Գլխավոր Լրահոս

Քաղաքապետարանը երկու տարի չի կարողանում վերականգնել ճանապարհի փլուզված մի հատված

Քաղաքապետարանը երկու տարի չի կարողանում վերականգնել ճանապարհի փլուզված մի հատված

Գևորգ Թոսունյան

Երևանի քաղաքապետարանը չունի պատասխան, թե ի վերջո երբ հնարավոր կլինի վերականգնել Ծիծեռնակաբերդի խճուղու չորրորդ գոտին։ Սկզբնական շրջանում քաղաքային իշխանությունները մոլորեցնում էին քաղաքացիներին՝ տարբեր ժամկետներ ներկայացնելով, իսկ հիմա ընդհանրապես խուսափում են որևէ ժամկետ նշելուց։

Շուրջ երկու տարի առաջ՝ 2022-ի մայիսի 20-ին, փլուզվեց Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածը։ Քաղաքապետարանը խոստացավ, որ արագ կվերականգնի փլուզված մասը։ Նախնական վարկածն այն էր, որ փլուզմանը կարող էր նպաստած լինել այդ հատվածով անցնող անձրևատարի տեխնիկական անսարքությունը: 

2022-ի մայիսի 27-ին էլ քաղաքային իշխանությունը պնդեց, որ «Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը: Գործընթացը պարտավորվել է կատարել ճամփեզրին շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը»։

Նույն տարվա հունիսին էլ քաղաղաքապետարանը վստահեցրեց, թե «Lենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհի փլուզված հատվածի վերակառուցումը մտել է վերջնական փուլ»։

Հուլիսի 11-ին էլ քաղաքային իշխանությունը FIP-ին էր վստահեցրել, որ ճանապարհն ամբողջությամբ կվերականգնվի երկու ամսվա ընթացքում։ «Ճանապարհի երթևեկելի չորրորդ գոտին նախատեսվում է գործարկել երկու ամսվա ընթացքում»,- քաղաքապետարանի պատասխանն է մեջբերել կայքը։ Նմանաբնույթ պատասխան էր ստացել նաև Օragir.news-ը։ Ասել էին, թե սեպտեմբերին կվերականգնվի ճանապարհի չորրորդ գոտին։

Քաղաքապետարանի ոչ մի նշված ժամկետում, սակայն, ճանապարհն ամբողջությամբ չվերականգնվեց առ այսօր։ ՍիվիլՆեթի նկարահանումներից էլ պարզ երևում է, որ ճանապարհի չորրորդ գոտին վերականգնելու ուղղությամբ գործնականում ոչինչ չի իրականացվել։ Կառուցապատողը պարզապես արգելապատնեշներ է դրել, որ փլուզում չլինի ու աշխատանքները չընդհատվեն ընկնող քարերի պատճառով։

Դեռ հունվարի 18-ին ՍիվիլՆեթը գրավոր հարցում էր ուղարկել քաղաքապետարան՝ խնդրելով հայտնել, թե ինչու շուրջ 2 տարվա ընթացքում քաղաքապետարանը այդպես էլ չկարողացավ ճանապարհը բերել նախկին տեսքին կամ պարտավորեցնել կառուցապատողին, որ այն վերականգնի։ Մենք հետաքրքրվել էինք նաև, թե ինչ որոշում է կայացվել «Սահակյանշին» ՓԲ ընկերության հետ բանակցությունների արդյունքում ու ի վերջո երբ կվերանորոգվի ճանապարհը։

Քաղաքապետարանի լրատվության վարչությունից մեզ բանավոր խնդրել էին սպասել մինչև մարտ ամիս՝ պատճառաբանելով, թե գործընթացը քննարկման փուլում է և միայն այդ ժամանակ կկարողանան հստակ ժամկետներ ասել։ 

Մարտի 1-ին մենք քաղաքապետարանին հիշեցրինք հարցման մասին և ստացանք խուսափողական պատասխան։

«Տեղեկացնում ենք, որ հստակ ժամկետներ նշել, թե երբ հնարավոր կլինի Ծիծեռնակաբերդի խճուղու այդ հատվածի երթևեկությունը վերականգնել բոլոր գոտիներով, հնարավոր չէ, քանի որ այժմ կազմվել է քաղաքաշինական վերանայված նոր նախագիծ, որն էլ ուղարկվել է համալիր փորձաքննության՝ Քաղաքաշինության կոմիտե»,- նշված է պատասխանում։

Փաստորեն, Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությանը մեկուկես ամիս էր պետք հասկանալու, որ որևէ ժամկետ չեն կարող նշել, իսկ քաղաքային իշխանությանը՝ երկու տարի, որպեսզի կազմի այս մի ճանապարհի քաղաքաշինական վերանայված նոր նախագիծն ու ուղարկի փորձաքննության։

Տվյալ պարագայում ճիշտ է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պնդելով, որ փոքր խնդիրները չեն կարողանում լուծել, բայց խոսում են մեծ ծրագրերից․ «Մետրո պետք է կառուցենք Աջափնյակում, մի ամիս ա փոս չենք կարողանում լցնել, գնացեք, անձամբ լցրեք ասֆալտը»,- ասում էր Ավինյան 2023-ի հունիսի 16-ի գործակարգավարական նիստին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում