Գլխավոր Լրահոս

Ինչպես ընկավ Շուշին․ Փաշինյանի բացատրությունները Քննիչ հանձնաժողովում

Ինչպես ընկավ Շուշին․ Փաշինյանի բացատրությունները Քննիչ հանձնաժողովում

Գևորգ Թոսունյան

Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի կեսերից հետո, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հասկանալով, որ Շուշիի անկյունաքարային նշանակությունն էլ ավելի է ընդգծվել՝ «բոլոր հրահանգները Շուշին ամրացնելու, պաշտպանությունը կազմակերպելու վերաբերյալ էր»։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե այս ամենից հետո ի վերջո «հաստատվել է տպավորություն, որ ամեն անհրաժեշտն արված է»։

Տե՛ս նաև՝ Ինչու պատերազմն ավելի վաղ չկանգնեցվեց, ինչպես հասանք նոյեմբերի 9-ին․ Փաշինյանը՝ Քննիչ հանձնաժողովում

«Բայց այդ, նախապատրաստական գործողություններից շատ չանցած լուր եկավ, թե ադրբեջանցիների մի խումբ Զառիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունն ու կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին, այսինքն՝ ըստ էության փակել ճանապարհը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս լուրն իրեն հայտնել է Արցախի նախագահը, սակայն Զինված ուժերի գլխավոր շտաբը չէր հաստատում այդ տեղեկությունը։

«Սա, ի դեպ, պատերազմի ընթացքում արդեն մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ Լեռնային Ղարաբաղի նախագահը լուր էր հայտնում, գլխավոր շտաբը չէր հաստատում, այնուհետև որոշ ժամանակ անց հաստատում էր այդ տեղեկությունը։ Այս անգամ էլ այդպես եղավ, երբ տեղեկություն ստացանք, որ ադրբեջանական ուժերը ճանապարհից կրակել են քաղաքացիական մեքենայի վրա»։

Ըստ վարչապետի՝ «այս կետից սկսվեց Շուշիի սողացող անկում»։

«Շուշիից անհանգստացնող լուրեր էին գալիս, որ քաղաք ադրբեջանական առաջին խումբն է մտել, հետո երկրորդն ու այդպես շարունակ։ Ի վերջո, նոյեմբերի 7-ի կեսօրին Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին»,- ասաց Փաշինյանը։ Փաշինյանը, ի դեպ, նոյեմբերի 9-ի երեկոյան իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, թե «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։

«Սա ծանր լուր էր ինձ համար, որովհետև բոլոր խոսակցություններում ասել էի, որ Շուշին պետք է պահվի։ Առաջին արձագանքս հետևյալն էր՝ կատարեք՝ ինչ խոստացել եք։ Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագրոհների մասին, հետո ասացին, որ Շուշիում են։ Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահն ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանն ամփոփեց` եռակողմ հայտարարության ստորագրումից երկու օր անց, երբ վերադարձավ լիարժեք աշխատանքի, իրեն ասացին, թե Շուշիում ոչ մի զինվոր չունեն։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում