Բաքվից ուղարկվող հումանիտար բեռի հարցով արցախյան կողմի հետ պայմանավորվածություն չի եղել

Կարմիր Մահիկի հովանու ներքո Բաքվից Ստեփանակերտ հումանիտար բեռ ուղարկելու հարցով արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել: Այդ մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում նշել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի քայլը ուղղված է առկա խնդիրները խորացնելուն, բայց ոչ լուծելուն։
«Լաչինի միջանցքի սահմանված ռեժիմի վերագործարկման խնդիրը եղել և մնում է առաջնահերթ, և ադրբեջանական կողմի հետ որևէ երկխոսություն պետք է ծավալվի նախ և առաջ այդ հարցի շուրջ։ Միջանցքը պետք է ազատ և անխափան գործի ինչպես մարդկանց, այնպես էլ բեռների ու մեքենաների երկկողմանի տեղաշարժի համար։ Եթե Ադրբեջանի իշխանություններն իրոք հետաքրքրված են Արցախի ժողովրդի ծանրագույն հումանիտար աղետի վերացմամբ ու ցեղասպանության կասեցմամբ, ապա պետք է ոչ թե կեղծ մարդասիրություն խաղան, այլ պարզապես չարգելեն Լաչինի միջանցքով Արցախի մատակարարումների վերականգնմանը, ինչպես նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և Արդարադատության միջազգային դատարանի հրամաններով»,- ընդգծել է Ավանեսյանը։
Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով երկու բեռնատարով 40 տոննա ալյուր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ։
Տեղադրություն
Civilnet










