Պետք է չեղյալ հայտարարել ԼՂՀ լուծարման մասին հրամանագիրը

Սեպտեմբերի 19-20-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից և դրան հաջորդած՝ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Հայաստանում շատերը ակտիվ մասնակցում են մասնավոր տարբեր նախաձեռնությունների՝ աջակցելու բռնի տեղահանվածներին, բայց բոլորը հասկանում են, որ դա հավերժ չի շարունակվելու։ Մի քանի ամիս անց շատերը կվերադառնան իրենց առօրյա խնդիրներին, և քչերը կշարունակեն աջակցել բռնի տեղահանվածներին, ինչպես դա եղավ 2020-ի պատերազմի պատճառով Շուշիից և Հադրութից բռնի տեղահանվածների դեպքում։

Ցավոք, գրեթե չկան բանավեճեր ու քննարկումներ այն մասին, թե ինչ պետք է արվի հիմա, երբ Ադրբեջանը ուժով վերջ տվեց Արցախի Հանրապետության գոյությանը։ Առկա է երկու հիմնական ուղի: Առաջինը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների մարդասիրական խնդիրների վրա կենտրոնանալն է՝ ձգտելով նրանց գոնե մի մասին պահել Հայաստանում, և մոռանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 32 տարվա գոյության մասին: Այս ռազմավարության մաս են կազմում Լեռնային Ղարաբաղ հայերի «վերադարձի իրավունքի» մասին խոսակցությունները և քննարկումները, թե ում պետք է դիմի Հայաստանը այդ իրավունքն ապահովելու համար՝ ՄԱԿ-ի՞ն, ԵՄ-ի՞ն, ԵԱՀԿ-ի՞ն, Եվրախորհրդի՞ն, Արդարադատության միջազգային դատարանի՞ն, ԱՄՆ-ի՞ն, թե՞ այլ երկրների, ինչպիսին Ֆրանսիան է։ Այլ կերպ ասած, ո՞վ պետք է այս անգամ դառնա «հայերի փրկիչը»:

Խնդիրն այն հստակ փաստն է, որ ոչ մի հայ չի կարող ապրել Ադրբեջանի իրավասության ներքո՝ անկախ այն բանից, թե Ղարաբաղում կա միջազգային ներկայություն հայերի իրավունքները պաշտպանելու համար, թե ոչ: Հայերի վերադարձի իրավունքը ապահովելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության դադարեցումն է, և Հայաստանը կարող է դա անել միայն ռազմական ճանապարհով։ Միջազգային հանրության, միջազգային իրավունքի և հետաքրքրաշարժ այլ եզրույթների վերաբերյալ մնացած բոլոր քննարկումները պարզ մանիպուլյացիաներ են՝ հանուն քաղաքական ինչ-ինչ շահերի և նպատակների՝ Հայաստանի ներսում կամ դրսում:

Առաջին տարբերակը Լեռնային Ղարաբաղը շատ շուտով նոր «Արևմտյան Հայաստանի» կամ «Նախիջևանի» վերածելու ուղիղ ճանապարհն է՝ Արցախին նվիրված նոր երգերի ստեղծմամբ, Երևանի կենտրոնում արցախյան տեղանուններով ռեստորանների բացմամբ կամ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում Ստեփանակերտի արվարձանների անունները կրկնող որոշ բնակելի թաղամասերի կառուցմամբ:

Առկա է նաև մեկ այլ տարբերակ: Երկրագնդին սպասվում է տուրբուլենտ մեկ-երկու տասնամյակ, մինչ շարունակվում է անցումը միաբևեռ համակարգից դեպի նոր աշխարհակարգ։ Չափազանց դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը, սակայն կարելի է պնդել, որ Հարավային Կովկասը լինելու է ցնցումների գոտում:

Այսպիսով, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը կշարունակի փոխվել, կփոխվեն նաև ուժերի հարաբերակցությունը և առանցքային խաղացողների հարաբերությունները։ Դա միանգամայն վերաբերում է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ապագային։ Սակայն եթե Հայաստանը պարզապես նստի ու սպասի, հավանաբար կշարունակի պարտվել, ինչպես որ պարտվում է 2020-ից ի վեր։

Առաջին բանը, որ պետք է արվի, և դա պետք է արվի անմիջապես, առնվազն մինչև 2023-ի վերջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի՝ հանրապետության լուծարման մասին հրամանագիրը չեղյալ հայտարարելն է։ Ակնհայտ է, որ եթե այն չչեղարկվի, դա էապես կբարդացնի 2023-ից հետո իրավիճակը փոխելու ցանկացած հնարավորություն: Հրամանագրի չեղարկումը կնշանակի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը և խորհրդարանը կշարունակեն գործել մինչև 2025-ի գարուն, քանի որ երկուսն էլ ընտրվել են 2020-ի գարնանը հինգ տարի ժամկետով։

Նրանք պետք է շարունակեն գործել Երևանում կամ, եթե Հայաստանի կառավարությունը կարծում է, որ Ադրբեջանը կօգտագործի նրանց գործունեությունը որպես casus belli՝ արդարացնելու Հայաստանի դեմ իր նոր ագրեսիան, պետք է նրանց գործունության ծավալման նպատակով այլ պետություն փնտրել։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին հրամանագրի չեղարկումը չի նշանակում, որ Հայաստանը պետք է դուրս գա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից։ Հայաստան-Ադրբեջան հաշտության պայմանագիրը, ներառյալ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը Խորհրդային Ադրբեջանի սահմաններում (86 600 քկմ), որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության հետ։ Հանրապետությունը դե յուրե պետք է շարունակի գործել, և հայերը պետք է պատրաստ լինեն վերականգնելու այն, եթե ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ համաշխարհային և տարածաշրջանային ցնցումների պայմաններում։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ պայմանները կառաջանան, բայց ոչ ոք չի կարող պնդել, որ դրանք չեն լինի։ Ամեն ինչ պետք է անել, որպեսզի հայությունը պատրաստ լինի օգտագործել այդ հնարավորությունները և այդ ուղղությամբ առաջին քայլը սեպտեմբերի 28-ի հրամանագրի չեղարկումն է։

Բենիամին Պողոսյանը ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան է։

Մեկնաբանել