Գլխավոր Լրահոս

Ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու համար․ԱԳՆ կոչը՝ միջազգային գործընկերներին

Ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու համար․ԱԳՆ կոչը՝ միջազգային գործընկերներին

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ։ Հայտարարությունը՝ ստորև․

«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել է հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։ 

Առաջնորդվելով անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը բացահայտորեն ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում սկսում է «հակաահաբեկչական միջոցառումներ», որի վերաբերյալ, ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության, տեղեկացվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ինչպես նաև ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը։

Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, որը ճիշտ երեք տարի առաջ՝ 2020թ. սեպտեմբերին ԼՂ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ուժի կիրառման շարունակությունն է։ «Ռազմական օբյեկտների ոչնչացման» սին պատրվակով Ադրբեջանի կողմից հրետակոծության են ենթարկվում քաղաքացիական բնակավայրեր, Ստեփանակերտ քաղաքը, այլ քաղաքներ ու գյուղեր։

Հայկական կողմը բազմիցս ահազանգել է, որ ԼՂ դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները, ռազմատենչ անթաքույց հռետորաբանությունը, ԼՂ բնակչությանը «ահաբեկիչներ» որակելու բացարձակապես կեղծ և դատապարտելի քարոզչությունը հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկել, զրկել իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու իրավունքից։

Նույն նպատակն են հետապնդել 2020թ դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և ԼՂ լիակատար շրջափակումը։

Հարձակմանը նախորդել է այդ թվում Ադրբեջանի ԱԳՆ կողմից կեղծ տեղեկատվության տարածում ականապատման և դիվերսիոն գործողությունների մասին, ինչը վկայում է հարձակման պլանավորման և տեղեկատվական դաշտի ապահովման մասին։ Կրկին հայտարարում ենք, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված չեն Հայաստանի Հանրապետության զինված ուժեր և ռազմական տեխնիկա, ականապատման և դիվերսիոն գործողությունների մասին բոլոր լուրերը կեղծ են և շինծու։

Կոչ միջազգային գործընկերներին, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար առաջնային պարտավորություն ունեցող ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներին, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով»։

Արցախի շուրջ իրավիճակի վերաբերյալ ավելի մանրամասն՝ այստեղ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում