Եվլախում մեկնարկել է հանդիպումը

11:59
Եվլախում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումը։

***
Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ իրականացնելու համար Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ժամանել են Եվլախ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
ԼՂ պատվիրակությանը ուղեկցում են ռուս խաղաղապահները։
Արցախյան կողմից բանակցությունների մեկնել է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը։ Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը պատգամավոր Ռամին Մամեդովն է, որին Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու։
Սեպտեմբերի 19-ի կեսօրին Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ այն անվանելով «հակաահաբեկչական գործողություն»: Ստեփանակերտը և Արցախի այլ բնակավայրերը ենթարկվել են զանգվածային հրետանային և հրթիռային հարձակման: Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր:
ԼՂ-ում ռուս խաղաղապահների հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց «ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների դուրսբերման, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կազմալուծման ու ամբողջական զինաթափման և ԼՂ-ի տարածքից ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերման վերաբերյալ»։
Սեպտեմբերի 21-ին Եվլախում հանդիպում կկայանա ԼՂ հայ բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ «Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության ապահովման» հարցով։
Տեղադրություն
Civilnet










