Գլխավոր Լրահոս

Հայաստանն ու Ադրբեջանը Բրյուսելում վերահաստատել են՝ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը

Հայաստանն ու Ադրբեջանը Բրյուսելում վերահաստատել են՝ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում` ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ հնգակողմ և հուլիսին` Բրյուսելում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումների շրջանակում:

Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Ղեկավարները հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քկմ) ու Ադրբեջանի (86,600 քկմ) տարածքային ամբողջականությանը: Սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով։ Այս համատեքստում առաջնորդները պայմանավորվել են սահմանային հարցերի շուրջ վերսկսել երկկողմ հանդիպումները»,- ասել է նա։

Եվրոպական խորհրդի նախագահի խոսքով՝ հանդիպմանը առաջընթաց է գրանցվել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված քննարկումներում։ Մասնավորապես, կողմերի դիրքորոշումներն «այժմ շատ մոտ են դեպի Նախիջևան երկաթուղային կապերի վերաբացման վերաբերյալ»։

«Մենք շարունակել ենք մտքեր փոխանակել նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդրի վերաբերյալ։ Ես հորդորել եմ Ադրբեջանին ներգրավվել դրական օրակարգ ձևավորելու մեջ՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ ապահովելու այդ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Ես նաև բարձրացրել եմ Բաքվի ու այս բնակչության միջև թափանցիկ ու կառուցողական երկխոսության անհրաժեշտության հարցը»,- նշել է Շառլ Միշելը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում