«Ոչ բարեկամական պահվածք»․ Զախարովան՝ «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին

«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը Մոսկվան համարում է «ոչ բարեկամական պահվածքի հերթական օրինակ»։ Այս մասին փետրվարի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք դա դիտարկում ենք պաշտոնական Երևանի ներկայացուցչի ոչ բարեկամական պահվածքի հերթական օրինակ։ Այնքան էլ պարզ չէ, թե որքանով է Ազգային ժողովի նախագահը պատասխանատու իր բարձրացրած թեմայի համար»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններից հարցի առնչությամբ ոչ մի դիմում չեն ստացել։

***

Փետրվարի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ռուս սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։

«Ես նման քննարկման («Զվարթնոցից» ռուս սահմանապահների դուրս բերման վերաբերյալ – խմբ․) մասնակից չեմ եղել, բայց կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ իրենք այդտեղից դուրս գան։ Դա իմ անձնական կարծիքն է։ Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն։ Ապացուցվեց մի քանի անգամ որ չպաշտպանեցին։ Եկան ԼՂ ի՞նչ արեցին, հայ ժողովրդին դուրս ուղեկցեցի՞ն, է՞դ են պաշտպանել։ Մի օր էլ «Զվարթնոցից» ինձ ու ձեզ ուղեկցե՞ն դուրս»,- ասել էր Սիմոնյանը։

Մեկնաբանել