Գլխավոր Լրահոս

Գերիներ, հայ-ադրբեջանական գործընթաց, դաշնակիցներ ու գործընկերներ․ կառավարության կատարողականը

Գերիներ, հայ-ադրբեջանական գործընթաց, դաշնակիցներ ու գործընկերներ․ կառավարության կատարողականը

Գևորգ Թոսունյան

Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 23 անձի, որոնցից 16-ը գերության մեջ են հայտնվել սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով։ Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության 2023-ի զեկույցում։ 

ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցում ամրագրվում է, որ կան փաստական տվյալներ առնվազն 32 անձանց՝ 2020-ի պատերազմից հետո բռնի անհետացման վերաբերյալ, որոնց ճակատագրի մասին Ադրբեջանը տեղեկություն չի հաղորդում։ Ըստ գործադիրի՝ շարունակում է բաց մնալ 2020-ի 44-օրյա պատերազմում և դրանից հետո անհետ կորած համարվող 215 և 1990-ականներին անհետ կորած 777 ՀՀ քաղաքացիների և Արցախի հայերի ճակատագիրը։  

Զեկույցի համաձայն՝ 2023-ի ընթացքում ՀՀ զինված ուժերում մարտական պայմաններում զոհվել է 19, իսկ ոչ մարտական պայմաններում՝ 64 զինծառայող: Տարվա ընթացքում գերեվարվել և վերադարձվել է 3 զինծառայող: 

Պաշտպանության մասին բաժնում նշվում է, որ նախորդ տարի հաստատվել են ՀՀ զինված ուժերի 2023-2027թթ. զարգացման պլանը, ՀՀ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2023-2027թթ. զարգացման պետական ծրագիրը, ՀՀ զինված ուժերի կիրառման պլանը՝ ծավալման և զորահավաքային պլաններով, ՀՀ տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանի մտահղացումը: 

Թեև լղոզված, սակայն անդրադարձ կա ատեստավորմանը։ Մասնավորապես, զեկույցում կարդում ենք, որ 2023-ին մեկնարկած զինծառայողների ատեստավորման գործընթացին  մասնակցել է շուրջ 5 800 զինծառայող, սակայն հետագա շարադրանքից պարզ չէ, թե նրանցից տոկոսային առումով քանիսն են անցել ատեստավորումը։ Միայն նշվում է, որ «ատեստավորման արդյունքներով զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացվելու է 205 000-ից 470 000 դրամի չափով, ինչի արդյունքում որոշ դեպքերում ընդհանուր դրամական բավարարումը գրեթե կրկնապատկվելու է»: 

Պետական սահմանի պահպանության համակարգի կատարելագործման ուղղությամբ 2023-ի ընթացքում կահավորվել և ավարտին են հասցվել 9 կառավարման կետեր: Զինված ուժերում կանանց ներգրավվածության մակարդակի բարձրացման նպատակով կատարված օրենսդրական փոփոխություններից հետո ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային գումարտակ: 

Զորավարժությունների մասով ևս առկա է ոչ հստակ տեղեկատվություն։ Զեկույցում ասվում է․ «Այլ պետությունների և կազմակերպությունների հետ փոխգործակցության մակարդակը բարձրացնելու նպատակով 2023-ի ընթացքում զինված ուժերի ստորաբաժանումները և խմբերը մասնակցել են 10-ից ավելի զորավարժությունների և վարժանքների, որոնցից մեկն անցկացվել է Հայաստանում («Արծիվ գործընկեր» հայ-ամերիկյան զորավարժություն)»: Այդուհանդերձ զեկույցից պարզ չէ, թե քանի զորավարժություն է իրականացվել Հայաստանի տարածքում։

«Մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 541 զինծառայող: 78 շահառուի հատկացվել է բնակարանի գնման վկայագիր, որոնցից 40 զինծառայող արդեն ձեռք է բերել բնակարան կամ բնակելի տուն: 

Հայաստանի խաղաղության վիճակը գնահատվում է «միջին»: 

Հայաստան - Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթաց

Այս համատեքստում գործադիրի զեկույցում շեշտադրվում է 1991-ի դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Նշվում է, որ դրա հիման վրա երկու երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն առանց որևէ երկիմաստությունների և կամայական մեկնաբանությունների՝ ընդհուպ հստակ նշելով մակերեսները։ 

Շեշտվում է, թե խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի խմբագրական առաջարկների փոխանակումը կողմերի միջև շարունակվել է։ 

«2023-ի տարեվերջին Հայաստանն ստացել է և արդեն 2024-ի առաջին օրերին Ադրբեջանին է փոխանցել պայմանագրի նախագծի 7-րդ խմբագրությունը։ Կողմերի հրապարակային հավաստիացմամբ՝ առկա է փոխհամաձայնության գալու իրական հնարավորություն»,- ասվում է զեկույցում։ 

Այնուհետև փաստաթղթում անդրադարձ է կատարվում «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ 

Հարաբերությունները Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի և այլ երկրների հետ

Զեկույցում ամփոփվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև 2023 թվականի ընթացքում տեղի է ունեցել 2 հանդիպում և 9 հեռախոսազրույց։ Նույն տարվա ընթացքում Փաշինյանը 8 հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

2023-ի արդյունքներով ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառությունը (ներմուծման ցուցանիշներն ըստ արտահանող երկրի) կազմել է շուրջ 7,5 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2022-ի համեմատ աճելով 39,4%-ով, Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 692,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև՝ 670,1 մլն ԱՄՆ դոլար՝ 2022-ի համեմատ աճելով 45,1%-ով: 

ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունն էլ, ըստ կառավարության, զգալիորեն խորացել է՝ էապես բարձրացնելով քաղաքական երկխոսության մակարդակը և ընդգրկելով նոր բաղադրիչներ, այդ թվում՝  անվտանգության ոլորտում: Այս տեսանկյունից շեշտադրվում է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը:

Տնտեսական և ներդրումային պլանի ներքո հաստատված 5 ուղենիշների շրջանակներում 2023-ի վերջի դրությամբ շուրջ 550 մլն եվրո արժողությամբ ծրագրեր են հաստատվել և մեկնարկել:

ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում 2023-ի ընթացքում հաստատվել է  49,5 մլն եվրո ընդհանուր արժողությամբ երեք դրամաշնորհային համաձայնագիր: 

Տրվել է ԵՄ-ի, ԵՄ անդամ մի շարք պետությունների, Շվեյցարիայի, ինչպես նաև ԵՆԲ-ի համատեղ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» պաշտոնական մեկնարկը, որի սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար հայտարարվել էր շուրջ 51 մլն եվրո, իսկ տարվա ընթացքում ավելացել է՝ դառնալով շուրջ 116 մլն եվրո: Նախաձեռնության հիմնական նպատակներն են՝ նպաստել Սյունիքի մարզում ձեռնարկությունների համար գործարար միջավայրի բարելավմանը, մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, քաղաքացիակենտրոն և որակյալ հանրային ծառայությունների հասանելիության ընդլայնմանը, տարածքային «կանաչ» զարգացման մոտեցումների կիրառմանը։

Նախորդ տարի Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի  համեմատ աճել է 17,1%-ով՝ կազմելով շուրջ 2,7 մլրդ ԱՄՆ դոլար: 

Այնուհետև զեկույցում անդրադարձ է կատարվում Ֆրանսիայի, Գերմանիայի, եվրոպական և ԱՊՀ երկրների հետ հարաբերություններին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում