Կիրակի գիշեր Իրանը հայտարարել է Իսրայելի թիրախների դեմ տասնյակ անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռների արձակման մասին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ԱԹՍ-ներն ու հրթիռները արձակել են «Ճշմարիտ խոստում» գործողության շրջանակում և նշել, որ այդ քայլը «իսրայելական հանցագործությունների» պատժի մասն է։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ավելի քան 200 կամիկաձե ԱԹՍ, թևավոր հրթիռներ և բալիստիկ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ, որոնց ճնշող մեծամասնությունը խոցվել է։
Իրանի հարձակումը հետ մղելու գործում ներգրավված են ԱՄՆ հակաօդային պաշտպանությունը և բրիտանական ավիացիան։
Մերձավոր Արևելքի շատ երկրներ փակել են իրենց օդային տարածքը։
Իրանը սպառնում է նոր հարված հասցնել, եթե Իսրայելը պատասխան հարված հասցնի, և զգուշացնում է ԱՄՆ-ին չմիջամտել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն օգնել է Իսրայելին ոչնչացնելու Իրանից արձակված գրեթե բոլոր ԱԹՍ-ներն ու հրթիռները։ Իրանի հարձակման հարցով նա Մեծ յոթնյակի երկրների ղեկավարների հրատապ նիստ է հրավիրում։
Civilnet











