N32 մարտական դիրքի կռիվը Մարտունու պաշտպանության համար

Հայկ Ղազարյան

2023-ի սեպտեմբերի 19-20-ի արցախյան մեկօրյա պատերազմում թեժ էր նաև Մարտունի–Ճարտար հատվածում, հատկապես՝ Մարտունի քաղաքից 2 կմ հեռավորության վրա գտնվող N32 մարտական դիրքում։

N32 դիրքը ռազմավարական նշանակություն ունեցող Կոհակ սարի (կորցրել ենք 44-օրյա պատերազմի վերջին օրերին) առջևի բարձունքում է։ Այս և հարևան մի քանի դիրքերի պահպանությունը 2023-ի գարնանից սկսեց իրականացնել աշխարհազորը՝ այն ընդունելով Պաշտպանության բանակի Մարտունու 3-րդ բրիգադի 2-րդ գումարտակից։

Շտապօգնության մեքենաները պատերազմ էին կանխագուշակում

Սեպտեմբերի 19-ին դիրքում տասը մարտիկ կար, ութը՝ աշխարհազորային, երկուսը՝ 3-րդ բրիգադի ծառայողներ՝ «ֆագոտահարներ» (բանակը աշխարհազորայիններին «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համակարգ էր տրամադրել)։

Դիրքի ավագ, աշխարհազորային Արամ Պետրոսյանը պատմում է, որ սեպտեմբերի 15-ից շարժը շատացել էր․ հակառակորդը սկսել էր տեխնիկա հանել։ Իսկ սեպտեմբերին 19-ի առավոտյան տեսել է, թե ինչպես է նախկին «Մարտունի 2» (44-օրյա պատերազմի ժամանակ հակառակորդը գրավել էր և իր համար դարձրել զորամաս) զորամասի կողմերից դեպի դիմացի դիրք շարժվում մոտ 200 հոգուց կազմված կենդանի ուժ։

«Տանկեր են հանել, տարել են իրենց ելման դիրքեր։ Թնդանոթների մոտ ինժեներական են սկսել անել, հետո բացել են քողարկման ցանցը։ Ամեն ինչ զեկուցում էինք, օրինակ, որ քողարկման ցանցը բացում են։ Ֆիզուլիի կողմից սկսել էին շտապօգնության մեքենաներ բերել ու ասֆալտի վրա կանգնեցնել։ Դե շտապօգնությունն էլ ինչի՞ համար պիտի գա… Այդ ամենը տեղի էր ունենում ժամը 10-ի կողմերը»,- պատմում է Արամը։

«Մարտունի 3-րդ» բրիգադի սպա Զավենը [անունը փոխված է՝ խմբ.], որ նույնպես այդ շրջանում է եղել, ևս ասում է, որ ադրբեջանցիների հարձակումը անակնկալ չէր իրենց համար․ «Կուտակումներ կային, դիրքեր էին փորում, 15 օր թամաշա էինք անում, իսկ իրենք սիրուն պատրաստվում էին։ Մի ստորակետ չկար, ամեն ինչ զեկուցվում էր՝ կոորդինատներով և բոլոր մանրամասներով»։

Այստեղ հարկ է նշել, որ 2023 թվականի հունիսի 15-ից լիովին շրջափակման մեջ հայտնված Արցախը գոյատևում էր բացարձակապես ներքին պաշարներով, և այդ ամենը ազդում էր զորքի մարտունակության վրա։ Զավենը պատմում է, որ «Համար 1»-ի ու վառելիքի սղությամբ պայմանավորված՝ պաշտպանության բանակի զինծառայողները տուն չէին գնում և մնում էին զորանոցներում։ Օրինակ, իրենց ստորաբաժանման վաշտերից մեկը Ճարտար քաղաքում էր, և Մարտունու շրջանի ավելի հեռու գյուղերի տղաները տուն չէին գնում, իսկ տեղացի զինվորականները մի կերպ սնունդ էին գտնում ու բերում իրենց ծառայակիցների համար։

Երկու անգամ հարձակումը հետ են մղել

Արամ Պետրոսյանը կարծում էր, որ հարձակումը կսկսվի երեկոյան կամ էլ հաջորդ օրն առավոտյան, այլ ոչ թե օրը ցերեկով։

32-ի ուղղությամբ առաջին արկը Կոհակից եկավ ժամը 13։30-ին և ջարդեց դիրքի տեսախցիկը։ Կոհակից երկու տանկ ու թնդանոթ էին աշխատում։ Ժամը մոտ 14։30-ին ադրբեջանական գրոհային խումբը սկսեց շարժվել։

«Շատ են եկել։ Պոստի աջ կողմով էլ են եկել, ձախ կողմով էլ։ Պոստի աջ կողմը չպահվող [դիրք] էր, իսկ ձախ կողմի պոստը երկու կիլոմետր հեռու էր, մոտավոր»,- ասում է Պետրոսյանը։

Ըստ դիրքի ավագի՝ հարձակումը երկու անգամ հետ են մղել, իսկ երբ հասել են խրամատ, արդեն անհնար էր դիմադրել․ «Խրամատի մեջ մի քիչ բոյ ենք տվել, հետո քչացել ենք, ինչից հետո ձև չկար [դիրք պահելու]»։

Հայկական կողմը պաշտպանվել է չինական DJI Matrice անօդաչու թռչող սարքով։ ԱԹՍ-ից արված մի տեսանյութից ակնհայտ է, որ 32 մարտական դիրքի ուղղությամբ ադրբեջանական մեծաքանակ ուժեր են գրոհում։ Սպա Զավենը համարում է, որ նռնակ նետող այդ ԱԹՍ-ները բավականին արդյունավետ են եղել իրենց՝ Մարտունի-Ճարտար հատվածում, իսկ Արման Պետրոսյանը համարում է, որ դրանք այդքան էլ զգալի կորուստներ չեն պատճառել թշնամուն։

Նռնակ նետող DJI Matrice անօդաչու թռչող սարքը գործածության մեջ։ Արամը ասում է, որ այդ ադրբեջանական զինված ուժերը գրոհում են «32»-ի ուղղությամբ։

Քաղաքապետի գլխավորությամբ օգնության կազմակերպում

Հայկական կողմն դիրքում անմիջապես երեք զոհ է տալիս։ Զոհվում է ՊԲ ծառայող, «ֆագոտահար» Զորի Դանիելյանը, աշխարհազորայիններ Վահրամ Սարիբեկյանը և Արաբո Փարամազյանը։ Արաբոն սկզբում բեկորային թեթև վիրավորում է ստանում, սակայն նահանջելու պահին գնդակից զոհվում է։ Ժամը 16:00-16:30-ին աշխարհազորայինները սկսում են նահանջել։

«Արցախէներգո» ընկերության Մարտունու՝ «Վարանդա» մասնաճյուղի տնօրեն, նախկին զինվորական Մասիս Սուլեյմանյանը, որը քաղպաշտպանության էներգետիկայի և լուսաքողակման ծառայության պետն էր, պատմում է, որ պատերազմը սկսվելուն պես գնացել է վարչակազմի շենք։

«Մտնում ենք Ազնավուրի [Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղիյան] սենյակը, որոշակի հրահանգներ ստանում, ու էդտեղ ասվում է, որ մեր դիրքերից մեկից (հետո պարզվում է, որ 32-ն է) մերոնք արդեն հետնահանջ ունեն։ Թուրքերը գրավել են դիրքը, Մարտունու առաջը բաց է, պետք է գնալ այնտեղ պահել»,- պատմում է Սուլեյմանյանը։

«Արցախէներգո»-ի 53-ամյա աշխատակիցը հիշում է, որ 8-10 հոգով նստում են գործընկերոջ՝ Կոմիտաս Ղահրամանյանի «Ֆորդը» ու գնում «Կարվին» (քաղաքի վերջնամաս, որը առավել մոտ է 32 դիրքին) կոչվող տեղամասի ուղղությամբ․ այնուհետև տեսնում են, որ մերոնք 32-ից նահանջել են ու հարևանությամբ դիրքավորվել։

Հայտնի տեսանյութը 32 մարտական դիրքի մոտից

Սուլեյմանյանի պատմած տեղանքը դիրքի հարևանությամբ է, և երբ նրանք հասել էին այդ բնագիծ, նահանջած զորքը հենց այդ վայում էլ դիրքավորվել էր։ Հենց այս հատվածից է համացանցում տարածվել տեսագրություն, որը արվել է 34 մարտական դիրքից․ 17։00-ի կողմերը (Արամ Պետրոսյանն էլ ասում է, որ բուն խրամատում մնացել են մինչև 17։00-17։30)։ Մոտ 7 րոպեանոց ցածր որակի տեսանյութում արձանագրված գործողությունները որոշ տեղերում ներկայացվում են որպես ձեռմանարտ։ Այնինչ իրականում մերձամարտ է տեղի ունեցել։ Սուլեյմանյանը պատմում է, որ այս մերձամարտում հաջողվել է ադրբեջանցիների հետ մղել 32 դիրք (ձախ կողմում ադրբեջանցիներն են, աջ կողմում՝ հայերը)։ Տեսանյութում երևացող սև ամպիկները «Ֆ 1» տեսակի նռնակի պայթյուններն են, որոնք արձակում են հայերը (տեսանյութում երևում է, որ ադրբեջանցիներից մեկն էլ է նռնակ նետում):

Ըստ 53-ամյա նախկին զինվորականի, այս դրվագի գլխավոր դերակատարն էր Գրիգորի Գասպարյանը, քանի որ ինքն է առաջինը մարտի մեջ մտել։

Թե ինչպես է Գրիգորին հայտնվել այս բնագծում, Մասիսը լավ չի իմանում։ 32 դիրքի ավագ Արամ Պետրոսյանը ասում է, որ ամենարագը օգնության են եկել քաղաքապետ Ազնավուր Սաղիյանի գլխվորությամբ եկած կամավորները, բայց մի հոգի էլ է շուտ եկել, որ նրանց հետ չէր, նա հենց Գրիգորի (Գրիշա) Գասպարյանն է եղել։ Մարտունեցի ըմբշամարտիկ Գրիշան պաշտպանության բանակի զինծառայող է, բրիգադի հետախույզ, դիրքապահ աշխարհազորայիններից մեկը` Արաբո Փարամազյանը նրա քեռու որդին է։ Երբ իր խումբը թողել է ու 32-ի դիրքապահներին եկել էր օգնության, արդեն իր քեռու որդին զոհված էր։

Ադրբեջանացի դիպուկահարների գործողությունները

Յոթ մարտիկներից առնվազն չորսը զոհվել են հակառակորդի դիպուկահարի արձակած կրակից․ այդ չորսն էլ զոհվել են դիրքի հետնանահանջի խրամատի հատվածում: Մասիս Սուլեյմանյանը կարծում է, որ հակառակորդի դիպուկահարները դիրքավորվել են «32»-ում ու «32»-ից դեպի արևմուտք՝ Խնուշինակ գյուղի կողմերում։

«Նրանք հետ են նահանջում [32 դիրք], բայց հեռվից կրակում են։ Այդտեղ Գոռը զոհվում է։ Գոռից 1-1.5 րոպե հետո զոհվում է Լենսերը։ Դիրքավորվում ենք, 5-ի կողմերը զոհվում է նաև Ազնավուրը։ Փորձում եմ ռացիայով որևէ մեկի հետ կապի դուրս գալ, տեսնում եմ Սևակն էլ է զոհվել։ Սևակը բանակի սպա էր, զինծառայող»,- ասում է Մասիս Սուլեյմանյանը։

Մարտունուց Կոհակի ու 32-ի ուղղությամբ հայկական երեք տանկ է աշխատել

32 դիրքի մարտիկ, աշխարհազորային Տիգրան Բալասանյանն ասում է, որ դիրքի պաշտպանության ժամանակ կրակային նորմալ աջակցություն չի ստացել։ Նրա խոսքով՝ միակ աջակցությունը եղել է տանկերից, որոնք իր իսկ խոսքով հիանալի էին աշխատում։

Բրիգադի տանկային վաշտի դասակի հրամանատարներից մեկը՝ Սևակ Հովսեփյանը, ասում է, որ Կոհակի ու 32 մարտական դիրքի ուղղությամբ երեք տանկ է աշխատել, որից մեկը ղեկավարում էր ինքը․ այն աշխատում էր «Կարվին» տեղամասից։ Մեկ տանկ էլ վաշտի հրամանատար Դավիթ Բալայանի ղեկավաությամբ «Բրոյլեր» («Գիշվա փերմաներ») տեղամասից էր աշխատում։ Երորորդ տանկն էլ Մարտունու մոտակայքում գտնվող բենզինի լցակայանից է աշխատել, որը ղեկավարում էր տանկի հրամանատար, պայմանագրային Վալերի Հայրապետյանը։

Սևակը դժվարանում է նշել կրակած արկերի քանակը, բայց ասում է, որ շատ-շատ են կրակել, հատկապես՝ բեկորային արկեր։

Նրանք երեքն էլ հիմնականում նշանառու-օպերատորի պարտականություններն էին կատարում, այսինքն տանկից կրակ էին վարում (տանկի անձնակազմը կազմված է երեք հոգուց՝ հրամանատարից, նշանառու օպերատորից և մեխանիկ-վարորդից

«100 տոկոսանոց աշխատանք են ապահովել։ Ամեն մի արկ իր նպատակին է հասել »,- ասում է Սևակ Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ մոտ երկու ժամ են աշխատել, երևի 16։00-ից մինչև 18։00, համենայն դեպս մինչև մութն ընկնելը։ Գիշերը չեն աշխատել, քանի որ այդ տանկերը գիշերային հրաձգություն վարելու հնարավորություն չունեն։ Տանկիստը նաև ասում է, որ իրենց նկատմամբ կրակային ճնշում չի եղել։

Մոտավորապես այս կետերից էին աշխատում տանկերը Կոհակի ու «32»-ի ուղղությամբ

Հակատանկիստները

Այս հատվածում պատերազմում ներգրավված էին ոչ միայն տանկիստները, այլև հակատանկիստները։ «Կոռնետ» հակատանկային համալիրի օպերատոր Սլավա Օհանյանն ասում է, որ իրենց հաշվարկը պատերազմի ժամանակ 13 հրթիռ է արձակել։ Սկզբում հաջողությամբ տանկ են ոչնչացրել, նաև դիրքի ու կուտակումների վրա էին աշխատում։

Այս լուսանկարը արվել է տանկը խոցելուց հետո։ Լուսանկարում՝ «Կոռնետ» հակատանկային համալիրի հաշվարկը և մարտկոցի հրամանատարը։ Աջից ձախ՝ Էմիլ Բաբայանը, Արտուր Ավանեսյանը, Սլավա Օհաանյանը և մարտկոցի հրամանատարը)

Հականտանկիստն ասում է, որ 32 դիրքի դիմաց գտնվող Կոհակի ադրբեջանական դիրքը իրենք են ոչնչացրել, հետո անմիջապես 32 դիրքի ուղղությամբ են կրակել․ «Կոհակի դիրքը մենք ենք ոչնչացրել: Հետո, երբ մեր պոստեր են մտել, ասել են կրակեք, իրենք մեջն են։ Մեր պոստի վրա մոտավորապես ժամը 4-5-ին ենք կրակել»։

Սլավա Օհանյանն ասում է, որ Մարտունի–Ճարտար հատվածում 3-րդ բրիգադի հակատանկային այլ հաշվարկները ևս աշխատել են։

Հարցին, թե արդյոք հակառակորդը կրակով հակատանկիստներին չի ճնշել, Սլավա Օհանյանն ասում է, որ շատ դժվար են իրենց տեղը գտել, քանի որ արագ փոխում էին տեղերը, որ հակառակորդը չնկատի․ «Կռիվը վերջանալուն մոտ մեզ տեսել են ու սկսել հրետակոծել։ Մենք էլ թշնամու վրա ենք սկսել կրակել, մոտիկից»։

Սպա Զավենն ասում է, որ Մարտունի–Ճարտար բնագծում հակատանկիստները ընդհանուր առմամբ հինգ տանկ են խոցել, ինչպես նաև հետևակի մարտական մեքենաներ։

Տեսանկարահանել է Սլավա Օհանյանի հաշվարկի տղաներից մեկը իրենց կրակային կետից, թե ինչպես է հակատանկիստների մեկ այլ հաշվարկ Ճարտարի ալեհավաքի մոտից հրթիռ արձակում ադրբեջնական դիրքի ուղղությամբ։

Հետաքրքիր մանրամասներ

3-րդ բրիգադի 2-րդ գումարակի սպա Զավենը պատմում է, որ պատերազմից մոտ տասը օր առաջ ռուսներին չենթարկվելու մասին հեռախոսագիր են ստացել։ Նրա խոսքով՝ հենց պատերազմի օրը, երբ պաշտպանության բանակի 3-րդ բրիգադի 2-րդ գումարտակի պահեստում գտնվող զորքը Ճարտարից օգնության էր գնում դիրքապահներին, ռուսները Կախաղան (Քյորքյարիզ) կոչվող վայրի իրենց անցակետում փորձել են կանգնեցնել զորքի տեղաշարժը՝ «նազադ» գոռալով, ինչին հայերը ուշադրություն չեն դարձրել։

Ըստ Զավենի՝ խաղաղապահներն այս վայրում փորձել են կանգնեցնել իրենց, երբ նրանք գնում էին Ճարտարի մոտակա դիրքեր օգնության։

Ամփոփում

Արամ Պետրոսյանն ասում է, որ սեպտեմբերի 19-ին ժամը 20։30-21։00-ին հանդարտվել է իրավիճակը, և իրենք մնացել են այդ վայրում։ Երբ բանակը դիրքավորվեց 32 դիրքի հետևում, նրանք տեղափոխվեցին հարևան չպահվող դիրք՝ զոհված զինծառայողներին նվիրված խաչքարի մոտ։ Եվ միայն սեպտեմբերի 26-ին են դուրս եկել «Խաչքարի» դիրքից։

Ադրբեջանցիները անմիջապես զինադադարից հետո տրակտորով Կոհակից ճանապարհ բացեցին դեպի 32 դիրք։

Դժվար է ասել, թե 32 դիրքի հարձակման ժամանակ ադրբեջանական կողմը ինչքան կորուստներ է տվել։ Մեր զրուցակիցները նշում են հարյուրավոր զոհերի մասին։ Բոլորն ասում են, որ իրենց դեմ կռվել են լավ հանդերձավորված գրոհային խմբեր, որոնց մեջ ժամկետային տարիքի զինվորներ ընդհանրապես չեն նկատել։ Նրանցից որոշներն այն կարծքիքի են, որ գրոհային խմբերը եղել են ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի զինվորականներ։ Ոչ միայն թեժ էր 32 մարտական դիրքում, այլև Մարտունուց դեպի Ճարտար գտնվող հատվածում, որտեղ երկուստեք կորուստներ են եղել։ Բայց Մարտունի–Ճարտար հատվածում, ամենայն հավանականությամբ, հառակորդի հետևակային միակ կամ ամենակատաղի հարձակումը եղել է 32 մարտական դիրքի ուղղությամբ։ Տեսանյութում երևում է, թե ինչ մեծաքանակ խմբով են հարձակվում դիրքի վրա։

Դիրքի պաշտպանության ժամանակ հայկական կողմից զոհվել է յոթ մարտիկ։ Անմիջապես 32 դիրքում մարտչնելիս զոհվել են բանակային, «ֆագոտահար» Զորի Դանիելյանը, աշխարհազորայիններ Վահրամ Սարիբեկյանը և Արաբո Փարամազյանը։ Դիրքի հետնահանջի խրամատի մոտ դիպուկահարի կրակից զոհվել են Նելսոն (Լենսեր) Պողոսյանը (աշխարհազոր), Սևակ Գրիգորյանը (պաշտպանության բանակ), Գոռ Բաղդասարյանը (աշխարհազոր) և Ազնավուր Սաղիյանը (կամավորական), վիրվորվել են կամավորական Կոմիտաս Ղահրամանյանը և աշխարհազորային Արամ Մարտիրոսյանը։

«Մենք պոստը տվել ենք [ադրբեջանցիներին], հետ իջել, հետո սպասել ենք՝ օգնություն գա, չորս հոգի մարդ ենք մնացել, վիրավոր, զոհ, փախած մարդիկ կային․․․ Չորս հոգի մարդ էինք մնացել, մինչև հետևից օգնության են եկել։ Մեր դիրքի տղաների, ցավը տանեմ, թեկուզ փախածների, անունը չեմ տվել, որ զուտ դա մարտունեցուն վայել չէ, ես մարտունեցիների ցավը տանեմ․․․ Մեր տղաների գլխավորությամբ, մենք որձի պես կանգնել ենք, մի քանի հոգի փախել են, միգուցե և ճիշտը դա էր», – ասում է աշխարհազորային Տիգրան Բալասանյանը։

Արամ Պետրոսյանն ասում է, որ ռազմամթերքի խնդիր չունեին, պարզապես ակնկալում էր, որ ավելի շատ մարդ կգա օգնության, հատկապես 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակիցները։

«Դպրոցի ժամ էր, երեխեքը դպրոցում էին ու մանկապարտեզում, բոլորը իրար խառնված, կապն էլ էր կտրված։ Արկեր շատ են խփել, ժողովուրդն էլ խուճապի մեջ էր ընկել, վառելիքի պատճառով շարժվող մեքենա չկար, ոտքով են եկել պոստ։ Մինչև եկել են, 1-1,5 ժամ քաշել է»,- ասում է 32 դիրքի ավագը։

Հ․Գ․ Ավելի ամբողջական պատկեր ստանալու համար հարցազրույցի հրավիրեցինք նաև 3-րդ բրիգադի 2-ր գումարտակի հարամանտարին, բայց նա մերժեց։

Կարդացեք նաև՝
Հետկապիտուլյացիոն բախումը Ստեփանակերտի «Պառալելնի» և Կրկժան թաղամասերում

Մեկնաբանել