «ստեր» է պարունակում։

«Չափազանց տագնապալի է, որ Եվրոպական միության նման բարձր մակարդակի կառույցը դարձել է աշխարհի ամենավատ պատուհասներից մեկի՝ այսպես կոչված «ֆեյք»-ի զոհը»,- հինգշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ դժգոհել է Կոբախիձեն։

ԵՄ թեկնածության հույսեր

Վրաստանում ժողովրդավարության հետընթացը քննադատող բանաձևն ընդունվել է Ուկրաինայում, Մոլդովայում և Վրաստանում լարված իրավիճակի և սպասումների ֆոնին․ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո այս երեք երկրներն էլ պաշտոնապես դիմել են ԵՄ անդամակցության համար: ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու որոշումը պետք է միաձայն հաստատվի ԵՄ անդամ բոլոր 27 երկրների կողմից։

Երեք երկրների համար այս ամսվա վերջին սպասվող վճռորոշ որոշման նախաշեմին, ենթադրություններ են արվում, որ նույնիսկ Ուկրաինային կարող է արվել առաջարկ, որը ամբողջական թեկնածությունից պակաս կարգավիճակ կենթադրի։

ԵՄ խորհրդի՝ հունիսի 23-24-ը նախատեսված նիստից առաջ արված համատեղ հայտարարությունում Եվրախորհրդարանի խմբակցությունների ղեկավարները ԵՄ անդամակցության երեք հավակնորդների թվում Վրաստանն առանձնացրել են որպես թեկնածուի կարգավիճակ ստանալու պակաս արժանի երկիր:

Նրանք «խստորեն կոչ էին արել» ԵՄ անդամ երկրներին «ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրել Ուկրաինային և Մոլդովայի Հանրապետությանը»։

Հայտարարությունը, որում Վրաստանը հիշատակվում է առանձին, կոչ է անում «աշխատել Վրաստանին նույն կարգավիճակ տրամադրելու ուղղությամբ՝ իրականացնելով վրաց ժողովրդի լիիրավ ձգտումները»։

ԵՄ-ի հետ ցամաքային սահման չունեցող և տարածքային երկու հակամարտություն ունեցող Վրաստանում Եվրախորհրդարանի բանաձևը էլ ավելի է սաստկացրել պնդումները, թե «Վրացական երազանքը» խաթարում է երկրի ԵՄ հեռանկարները:

Կուսակցությունը, որը երկիրը ղեկավարում է ավելի քան ինը տարի, վերջին տարիներին բախվել է աճող քննադատության՝ ինստիտուցիոնալ, այդ թվում՝ դատական համակարգի բարեփոխումներից հետ կանգնելու և քաղաքական դրդապատճառներով մի շարք հետապնդումների և ազատազրկումների պատճառով երկրի համբավը արատավորելու համար:

Այդպիսի հետապնդումների թարմ օրինակ է նախկին պաշտոնյա և ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվարամիայի աղմկահարույց բանտարկությունը: Հունիսի 8-ին Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան դատավճիռը որակեց որպես «ըստ էության անհիմն» և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ արեց ներում շնորհել Գվարամիային։

Հունիսի 9-ի ԵՄ բանաձևը «դատապարտում» է Գվարամիայի բանտարկությունը՝ հավելելով, որ այն «ընդգծում է վրացական դատական համակարգի նկատմամբ առկա մշտական անվստահությունը»։

Բանաձևում հիշատակվում են նաև 2021 թ. հուլիսի 5-ին ակտիվիստների և լրագրողների նկատմամբ զանգվածային բռնությունները, ինչպես նաև այն, որ բռնության կազմակերպիչների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։

Այն նաև քննադատում է անվտանգության ծառայությունների կողմից լրագրողների զանգվածային վերահսկումը և Թբիլիսիում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի առևանգումը։

Բանաձևում նաև նշվում է «Լելո» կուսակցության հիմնադիր Մամուկա Խազարաձեի, «Փիրվելի» և «Ֆորմուլա» անկախ հեռուստաընկերությունների հիմնադիրների դեմ հարուցված քրեական գործերի մասին։

Մեկնաբանել