«Աղդամով Արցախ բեռների տեղափոխում կարող է լինել միայն ՄԱԿ-ի կողմից»

Եթե Ադրբեջանն առաջարկում է Աղդամի ճանապարհը Լեռնային Ղարաբաղի համար, ապա այնտեղով բեռների տեղափոխումը պետք է իրականացնել «սիրիական բանաձևով»՝ ՄԱԿ-ի հովանու ներքո․ ՍիվիլՆեթի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել Սիրիայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) նախկին ղեկավար Դավիթ Հակոբյանը:
Հակոբյանի խոսքով՝ Արցախում հասունացող հումանիտար աղետը կանխելու հարցում կարևոր է ՄԱԿ-ի դերը, որի կառույցների հետ ծավալուն աշխատանք պետք է կատարի Հայաստանը:
Հակոբյանը օրինակ է բերում Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Թուրքիային սահմանամերձ Իդլիբի հատվածում հումանիտար ճգնաժամը, որտեղ 4,5 մլն մարդ շրջափակված էր Սիրիայի կառավարական զորքերի կողմից։ Ի վերջո, ՄԱԿ-ը հումանիտար օգնություն ցուցաբերեց:
Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի օգնություն կարող է ուղարկել Աղդամի ճանապարհով։ Հակոբյանն ասում է, որ նման տրամաբանություն գործում էր նաև Սիրիայում. «Սիրիայի իշխանություններն ասում էին՝ թող ամբողջ օգնությունը գա Դամասկոսի միջոցով, ինչպես որ հիմա ադրբեջանցիներն առաջարկում են Աղդամով: Սիրիայի կառավարությունն ասում էր, որ պարտավորվում են ամբողջ հումանիտար օգնությունը հասցնել ընդդիմության գրաված տարածքներ: Իսկ ընդդիմությունն ասում էր, որ բացարձակապես ոչինչ չեն կարող ընդունել, քանի որ խորն է թշնամանքն ու անվստահությունը, կարող է անգամ ուտելիքը թունավորած լինեն: Գտնվեց այլ լուծում՝ ի լրումն արդեն եկող օգնության, որոշ օգնություն գալիս էր նաև Դամասկոսից, բայց ՄԱԿ-ի հովանու ներքո: Այսինքն՝ ՄԱԿ-ի գրասենյակների տարբեր ղեկավարներ, այդ թվում՝ ես, նստում էինք մեքենաներն ու մարդասիրական բեռները հասցնում շրջափակված այդ տարածքներ և հանձնում որոշակի կառույցների, որոնք ի վիճակի էին տնօրինել դրանք: Իսկ Ասադի իշխանության ներկայացուցիչներն իրավունք ունեին որոշակի վերհսկողություն սահմանել այդ բեռների նկատմամբ` համոզվելու, որ դրանք զուտ մարդասիրական նպատակների են ծառայում»:
«Այդ [Իդլիբի] հատվածի և մյուս հատվածների հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհորդը 2014 թվականից բազմաթիվ որոշումներ է ընդունել: Ծայրահեղ պայմաններում, երբ բնակչությունը սովի է մատնվում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի մանդատ՝ պետության սուվերենությունը մի կողմ է դրվում։ Ու հումանիտար օգնությունը, այս դեպքում՝ Թուրքիայից, հոսեց այդ տարածք»,- նշում է Հակոբյանը։ Նրա խոսքով՝ մինչ օրս էլ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին չենթարկվող այդ հատվածը 80 տոկոսով գոյատևում է ՄԱԿ-ի հումանիտար աջակցությամբ:
Հակոբյանի կարծիքով՝ Սիրիայի օրինակը կիրառելի է նաև շուրջ ութ ամիս շրջափակված և մեկ ամսից ավելի ամբողջապես պաշարված Արցախում ծավալվող հումանիտար աղետը հաղթահարելու հարցում:
Թեպետ Իդլիբի պարագայում տարբերություններ կան, հատկապես, որ այն ունի Սիրիայի իշխանությունների կողմից Թուրքիայի հետ չվերահսկվող սահման, սակայն, ըստ Հակոբյանի, բոլոր կողմերից ադրբեջանական զորքերով շրջափակված Արցախի ներկա վիճակի հետ զուգահեռներ կարելի է տանել:
«Ժամանակին խոսվում էր, որ ՄԱԿ-ի հումանիտար օգնությունն Արցախ պետք է գնա Լաչինի միջանցքով, բայց դա արդյունք չտվեց, քանի որ ռուսներն ասում էին, որ իրենք են ապահովում հումանիտար բեռների տեղափոխումը, և այդ խնդիրը չկա: Հիմա, երբ ռուսները կա՛մ չեն կարող, կա՛մ չեն ուզում դա անել, իսկ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերցրել է իր ձեռքը, իրավիճակն ավելի է բարդացել: Ուստի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի այդ մանդատը` միջամտելու իրավիճակներում, երբ պետություններն իրենց բնակչությանը չեն ապահովում ապրելու մինիմալ պայմաններով»,- նշում է նա:
Դավիթ Հակոբյանը կարևորում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու Հայաստանի քայլը, որի նպատակը պետք է լինի Արդարադատության միջազգային դատարանի` Լաչինի միջանցքը բացելու իրավական առումով պարտադիր որոշումների կատարման ապահովումը: «Ընդ որում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամները շատ լավ տիրապետում են այդ տրամաբանությանը Սիրիայի օրինակով: Նրանք 15 անգամ որոշում են ընդունել այդ կարգի հումանիտար օգնության մասին: Նրանց բոլորի հետ աշխատել են, բացատրել են։ Հեծանիվ պետք չէ հորինել»,- ասում է Հակոբյանը:
Հայաստանի դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, նշում է Դավիթ Հակոբյանը, այս անգամ որակապես տարբեր իրավիճակում է կատարվելու․ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միակ նիստը, որ քննարկեց [Արցախի շրջափակման հարցը, որը սկսվել է 2022-ի դեկտեմբերի 12-ից], դեկտեմբերի 20-ին էր, բայց այն ժամանակ իրավիճակն այլ էր: Հիմա մարդասիրական աղետի առջև ենք կանգնած, կտրուկ քայլերի ժամանակն է»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև․
Տեղադրություն
Թեմա
Civilnet










