Գլխավոր Լրահոս

Լոռու մարզպետը չի բացառում, որ Ալավերդու համայնքապետին անվստահություն կհայտնեն

Լոռու մարզպետը չի բացառում, որ Ալավերդու համայնքապետին անվստահություն կհայտնեն

Լոռու մարզպետարանը լայնածավալ ստուգումներ է սկսել Ալավերդում, որտեղ անցած տարվա տեղական ընտրությունների արդյունքում համայնքապետ է ընտրվել ընդդիմադիր Ապրելու երկիր կուսակցության ներկայացուցիչ Արկադի Թամազյանը։ ՍիվիլՆեթի Ալավերդու թղթակից Լարիսա Փարեմուզյանը զրուցել է Լոռու մարզպետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Արամ Խաչատրյանի հետ։ Զրույցը տեղի է ունեցել մարզպետի գրասենյակում՝ Վանաձորում։

2022-ի սեպտեմբերին Ալավերդի խոշորացված համայնքում ընտրություններում ավագանու հավասար՝ 13 մանդատ էին ստացել Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) և Ապրելու երկիր կուսակցությունները՝ չհաղթահարելով 50 տոկոսի շեմը: Ապրելու երկիր կուսակցությունը կոալիցիա կազմեց ընդամենը մեկ մանդատ ստացած Հայ ազգային կոնգրես կուսակցության հետ, և ավագանին քաղաքապետ ընտրեց Ապրելու երկրի անդամ Արկադի Թամազյանին, իսկ փոխքաղաքապետ՝ Կոնգրեսի ներկայացուցչին։ Ընտրությունից հետո ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար դարձավ նախկին հանրապետական, Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը: ՔՊ-ն չի համակերպվում այս պարտության հետ, և Լոռու մարզպետարանը սկսել է ստուգումներ իրականացնել Ալավերդու համայնքապետարանում։ Տե՛ս նաև՝ Միջկուսակցական խարդավանքներ Ալավերդու ավագանիում։

- Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար, Ապրելու երկիր կուսակցության անդամ Արկադի Թամազյանն ասում է, որ դուք որպես մարզպետ անցած մեկ տարում իր հետ աշխատանքային հարաբերություններ չեք ունեցել: Ինչո՞ւ:

- Չգիտեմ, համայնքապետ կա, որ կարող է մի տասը, քսան օր իրար հետ չխոսենք:

- Դուք համայնքապետ Արկադի Թամազյանին հանդիպելիս բարևո՞ւմ եք:

- Ես մարզի ղեկավար եմ, և ինձ համար կապ չունի, թե այս կամ այն համայնքում ով է ղեկավարը և ինչ ուժ է ներկայացնում: Մենք հարգում ենք ժողովրդի ընտրությունը:   Մենք աշխատում ենք ի շահ համայնքի և ժողովրդի: Մարզպետարանը Ալավերդու համայնքապետարանի հետ աշխատում է: Արկադի Թամազյանին, երբ հանդիպեմ, նորմալ կբարևեմ, եթե քննարկելու հարց լինի, կքննարկեմ:

- Կարո՞ղ եք ասել, ի՞նչ նպատակ եք հետապնդել Ալավերդի համայնքի ՏԻՄ մարմինների բոլոր ոլորտներում հունիսի 6-ից մասնագիտական ստուգումների որոշում կայացնելիս:   

- Ստուգումների մեջ վատ բան չկա: Դուք եք ասում, որ Ալավերդին լուրջ պրոբլեմներ ունի: Սա պլանային ստուգում է: Քանի որ շատ պրոբլեմներ կան Ալավերդիում, մենք փորձում ենք արագացնել այդ պրոբլեմների լուծումը: 

- Ձեր ասած պլանային ստուգումները նախատեսված են եղել 4-րդ եռամսյակում։ Երկրորդ, եթե անգամ դուք շրջանցել եք ժամկետը, ինչո՞ւ մարզպետարանի 39 աշխատող ընդգրկող հանձնաժողովը նախկին Շնող համայնքի բյուջեի ծախսերը չի ստուգում: [Ալավերդի խոշորացված համայնքին միացած Շնող համայնքի նախկին ՀՀԿ-ական ղեկավար Դավիթ Ղումաշյանը ներկայում Ալավերդու ավագանիում ՔՊ խմբակցության ղեկավարն է - խմբ․]։ Թեղուտ ՓԲԸ-ն Շնողում 2020-ից համայնքին տարեկան հատկացնում է 140 մլն դրամ: Մենք մինչև այսօր Դավիթ Ղումաշյանից չենք կարողացել ստանալ Թեղուտ ՓԲԸ-ի 280 մլն դրամ պայմանագրային վճարների ծախսերը: Մտածում էի, կարող է՝ դուք բացահայտեք դա:

- Պարտադիր չէ, որ դա բացահայտելու համար հանձնաժողովը գնա, հասնի Շնող: Ալավերդու համայնքապետարանում է ամբողջ թղթաբանությունը: Դա արդեն մեկ բազայի մեջ է:  

- Այդ դեպքում ինչո՞ւ եք կենտրոնացել Արկադի Թամազյանի վրա, երբ ահազանգ կա ձեր խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանի ֆինանսական կասկածելի ծախսերի մասին:  

- Ես հարցի հետ կապված պաշտոնապես հայտնում եմ, որ  մենք ստուգում ենք Ալավերդի խոշորացված համայնքի վերջին մի քանի տարվա աշխատանքները:

- Իսկ ի՞նչ կասեք համայնքապետ Արկադի Թամազյանի աշխատանքի՝ ավագանու ՔՊ խմբակցության հարուցած խոչընդոտների մասին:  

- Դուք նկատի ունեք, որ ՔՊ խմբակցության հետ համայնքապետ Արկադի Թամազյանի աշխատանքը չի՞ ստացվում:

- Ո՛չ, ես նկատի ունեմ, որ համայնքի ավագանու ՔՊ խմբակցությունը խոչընդոտում է ավագանու աշխատանքերը և Ալավերդի խոշորացված համայնքի զարգացումը:

- Ես չեմ կիսում համայնքապետի այդ գնահատականները: Մենք աշխատում ենք ի շահ համայնքի և ժողովրդի: Սուբվենցիոն վեց ծրագրերը, որ 2023-ին ներկայացրել է Ալավերդու համայնքապետը, կառավարությունը հաստատել է: Եթե չեմ սխալվում, աշխատանքներն արդեն սկսվել են: Ինչ վերաբերում է ավագանու նիստերին, թշնամիներ չենք, որ հիմա նույնիսկ այն հարցն ենք քննարկում՝ բարևենք, թե չբարևենք: Իսկ ինչ վերաբերում է ավագանու ՔՊ խմբակցության մեր գործընկերների գործունեությանը, ես ձեզ հետ շատ պարզ եմ խոսում՝ մեր կուսակցությունը Ալավերդիում փորձում է գալ իշխանության, որպեսզի իր ծրագրերը  իրականցնի: Հիմա՝ այս պահի դրությամբ, նիստերին գնում են, չեն գնում, կայացնում են որոշումներ, չեն կայացնում․․․ ես համոզված եմ՝ ՔՊ-ն ոչ թե անձնական պրիզմայով է գործունեությունն իրականացնում, այլ համայնքային և պետական շահերի:

- Համայնքի և պետության շահերի՞ց է բխում աշնանացան ցորենի բաշխման  օրակարգով ավագանու նիստը բոյկոտելը:

- Համայնքապետի տեղակալը նշանակվել է առանց ավագանու որոշման, ինչն օրենքով արգելվում է: Դրա հետ մեկտեղ ավագանու քննարկմանն են ներկայացրել ցորենի հարցը: Քաղաքացիակայն պայմանագիր խմբակցությունը առաջարկել է հաստիքացուցակի և տեղակալների հարցը օրակարգից հանել, այդ պայմանով  կգնան ցորենի հարցին կողմ կքվեարկեն, որովհետև ցորենը կարիք է ու շահ: Տեղակալների հարցը չեն հանում օրակարգից: Դրանից մի քանի օր հետո Քաղաքացիակայն պայմանագիր խմբակցությունը հրավիրում է արտահերթ նիստ․ օրակարգում դրվեց ցորենի և ավտոբուսների հարցը: Տեսե՛ք՝ իրենք թմբկահարում են, որ Ապրելու երկիր կուսակցությունը ավտոբուսներ է նվիրել Ալավերդի համայնքին: Այստեղ էլ են մանիպուլացնում, որովհետև Ապրելու երկիր կուսակցությունը ոչ թե անհատույց օգտագործման համար է նվիրատվություն անում, այլ երբ ուզի այդ մեքենաներ հետ վերցնելու պայմանով: Բայց ՔՊ խմբակցությունը, չնայելով, թե ովքեր են ավտոմեքենաների նվիրատուները, հետո արտահերթ նիստ է հրավիրել, և ցորենի ու ավտոբուսների խնդիրները լուծվել են՝ հանելով տեղակալների և հաստքացուցակի փոփոխությունների հարցերը: Հիմա դուք ասում եք՝ ցորենի համար չեկան, չքվեարկեցին: Բայց դուք չեք ասում, որ համայնքապետարանը ազնիվ չէ և շանտաժի լեզվով է փորձում խոսել ՔՊ խմբակցության հետ: Իսկ եթե նիստ հրավիրվեր, և ցորենի հարցը քննարկվեր, հետո նույնիսկ տեղակալների հարցը հասներ քննարկման, նույնիսկ դեմ քվեարկելու դեպքում, օրենքի ուժով համայնքապետը կարողանում էր նշանակել տեղակալներ:

- Այդ երկու տեղակալի  համար երկու անգամ ավագանու նիստ եք բոյկոտել,  մեկ անգամ համայնքապետի առաջարկին դեմ եք քվեարկել: Չե՞ք կարծում, որ երկրին ու ընտրողներին այս պահին շահավետ է ազգային միասնությունը, քան այդ հակասությունները: Հոկտեմբերին՝ Արկադի Թամազյանի աշխատանքային մեկ տարին լրանալուց հետո, ՔՊ-ն Ալավերդի համայնքի ղեկավար նրան անվստահություն հայտնելու գործընթաց սկսելո՞ւ  է:

- Չի բացառվում: 

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում