«Չոր նավահանգստի» տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը կանի նիդեռլանդական ընկերություն

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck, #խոստմնացույց
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2023-ի հունվարին հայտարարեց, որ Շիրակի մարզում ստեղծվելիք չոր նավահանգստի տեխնիկատնտեսական հաշվարկների փուլը կավարտվի մոտակա վեց ամիսների ընթացքում։ Նախարարն այն ժամանակ հույս հայտնեց, որ մինչև 2023-ի տարեվերջ կգտնվի ներդրող միջազգային ընկերություն, որը կկառուցի չոր նավահանգիստը։
#CivilNetCheck-ն էկոնոմիկայի նախարարությունից փորձեց տեղեկանալ, թե ներկայում ինչ փուլում է չոր նավահանգստի ծրագիրը։
Ո՞վ է հաղթած կազմակերպությունը
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացման մրցույթի երկրորդ փուլում հաղթող է ճանաչվել Maritime & Transport Business Solutions B. V (MTBS, «Մերիթայմ ընդ տրանսպորտ բիզնես սոլյուշնս Բ․ Վ) ընկերությունը, և ներկայում պայմանագիրը կնքման փուլում է։
Մրցույթի երկրորդ փուլում նախորդ փուլին մասնակցած երեք այլ մասնակիցներն այլևս հայտ չեն ներկայացրել, և ուսումնասիրության պատրաստման գինը սահմանվել է 350 000 դոլար։

Հաղթող ընկերության մասին
MTBS-ը Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում 2005-ին գրանցված միջազգային ընկերություն է, որը մասնագիտացած է ծովային և տրանսպորտային արդյունաբերության ոլորտներում խորհրդատվական ծառայություններ տրամադրելու մեջ։
MTBS-ի ամենախոշոր շահառուն Նիդեռլանդների քաղաքացի Պոլ վան Էուլեմն է։ Նրան է պատկանում ընկերության 50,7% բաժնեմասը։ Մյուս բաժնետերը նույնպես Նիդեռլանդների քաղաքացի Ֆրենկ Լուիսմանն է, որին պատկանում է ընկերության 33,8%-ը։ Մնացած 15,5%-ը հավաստագրված բաժնետոմսեր են: Այս մասին տեղեկանում ենք ընկերության ներկայացրած իրական շահառուների հայտարարագրից, որը հաստատվում է այլ պաշտոնական աղբյուրներում հասանելի տվյալներով։
Համաձայն համացանցում առկա տվյալների՝ ընկերությունը նախագծեր է իրականացրել Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և այլուր։

2021-ի մայիսին Վրաստանի կառավարությունն օգտվել է այս ընկերության ծառայություններից՝ Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագծում խորհրդատվական ծառայությունների համար։ Ավելի վաղ՝ 2019-ին, MTBS-ը խորհրդատվական ծառայություններ էր մատուցել նաև Բաքվի նավահանգստին։
Ըստ էության, ընկերությունը վստահելի փորձ ունի տարբեր երկրներում նավահանգիստների և տրանսպորտային ենթակառուցվածքների՝ այդ թվում «չոր նավահանգիստների» նախագծման և տեխնիկատնտեսական վերլուծությունում։
Ի՞նչ է չոր նավահանգիստը
«Չոր նավահանգիստը» կամ արդյունաբերական պարկը նախատեսվում է կառուցել Շիրակի մարզի օդանավակայանին մոտ ընկած հատվածում, որը պետք է անմիջական հասանելիություն ունենա և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ գտնվի Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա։ Քերոբյանը պարզաբանել էր, որ «չոր նավահանգիստը» լոգիստիկ ենթակառուցվածք է և արդյունաբերական պարկ, այսինքն՝ մեծ տարածքի վրա արդյունաբերական ընկերությունները վարձում են տարածքներ, փակ անգարներ, ստեղծում իրենց արտադրությունները, և դրան զուգահեռ կոնտեյներային տերմինալ է ստեղծվում, որտեղ կոնտեյներացված ապրանքները պահպանվում են, և տարբեր տրանսպորտային միջոցներն այնտեղ դրվելով՝ տեղափոխվում կա՛մ մոտակա նավահանգիստներ (դիտարկվում են Վրաստանի նավահանգիստները), կա՛մ ավտոտրանսպորտով, կա՛մ օդային տրանսպորտով տեղափոխվում այլ տեղ։
CivilNetCheck
Civilnet










