Ինչու է Հայաստանում կտրուկ դանդաղել տնտեսական ակտիվության տեմպը

Հուլիսին արձանագրված տնտեսական ակտիվության ցուցանիշի կտրուկ նվազումը պայմանավորված է հիմնականում հանքարդյունաբերության ոլորտում ծագած «դրվագային խնդիրներով»: ՍիվիլՆեթի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը:
Հայաստանում տնտեսական ակտիվության տեմպը տարեսկզբից բավական բարձր է եղել, սակայն հունիսին զգալիորեն դանդաղել է` կազմելով 6,8%՝ նախորդ ամսվա 13,6%-ի համեմատ: Համաձայն վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ այս տարվա հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,4%։ Հունիսին երկնիշ աճ է գրանցվել միայն առևտրի շրջանառության (20,3%) և շինարարության (18,1%) ոլորտներում:
Աճի տեմպը կտրուկ նվազել է ծառայությունների ոլորտում` կազմելով 4%` նախորդ ամսվա 12,3%-ի համեմատ: Կտրուկ անկում է գրանցվել նաև արդյունաբերության ոլորտում, որի թողարկման ծավալը հունիսին կրճատվել է 7,4%–ով:
Արդյունաբերության ոլորտում անկումը փոխնախարար Գևորգյանը բացատրում է առաջին հերթին հանքարդյունաբերության բնագավառում բացասական զարգացումներով:
«Աճի տեմպի նվազումը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտում դրվագային խնդիրներով: Նախորդ ամսում հանքարդայունաբերության ոլորտում եղել են խնդիրներ: Դրանք լուծվել են կամ լուծման ճանապարհին են», - ասաց նա` վստահություն հայտնելով, որ այդ խնդիրները չեն վերածվի երկարաժամկետ տնտեսական զարգացմանը խանգարող խոչընդոտների:
Նախարարի տեղակալը միայն նշեց, որ օպերացիոն խնդիրները ծագել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որի բաժետեր են ՀՀ կառավարությունն ու ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն: Չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ խնդիրներ են ծագել, Գևորգյանը միայն նշեց. «Այդ խնդիրները լուծվել են կամ լուծման փուլում են, սակայն դրանք որևէ լուրջ խոչընդոտ չեն հանդիսանա հետագա տնտեսական աճի համար: Դրանք պայմանավորված են եղել ենթակառուցվածքային խնդիրներով, որոնք շտկվել են»:
Ինչ վերաբերում է ծառայությունների ոլորտում աճի տեմպի նվազմանը, ըստ փոխնախարարի՝ այս պարագայում գործել է նախորդ տարվա նույն ամսվա բարձր բազայի գործոնը:
«Ծառայությունների ոլորտի աճի ստաբիլիզացումը պայմանավորված է նախորդ տարվա բազայի նկատմամբ փոփոխություններով: Նախորդ տարի այս ամիսներին աճի մեծ տեմպ կար տնտեսության այս հատվածում: Երբ այդ բարձր բազայի վրա փորձում ենք աճ գրանցել, տեղի են ունենում դանդաղումներ»,- նշում է Ռաֆայել Գևորգյանը` նկատելով, որ այս տարի նկատվում է աճի մեծ տեմպ հատկապես զբոսաշրջության ոլորտում, որը տարեվերջին կզգացվի հիմնական ցուցանիշներում:
Ըստ «ԼՈՒՅՍ» հիմնադրամի, որը վերլուծել է ՀՀ տնտեսության 2023-ի հունվար-հունիս ամիսներին սոցիալ-տնտեսական զարգացումները, հունիսին աճի տեմպի դանդաղումը հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա բազայի էֆեկտով․ «Նախորդ տարի արտաքին շոկի դրական տնտեսական հետևանքները սկսել են արտացոլվել մայիս-հունիս ամիսներից», - ասված է հիմնադրամի հրապարակած վերլուծության մեջ:
Վերլուծության հեղինակների կարծիքով՝ 2023-ին լրացուցիչ դրական զարգացումներ տնտեսությունում չեն նկատվում: Ուստի նրանք կանխատեսում են տնտեսական աճի բարձր տեմպերի դանդաղում, քանի որ համեմատվող ժամանակահատվածներում «աստիճանաբար ավելի ու ավելի շատ կընդգրկվեն նախորդ տարվա բարձր աճի ամիսները»։
Նույն վերլուծության մեջ մտահոգիչ է համարվում արդյունաբերության ոլորտում գրանցված անկումը: Դա նույնպես, ըստ հեղինակների, կարող է պայմանավորված լինել բազայի էֆեկտով, քանի որ նախորդ տարվա հունիսին գրանցվել էր էական աճ՝ շուրջ 19,2%։
«Միևնույն ժամանակ, հունվար-հունիս ամիսների տվյալներով արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 1%, որը բավական ցածր ցուցանիշ է՝ հաշվի առնելով տնտեսության ընդհանուր աճի տեմպը և արդյունաբերության կարևորությունը՝ որպես արտահանելի ճյուղ: Արդյունաբերության կշռի նվազումը տնտեսությունում նշանակում է ՀՀ տնտեսական պոտենցիալի նվազում, ինչը բացասաբար կանդրադառնա երկարաժամկետ տնտեսական աճի վրա»,- ասված է հրապարակման մեջ:
Թեմա
Civilnet










