ՔՊ-ն փորձում է շանտաժներով Ալավերդու կառավարումը խլել, սա՞ է Փաշինյանի ժողովրդավարությունը․ Արկադի Թամազյան

2022-ի սեպտեմբերի 25-ի Ալավերդիում անցկացված ընտրություններին ավագանու հավասար՝ 13-ական մանդատ էին ստացել Քաղաքացիական պայմանագիրը և Ապրելու երկիրը՝ չհաղթահարելով 50 տոկոսի շեմը: Ապրելու երկիրը կոալիցիա կազմեց ընդամենը մեկ մանդատ ստացած Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) հետ, և ավագանին քաղաքապետ ընտրեց Ապրելու երկրի անդամ Արկադի Թամազյանին։ 2023-ի հուլիսի 28-ից սկսած ՔՊ խմբակցությունը՝ չմասնակցելով ավագանու նիստերին, քվորում չի ապահովում և տապալում է դրանք։ ՔՊ-ն Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու դիմում է ներկայացրել, որը քննարկվելու է վաղը՝ դեկտեմբերի 5-ին։ Նույն օրը՝ ժամը 8։00-ին, քաղաքապետ Արկադի Թամազյանն էլ ալավերդցիներին հրավիրել է համայնքապետարանի մոտ՝ հրապարակային քննարկման: Ալավերդիում ստեղծված իրավիճակի շուրջ Սիվիլնեթը զրուցել է Ապրելու երկիր կուսակցության անդամ, համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի հետ։

– Պարոն Թամազյան, օգոստոսի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել էր Ալավերդի համայնք։ Դուք նրան դիմավորել եք, ներկա եք եղել վարչապետի հետ բոլոր հանդիպումներին: Ի՞նչ տպավորություն եք ստացել Նիկոլ Փաշինյանից:

– Այո, ես պարոն վարչապետին դիմավորել եմ: Նա մեր պետության ղեկավարն է և որպես համայնքի ղեկավար ես պարտավոր էի նրան դիմավորել: Դա կարգն է:

– Ի՞նչ տպավորություն է թողել վարչապետ Փաշինյանը Ձեզ վրա:

– Անկեղծ մարդու տպավորություն: Որպես համայնքի ղեկավար ես պարոն վարչապետին տեղյակ եմ պահել համայնքի խնդիրների մասին: Բարձրացրել եմ մեր համայնքի Մղարթ և Արդվի բնակավայրերի տարիներ շարունակ չլուծվող խմելու ջրի հարցը: Խնդրել եմ նաև աջակցել Օձունի նորակառույց առողջարանային համալիրի գույքի ձեռք բերման հարցում: Նա հանձնարարական տվեց լուծել այդ խնդիրները:

– Ձեր բարձրացրած խնդիրների հետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականները կատարվե՞լ են:

– Դեռ ոչ:

– Վարչապետը տեղյա՞կ էր Ալավերդիում իր կուսակցության անդամների ստեղծած վիճակին:

– Ոչ, երկուսս էլ այդ թեմայով զրույց չբացեցինք:

– Անվստահություն հայտնող նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Ղումաշյանը Շնող համայնքի միջոցներով որոշ գնման պայմանագրեր է կնքել, որոնք կարող են խիստ վիճահարույց դիտվել։ Այս գործում կարող են ներգրաված լինել ավագանու այլ անդամ Արտակ Գեվորգյանն ու ավագանու մեկ այլ անդամ Արեն Դալլաքյանի ընտանիքը։ Տեղյա՞կ եք այդ պայմանագրերի բնույթին, դրանք ուղարկե՞լ եք իրավապահներին։

– Ես տեղյակ եմ այդ պայմանագրերին, սակայն ստեղծված աշխատանքային ծանր պայմաններում հնարավորություն չեմ ունեցել առավել խորությամբ ուսումնասիրել դրանք և հետաձգել եմ իրավապահ մարմիններին ուղարկելու գործը:

– Ի՞նչ գնահատական կտաք Ալավերդիում ստեղծված իրավիճակին:

– ՔՊ-ականներն իրենց ամբիցիայի համար կոլապսի են ենթարկել Ալավերդի համայնքը։ Նրանք փորձում են ամեն գնով մեր համայնքի կառավարումը վերցնել իրենց ձեռքը: Նախորդ տարվա սեպտեմբերի ընտրություններին համայնքի ընտրողները պարոն Մկրտչյանին (ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Արեն Մկրտչյանին – խմբ․) պատշաճ ձայներ չեն տվել: Չեմ մեկնաբանի՝ դրա մեղավորը ես եմ, թե Մկրտչյանը: Հիմա փորձում են քաղաքի կառավարումը մեր ձեռքից վերցնել, ոչ թե օրինական ձևով, այլ շանտաժներով: Սա՞ է պարոն Փաշինյանի ժողովրդավարությունը, որի մասին նա անվերջ խոսում է: Երեք ամսից ավելի է համայնքում ավագանու նիստեր չեն գումարվում: Այս պահին իմ աշխատանքային սեղանին դրված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին հասցեագրված գրությունները, որտեղ նրանց հայտնում եմ 2023-ի աշնանային նստաշրջանի ընթացքում երեք ամիս շարունակ մեր ավագանու նիստերը ՔՊ-ի կողմից ձախողելու մասին: Մենք նախարարին և Լոռու մարզպետին խնդրել ենք գործող օրենքի համաձայն վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները: Նոր ընտրություն նշանակելու փոխարեն, կառավարությունը հրահանգել է համայնքի ղեկավար նշանակել Դավիթ Ղումաշյանին՝ Ալավերդիում իշխանությանը բռնի ուժով տիրանալու համար: Ընտրությունների արդյունքներով 5 տարի համայնքը պետք է ղեկավարենք մենք: Եթե ընտրողները կորոշեն, որ Ալավերդին կառավարելու է այլ ուժ, մենք կհասկանանք ժողովրդի որոշումը, դա կլինի ժողովրդավարություն: Բայց այս պարագայում, այն ինչ անում է ՔՊ-ն՝ չենք հանդուրժի: Ժողովրդի կարծիքը իմանալու համար մենք վաղը առավոտյան ժամը 8-ին նրանց հրավիրել ենք Ալավերդու համայնքապետարանի մոտ՝ հրապարակային քննարկման:

– Աշխատանքային մեկ տարի և երկու ամիսներին Ձեզ հաջողվե՞լ է Ձեր նախընտրական ծրագրերով նախատեսված խնդիրներն իրականացնել:

– Համատարած բոյկոտի պայմաններում մենք սուբվենցիոն ծրագրով բազմաբնակարան 35 շենքերի ջերմամեկուսացում, տանիքների նորոգում ենք կատարել: Ալավերդի, Շամլուղ, Ախթալա բնակավայրերի փողոցների ասֆալտապատում և տուֆով սալարկման աշխատանքներ ենք արել: «Ապրելու» իմնադրամի միջոցներով վերականգնել ենք Ալավերդու մարզադաշտը, դա մեծ ոգևորությամբ է ընդունվել բնակչության կողմից: Այժմ մարզադաշտում ավարտված են խոտածածկման աշխատանքները: Հաջորդ փուլում մարզադաշտի նստարաններն ենք տեղադրելու: Անցած ժամանակաշրջանում համայնքում նաև լուսավորության աշխատանքներ են կատարվել: Այս պահին կապիտալ վերանորոգման են ենթարկվում Ալավերդու նախկին պիոներ տան երկհարկանի շենքը և թիվ 6 մանկապարտեզը: Իրականացրել ենք նաև ոռոգման համակարգի վերանորոգման աշխատանքներ Այրում և Ճոճկան գյուղական բնակավայրերում:

– Ի՞նչ իրավիճակ են ստեղծվել Ալավերդիում ՔՊ-ի բոյկոտների հետևանքով։

– Այդ բոյկոտների պատճառով շինարարական կազմակերպություններին չենք կարողանում վճարումներ կատարել, թեև նրանց խնդրել ենք շինարարական աշխատանքները շարունակել: Ստեղծված իրավիճակում շինարարները կարող են դիմել դատարան: Տուժել է նաև մեր բնակչությունը, համայնքը։ Նրանք բազմաթիվ խնդիրներ ու հարցեր ունեն, նույնիսկ ավագանու վերջին նիստի օրակարգը, որ ուսումնասիրեք, քաղաքացիների կողմից մեզ ուղարկված հարցերին ամիսներով չենք պատասխանել բոյկոտի պատճառով: Ունենք ծրագրեր, որոնց իրականացման համար ավագանին պետք է տա իր համաձայնությունը: ՄԱԿ-ի կողմից համայնքին պետք է տրամադրվի 215 մլն դրամ՝ Ալավերդիում արևային կայան կառուցելու համար։ Կան նման բազմաթիվ խնդիրներ: Այս ճանապարհով է ՔՊ-ն մեզանից ուզում վերցնել համայնքի իշխանությունը:

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի

Մեկնաբանել