Գլխավոր Լրահոս

Տեղում սահմանի ճշգրտման առումով իրավիճակը բարելավվել է, բայց 5 կմ-ում աշխատանքները շարունակվում են. Փաշինյան

Տեղում սահմանի ճշգրտման առումով իրավիճակը բարելավվել է, բայց 5 կմ-ում աշխատանքները շարունակվում են. Փաշինյան

Կառավարության ապրիլի 6-ի նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախորդ օրը Լաչինի միջանցքում տեղի է ունեցած հերթական միջադեպին, երբ Արցախի մի խումբ քաղաքացիների, որոնք Գորիսից ուղևորվելիս են եղել Ստեփանակերտ, կրկին թույլ չի տրվել վերադառնալ իրենց տներ։

«Այս փաստագրված պատմությունը ևս մեկ անգամ ի ցույց է դնում նախկինում այս առիթով մեր հնչեցրած գնահատականները և այդ գնահատականներն առավել սրվում են Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ին կայացրած որոշման ֆոնին, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր գործողությունները Լաչինի միջանցքի գործունեությունը լիարժեք վերականգնելու համար։ Նախորդ օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ Միջազգային դատարանի վճիռը չի կատարվում, և մենք պետք է շարունակենք սրանից բխող մեր միջազգային դիվանագիտական ջանքերը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը արձանագրեց, որ հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված։ Արցախի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները շարունակում են մնալ դադարեցված։

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև միջանցքի երթուղու փոփոխության ընթացքում ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածքում դիրքավորվելու խնդրի մասին։ Մասնավորապես, Հայաստանը Լաչինի միջանցքին կապող նոր Կոռնիձոր-Տեղ ճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կմ-անոց հատվածի պահպանությունը պետք է ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը։ Մինչ այդ սահմանի նշված հատվածի պահպանություն չէր իրականացվում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից։

«Սահմանի պահպանության ստանձնման ժամանակ որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել էր ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ։ Որոշ տեղերում ադրբեջանական կողմը դիրքավորվել և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ Հայաստանի տարածքում։ Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։ 12 կմ-ից 7-ում տեղակայման կետերը հստակեցվել են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»,- հայտնեց նա։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի տրամադրվածությունը շարունակում է մնալ իրավիճակի էսկալացիայից խուսափելը։

«Համաշխարհային այս անկայուն և անորոշ միջավայրում մեզ հարկավոր են ամուր նյարդեր և զսպվածություն՝ տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար»,- նշեց վարչապետը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում