Ինչո՞ւ է Վրացական երազանքը վերակենդանացնում օտարերկրյա գործակալների օրենքը

Նկարապատումը՝ Թամար Շվելիձեի/OC Media

Շոթա Կինչա, OC Media

(Հոդվածը սկզբնաղբյուր կայքում հրապարակվել է ապրիլի 5-ին)

Վրաստանի իշխող կուսակցությունը խոստացել է ընդունել վիճահարույց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը` այն բանից հետո, երբ մեկ տարի առաջ զանգվածային ցույցերի արդյունքում այն հանվել էր օրակարգից։ Երբ խորհրդարանական ընտրություններին ընդամենը վեց ամիս է մնացել, ինչո՞ւ է իշխող կուսակցությունը նման ռիսկային քայլի գնում։

Ապրիլի 3-ի առավոտյան Վրացական երազանքի խորհրդարանական առաջնորդ Մամուկա Մդինարաձեն հայտարարեց, որ կառավարությունը հետ կբերի (քննադատների կողմից «ռուսական օրենք» հորջորջված) օրենքը, որը թիրախավորելու է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և լրատվամիջոցներին և, հավանաբար, ականահարելու է երկրի եվրաինտեգրումը:

2023-ի մարտին օրինագծից սկզբնական հրաժարումը դիտվեց որպես քաղաքացիական հասարակության հաղթանակ և Վրացական երազանքի նվաստացուցիչ պարտություն։ Կուսակցությունն այն ժամանակ ամուր հավաստիացումներ տվեց, որ չի փորձի վերակենդանացնել օրենսդրությունը: Նրանց հանկարծակի մտափոխությունն այժմ անհասկանալի է:

Ակնկալվում էր, որ իշխող կուսակցությունը հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ֆավորիտն է, ընդ որում ընդդիմադիր կուսակցությունները լավագույն դեպքում հույս ունեն ստանալ բավականաչափ տեղեր՝ Վրացական երազանքին ընդդիմադիր կոալիցիա ստեղծելու համար:

Հետևաբար, իրենց հստակ ձևակերպված խոստումից հրաժարվելու և կտրուկ ոչ հանրահաճո օրինագծին վերադառնալու որոշումը շփոթության մեջ է գցել ինչպես ներքին, այնպես էլ օտարերկրյա դիտորդներին՝ որպես ակնհայտ խաղադրույք, որը էականորեն կարող է վնասել իշխող կուսակցությանը այս վճռորոշ տարում: Մդինարաձեն անցյալ տարվա մարտին ասել էր, թե «հանրությունը թույլ չի տալիս, որ նման բաներն այդպես մարսվեն»։

Այստեղ մենք ներկայացնում ենք իշխող կուսակցության քայլի մի շարք հնարավոր դրդապատճառներ, որոնք առաջ են քաշվել դիտորդների, քաղաքական գործիչների և մեր թիմի կողմից:

1. Իվանիշվիլին կարծում է, որ Ռուսաստանը անպարտելի է

Ըստ Դավիթ Բերձենիշվիլիի, որը Բիձինա Իվանիշվիլիի Վրացական երազանքի նախկին դաշնակից Հանրապետական կուսակցությունից է, Վրացական երազանքի մոլախաղի հիմնական պատճառներից է Իվանիշվիլիի ընկալումը, որ Պուտինը հաղթում է Ուկրաինայում:

2020-ից ի վեր Իվանիշվիլիի նախկին աշխատակից և այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հաճախ է կրկնել Ուկրաինայի վերաբերյալ Կրեմլի հռետորաբանությունը, այդ թվում՝ Ուկրաինային և ՆԱՏՕ-ին մեղադրելով այն բանում, որ նրանք են Ռուսաստանին «սադրել» ներխուժելու Ուկրաինա։ Ղարիբաշվիլին համարվում է Իվանիշվիլիի մերձավորներից մեկը, որը հրապարակայնորեն արտացոլում է միլիարդատիրոջ կարծիքը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես, ըստ երևույթին, կիսում է Բերձենիշվիլիի տեսակետը։ Նոյեմբերին Le Monde-ին տված հարցազրույցում նախագահը Իվանիշվիլիին նկարագրել էր որպես մարդ, որը «չի կարող պատկերացնել» Ռուսաստանի պարտությունը և, հետևաբար, ձգտում է նախապես «հարմարվել» Ռուսաստանի հաղթանակին:

Օրենքը հրապարակայնորեն անվանվել է «ռուսական օրենք»․ ռուսական նմանատիպ օրենքն օգտագործվում է երկրում քաղաքացիական հասարակությանը ճնշելու նպատակով։ Վրաստանում օրենքն այդպես է անվանվել նաև, որովհետև այն կարող է ուղղված լինել Կրեմլի բարեհաճությանը՝ երկրում քաղաքացիական հասարակությանն ավելի խիստ վերահսկելու և Վրաստանին նրա արևմտյան դաշնակիցներից հեռացնելու առումներով:

2․ Ուղղակի հրահանգներ Կրեմլից

Ոմանք, այդ թվում՝ Վրաստանի նախկին հանրային պաշտպան Նինո Լոմջարիան և Իվանիշվիլիի նախկին դաշնակից Գիա Խուխաշվիլին, ավելի հեռուն են գնացել՝ ենթադրելով, որ կառավարությունը կարող է գործել Ռուսաստանի ուղղակի հրահանգներով:

Ինչպես պնդում է Լոմջարիան, Ռուսաստանը Վրացական երազանքին հանձնարարել է սաբոտաժի ենթարկել իր քայլը դեպի Եվրոպա՝ նրա «չափազանց մոտ» դառնալուց հետո։

Խուխաշվիլիի խոսքով՝ «բավական մեծ հավանականություն» կա, որ խնդրահարույց օրենքի ընդունումը «մի տեսակ պարտավորություն» է, որը կառավարությունն ինչ-որ պահի իր վրա է վերցրել՝ Վրաստանում կառավարումը Ռուսաստանի հետ «սինխրոնացնելու» համար։

Ե՛վ Ուկրաինայի, և՛ Վրաստանի դեպքում Ռուսաստանի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ երկրներն ազատ են ընտրելու իրենց արտաքին քաղաքական ուղղությունը՝ բացառությամբ ՆԱՏՕ-ին միանալը: Այնուամենայնիվ, Ռուսաստանի փորձագետները հիմնականում համաձայն են, որ Կրեմլը հավասարապես զգայուն է ԵՄ ընդլայնման նկատմամբ, ինչը ընդգծվում է 2013-ին Ուկրաինայի նախագահ և Ռուսաստանի դաշնակից Վիկտոր Յանուկովիչի ձեռնարկած քայլերով, որն ընտրեց Ռուսաստանի հետ հարաբերությունները Եվրամիության փոխարեն, ինչը և 2014-ին դրդեց «Արժանապատվության հեղափոխությանն» այդ երկրում:

Ռուս քաղաքական գործիչները հանդես են գալիս Վրաստանի իշխող կուսակցության օգտին։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ վրացական ընդդիմությունը պետք է հասկանա նոր օրենքը «ռուսական նախագիծ» պիտակավորելու «անհեթեթությունը»:

3. Հաշվարկված շեղում

Ըստ ընդդիմադիր «Գիրչի – նոր քաղաքական կենտրոն» խմբի պատգամավոր Հերման Սաբոյի, օրինագծի վերաներկայացումը հաշվարկված քայլ է, որի նպատակն է շեղել հասարակության ուշադրությունը կուսակցության վերընտրվելուն խոչընդոտող խնդիրներից:

Ինչպես Սաբոն է գրել Ֆեյսբուքում, իշխող կուսակցությունը չկարողացավ բևեռացնել քաղաքական դաշտը՝ ԼԳԲՏ+-ի «քարոզչության» դեմ իր օրինագծով՝ դրանով իսկ չշեղելով հանրության ուշադրությունը սոցիալական և տնտեսական թեմաներից, որոնց վրա կենտրոնացած է նախկինում իշխող, ներկայիս ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը»։

Ըստ Սաբոյի՝ Վրացական երազանքը հասկացել է, որ խորհրդարանում իր օրենսդրական նախաձեռնությունների հետ կապված սպասվող վեճերը և բողոքի փողոցային ցույցերը կարող են հակառակ արդյունքը տալ, սակայն դա գնահատվել է որպես «ընդունելի ռիսկ»:

Մարտից ի վեր տեղական ԼԳԲՏ+ անձանց իրավապաշտպան խմբերը և կազմակերպությունները չեն շփվում իշխող կուսակցության հետ՝ հոմոֆոբ օրինագծի պատճառով: Քաղաքական խմբերը մերժել են նաև Վրացական երազանքի՝ դա քննարկելու բազաթիվ հրավերները՝ դա որակելով որպես ուշադրությունը շեղելու միջոց։

Shame լիբերալ խմբավորումը կարծես համաձայն է: Ապրիլի 3-ին նրանք հայտարարեցին, որ և՛ հոմոֆոբ օրինագիծը, և՛ օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը Վրացական երազանքի փորձն էր՝ շեղելու հանրության ուշադրությունը խնդիրների լուծման ձախողումից, ներառյալ բարեփոխումների բացակայությունը և աղքատությունը:

4. Ընտրություններին ընդառաջ դիտորդական խմբերի «ոչնչացում»

Ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության նախագահ և նախկին վարչապետ Գիորգի Գախարիան պնդում է, որ Վրացական երազանքի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքն ընդունելու բազմակի փորձի դրդապատճառը ընտրությունների ազգային և միջազգային մոնիտորինգի խմբերի նկատմամբ «վստահությունը լիովին ոչնչացնելն է»։

Վերջին տարիներին Վրացական երազանքի գլխավորած կառավարությունը սաստկացրել է իր քննադատությունը Արևմուտքի աջակցությունը ստացող տեղական ժողովրդավարական խմբերի, այդ թվում՝ ISFED-ի (Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերակցություն) և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ – Վրաստանի» նման դիտորդ խմբերի, ինչպես նաև նրանց դոնորների նկատմամբ:

Իշխող կուսակցությունն ու կառավարությունը, նրանց հետ կապված լրատվամիջոցները օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը վերադարձնելուց շաբաթներ առաջ սաստկացրին քննադատությունը արևմտյան խոշոր դոնոր կազմակերպությունների կողմից իբր «անթափանց» ֆինանսական օգնության վերաբերյալ:

Օրինագծի վերաներկայացման մասին հայտարարելուց մի քանի օր առաջ խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին քննադատեց դոնոր կազմակերպություններին, այդ թվում՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամին (European Endowment for Democracy), տեղական ընդդիմադիր խմբերին «ապօրինի ֆինանսավորելու» համար:

Ապրիլի 4-ին ընդդիմադիր Lelo-ի պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին պնդեց, որ կառավարությունը ձգտում է զսպել օտարերկրյա ֆինանսական միջոցների ներհոսքը՝ վնասելու տեղական դիտորդական խմբերին: «Նման բան արել են Վլադիմիր Պուտինն ու Լուկաշենկոն»,- ասել է Սամադաշվիլին։

5․ «Երկրորդ մայդանի» սպառնալիք

Civic IDEA-ի կազմակերպության հետազոտությունների գծող ղեկավար Գիորգի Շայշմելաշվիլին ենթադրում է, որ Վրացական երազանքի վերջնանպատակը կարող է լինել վիճահարույց օրենքի ընդունումը՝ միաժամանակ օգտագործելով վրացիներին անկարգությունների կամ նույնիսկ պատերազմի սպառնալիքով վախեցնելու ռազմավարությունը՝ ճնշելու փողոցային հնարավոր ցույցերը:

Քանի որ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, իշխող կուսակցությունը ակտիվ առաջ է քաշել դավադրության տեսություն, ըստ որի՝ տեղական ընդդիմադիր խմբերը և Ուկրաինայի ղեկավարությունը ցանկանում էին Վրաստանին ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի «երկրորդ ճակատ»:

Իշխող կուսակցության կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը խորհրդարան վերադարձնելու իր ծրագրի մասին հայտարարելուց մի քանի ամիս առաջ Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հայտնեց, որ հետաքննում է ենթադրյալ հեղաշրջումը՝ նախապատրաստված մի խմբի կողմից, որի կազմում են Ուկրաինայի հակահետախուզության փոխտնօրենը և Ուկրաինայում Ռուսաստանի դեմ կռվող վրացի կամավորները:

Դրան արագ հետևեց ռուսամետ ծայրահեղական Alt Info խմբավորման ձեռնարկած արշավը՝ կանխելու ուկրաինական «մայդանանման» հեղափոխությունը Վրաստանում, և խորհրդարանի մեծամասնությունը փոփոխեց «Հավաքների և ցույցերի մասին» օրենքը՝ փողոցային ցույցերի ժամանակ վրանների օգտագործումն արգելելու համար:

Կուսակցության առաջնորդները բազմիցս փողոցային ցույցերը կապել են Վրաստանում հեղափոխություն կազմակերպելու փորձի հետ, իսկ 2023-ի հոկտեմբերին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը մեղադրեցին Վրաստանում բռնի հեղափոխություն հրահրելու փորձի մեջ։

6. «Վրացական երազանքը» համոզված է, որ փոխել է «ռուսական օրենքի» շուրջ հանրության ընկալումը

Ըստ OC Media-ի հիմնադիր և տնօրեն Մարիամ Նիկուրաձեի՝ կառավարությունը կարող է ենթադրել, որ իրեն հաջողվել է փոխել հանրային կարծիքը հօգուտ օրենսդրության:

Նույնիսկ այն ժամանակ, երբ պնդում էին, որ մտադիր չեն վերակենդանացնել օտարերկրյա գործակալների օրենքը, Վրացական երազանքը կատաղի պաշտպանում էր նման օրենսդրության անհրաժեշտությունը։ Դրա ձախողումից հետո իշխող կուսակցության առաջնորդները բազմիցս պնդել են, որ օտարերկրյա դեսպանատները և տեղական ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության խմբերը մոլորեցրել են վրացիներին՝ մտածելով, որ իրենց օրինագիծը կազմված է Ռուսաստանի օրենքի օրինակով:

Այլ դիտորդներ ենթադրում են, որ կառավարությունը խաղադրույք է կատարում օրենքի փոփոխության դեմ բողոքելու հանրային վերաբերմունքի վրա։ 2023-ի մարտի 10-ին հազարավոր մարդիկ տոնեցին «հաղթանակը»՝ երկօրյա ցույցերից հետո խորհրդարանական մեծամասնությանը ստիպելով տապալել ոչ հանրաճանաչ օրենքը։ Հաջորդ օրերին, սակայն, բերման ենթարկվեցին երկու երիտասարդ ցուցարարներ, որոնցից մեկը՝ Լազարե Գրիգորիադիսը, դեռ սպասում է նախնական կալանքի իր դատավճռին։

Ինչպես նշում է OC Media-ի թղթակից Թաթա Շոշիաշվիլին, իշխող կուսակցությունը կարող է կարծել, թե առաջին անգամ բողոքի ցույցի մասնակցող երիտասարդները կվախենան երկար դատավարության և, հնարավոր է, երկարաժամկետ ազատազրկման հեռանկարից: Փողոց դուրս գալու նրանց վախը, հնարավոր է, բազմապատկվի նաև այն դաժանությունից, որ ոստիկանությունը դրսևորել էր օրինագծի առաջին քննարկման ժամանակ, և ցուցարարների դեմ մեկ տարվա ընթացքում կիրառվաած ծանր միջոցներից ու խոշոր վարչական տուգանքներից:

7. Վրացական երազանքը փորձում է կանխել իր պարտությունները

Թբիլիսիում գործող Սոցիալական արդարության կենտրոնից Թամտա Միքելաձեն ենթադրում է, որ Վրացական երազանքը, հնարավոր է, հաղթանակ է փորձում կորցել ամոթալի մի շարք գործնական և խորհրդանշական քաղաքական ձախողումների հետո, ինչպես նաև՝ հաղթանակներից, որ իշխող կուսակցությունը չի կարող իրենը համարել: Սա, նրա կարծիքով, վերաբերում է «ռուսական օրենքը» հետ կանչելու պարտադրանքին, ինչպես նաև զանգվածային տոնակատարություններին Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ այս մարտին պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու կապակցությամբ:

Վրացի որոշ մեկնաբաններ, օրինակ՝ Վրաստանի Քաղաքական ինստիտուտից Նինո Սամխարաձեն, նկատում են պաշտոնյաների՝ սպորտային հաղթանակի հետ իրենց ասոցացնելու փորձը։ Տոնակատարությունների ժամանակ պետական պաշտոնյաները մշտապես տեսանելի և մոտ էին սիրված մարզիկների հետ։ Վրացական երազանքից ծանրքաշային և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն նույնիսկ հայտարարեց, թե իր՝ կուսակցության ղեկին լինելու հանգամանքը դեր է խաղացել ֆուտբոլային հաղթանակի մեջ:

Այնուամենայնիվ, սոցցանցերում լայնորեն տարածված կադրերում երևում է, ոև և՛ Կալաձեն, և՛ վարչապետ Իրակլի Կոբախիձեն արժանանում են ամբոխի սուլոցին, երբ բեմ էին բարձրացել ներկաներին շնորհավորելու համար: Միքելաձեն ենթադրում է, որ, բացի Բիձինա Իվանիշվիլիի ֆինանսավորումից, կառավարությունը դժվարությամբ է պահում իշխանությունը, ինչի պատճառով և ձգտում է բևեռացնել և մասնատել հանրությունը:

«Վրացական երազանքի քաղաքական համակարգը կառուցում է իր իշխանությունը՝ թուլացնելով ժողովրդի իշխանությունը,- ասում է Միքելաձեն։- Մեզ կոտրելը, թուլացնելը և բարոյալքելը նրանց ուժի միակ աղբյուրն է»։

8. Վրացական երազանքը պատրաստվում է Իվանիշվիլիի դեմ արևմտյան պատժամիջոցներին

Ապրիլին բրիտանական Daily Mail տաբլոիդը հայտնեց, որ Բիձինա Իվանիշվիլին կարող է իր և իր ունեցվածքի համար ապաստան պատրաստել Բրազիլիայում, եթե Ռուսաստանի հետ դաշնակցելու համար արևմտյան կառույցների կողմից ենթարկվի միջազգային պատժամիջոցների:

Իվանիշվիլիի դեմ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ քննարկումները վաղուց են։ Դեռ 2022-ի ամռանը Եվրախորհրդարանը սատարեց այդ գաղափարին: Մի քանի ամիս անց Ուկրաինան առաջին անգամ պատժամիջոցներ սահմանեց Իվանիշվիլից մի քանի հարազատների նկատմամբ, և առայժմ միակ երկիրն է, որ նման քայլ է արել:

Վրաստանի անդամակցության համար ԵՄ-ի սահմանած մի քանի առաջնահերթություններից է երկրի «ապաօլիգարխիզացումը», որն ըստ անկախ վերլուծաբանների մեծամասնության՝ վերաբերում է Վրաստանում քաղաքականության վրա Իվանիշվիլիի ոչ պաշտոնական ազդեցությանը: Անցյալ դեկտեմբերին նախկին վարչապետն անսպասելիորեն վերադարձավ քաղաքականություն՝ դառնալով Վրացական երազանք կուսակցության նախագահ՝ չնայած 2021-ի սկզբին տված հավաստիացումներին, որ վերջնականապես թոշակի է գնում: Ոմանք նրա այս քայլը ընկալեցին որպես փորձ՝ գոնե մասամբ պաշտոնականացնելու կառավարության որոշումներին իր մասնակցությունը:

Մեկնաբանել