Գլխավոր Լրահոս

650 000 + 1․ Փաշինյանին կհաջողվի՞ ստանալ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտ այո-ները

650 000 + 1․ Փաշինյանին կհաջողվի՞ ստանալ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտ այո-ները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է լուրջ բարդությունների բախվել, եթե ի վերջո նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացը հասնի հանրաքվեի փուլ։ Ըստ գործող Սահմանադրության՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը։ 

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին՝ դա պայմանավորելով նրանով, որ Սահմանադրության նախաբանը հղում է անում Հայաստանի Անկախության հռչակագրին, ինչն իր հերթին հղում է անում 1989-ին Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման որոշմանը։ Ըստ Փաշինյանի՝ Սահմանադրությունը խոչընդոտում է Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելուն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս հրապարակավ որպես խաղաղություն հաստատելու նախապայման պահանջել է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։

2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը մոտ 2,6 մլն էր։ Սա նշանակում է, որ հանրաքվեի դրված հարցը կարող է ընդունված համարվել, եթե դրան կողմ քվեարկի 650 000 + 1 քաղաքացի։ Այո-ի հաղթանակը ուժերի ու ռեսուրսների գերլարում կպահանջի կառավարող ուժից։  Համեմատության համար՝ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ՔՊ) հավաքել է 688 761 քվե։ Ընդ որում, 2021-ի խորհրդարանական ընտրությունները ներքաղաքական բևեռացման ու սուր մրցակցության պայմաններում, երբ քաղաքական ուժերին հաջողվել էր համախմբել իրենց ընտրազանգվածներին և ուղղորդել ընտրատեղամասեր։

Երեք տարի առաջ հավաքած քվեների թիվը ՔՊ-ին հազիվ թե հաջողվի պահպանել՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ 2018-ին ՔՊ-ն խորհրդարանական ընտրություններում հավաքել էր ավելի քան 884 000 քվե, 2021-ի ընտրություններում՝՝ 688 000: 

Հնարավոր հանրաքվեի դեպքում կենտրոնական դեր են ունենալու Երևանում ընտրության արդյունքները։ Ընտրելու իրավունք ունեցողների մոտավորապես 33 տոկոսը Երևանում է։ Մի քանի ամիս առաջ Երևանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, սակայն, ՔՊ-ն ոչ միայն չկարողացավ միայնակ ստանալ մանդատների 51 տոկոսը, այլև անգամ իր կոալիցիոն դաշնակից «Հանրապետություն» կուսակցության հետ ունեցած մանդատները չին բավարարում քվորում ապահովելուն և քաղաքապետ ընտրելուն։ 

Եթե ՔՊ-ն 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում Երևանում ստացել էր 181 000 ձայն, երկու տարի անց Երևանի ավագանու ընտրություններում հավաքեց 75 500 ձայն։ Ընդ որում՝ Երևանում կայացած ընտրություններն աչքի ընկան մասնակցության ռեկորդային ցածր մակարդակով․ ընտրելու իրավունք ունեցողների թիվը չէր գերազանցում 29 տոկոսը։ 

Փետրվարի 1-ին Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի եթերում շարունակեց խոսել սահմանադրական հանրաքվեի անհրաժեշտության մասին։ Նա ասաց՝ սահմանադրական հանրաքվեն այն պահն է, երբ ժողովուրդը ոչ պետական ժողովրդից կվերածվի պետական ժողովրդի։ Փաշինյանը նաև չբացառեց, որ նոր սահմանադրությամբ կարող է չորրորդ հանրապետության սկիզբը դրվել։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում