Միրզոյանը հաստատեց՝ ռուսական կողմը ծանուցվել է «Զվարթնոցից» սահմանապահներին հանելու մասին

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատեց «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին ռուսական կողմին պաշտոնապես ծանուցելու տեղեկությունը։

«Ի սկզբանե ռուս սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանում, մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը և նախատեսված է եղել այս գործառույթն իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա։ Մենք կարծում ենք, որ ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը»,- մարտի 7-ին Երևանում Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Միրզոյանը։

«Ծանուցել ենք ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայությունում այլևս ռուսական կողմի աջակցության, մասնակցության կարիքը չենք զգում։ Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար և հարցը այդքանով կլուծվի»,- ավելացրեց ԱԳՆ ղեկավարը։

Նրա խոսքով՝ հայ-թուրքական, հայ-իրանական սահմանին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահների աջակցությունից հրաժարվելու հարց չի քննարկվում․ «Հայտարարությունը եղել է միայն «Զվարթնոցի» մասին, հետևաբար խոսում ենք միայն «Զվարթնոցի» մասին»։

***

Երեկ՝ մարտի 6-ին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին, ասել էր․ «Որքան մենք հասկանում ենք, այդ հարցում որոշումներ չեն եղել: Եվ ոչ ոք մեզ այդ որոշումները չի փոխանցել պաշտոնական խողովակներով»։

Ավելի ուշ նրան արձագանքել էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին Հայաստանը պաշտոնական նամակով տեղեկացրել է Ռուսաստանին։

Փետրվարի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ռուս սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից․ «Ես նման քննարկման («Զվարթնոցից» ռուս սահմանապահների դուրս բերման վերաբերյալ – խմբ․) մասնակից չեմ եղել, բայց կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ իրենք այդտեղից դուրս գան։ Դա իմ անձնական կարծիքն է։ Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն։ Ապացուցվեց մի քանի անգամ որ չպաշտպանեցին։ Եկան ԼՂ ի՞նչ արեցին, հայ ժողովրդին դուրս ուղեկցեցի՞ն, է՞դ են պաշտպանել։ Մի օր էլ «Զվարթնոցից» ինձ ու ձեզ ուղեկցե՞ն դուրս»,- ասել էր Սիմոնյանը։

Մեկնաբանել