Գլխավոր Լրահոս

ԵԽ հակակոռուպցիոն մարմինը կոչ է անում թափանցիկ դարձնել վարչապետի, ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերը

ԵԽ հակակոռուպցիոն մարմինը կոչ է անում թափանցիկ դարձնել վարչապետի, ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերը

Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերանայել վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերի փակ գործընթացը։ GRECO-ն սա հրապարակել է Հայաստանի վերաբերյալ 5-րդ գնահատման զեկույցում։

«GRECO-ն առաջարկում է վերանայել վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերի հետ կապված պետական գնումների գործող փակ գործընթացները՝ նպատակ ունենալով սահմանափակել դրանց օգտագործումը բացառապես այն դեպքերում, երբ դրանք բավականաչափ հիմնավորված են ազգային անվտանգության նկատառումներով»,- նշված է զեկույցում։ 

Երկրի ղեկավարների արարողակարգային ծախսերը գաղտնիացվեցին 2016-ին։ Չնայած Հայաստանում իշխանության փոփոխությանը՝ օրենքը պահպանվում է մինչ այժմ։ Վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի տրանսպորտային սպասարկման, կեցության, սննդի հետ կապված արարողակարգային բնույթի ծախսերը փակ են հանրության համար։ Այս օրենքի ընդունմանը 2016-ին նախորդել էին մի շարք աղմկահարույց գնումներ, օրենքի ընդունումից հետո կառավարությունը մերժում է արարողակարգային ծախսերի մասին որևէ տեղեկություն տրամադրել։

GRECO-ն զեկույցում կառավարությունից ակնկալում է նաև փոփոխություններ կատարել նախարարների ու վարչապետի խորհրդականների աշխատանքի ներկա կարգավորումներում. «Առաջարկում ենք, որ կարգավորվեն ու հստակեցվեն հասարակական հիմունքներով գործող խորհրդականների իրավական կարգավիճակը՝ նրանց համար թափանցիկության, հաշվետվողականության ու բարեվարքության ամենաբարձր չափանիշներ ապահովելու համար»։ 

GRECO-ն շեշտում է՝ թեպետ հասարակական հիմունքներով խորհրդականները չեն վարձատրվում, բայց նրանք ունեն գործադիր գործառույթներ, մասնակցում են որոշումների կայացմանը ու ունեն որոշիչ ազդեցություն քաղաքականությունների մշակման ոլորտում։ 

Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն այս մարմինը Հայաստանի իշխանություններին կոչ է արել նաև տեղեկատվության մատչելիության օրենսդրության մոնիտորինգ իրականացնել՝ հատուկ ուշադրություն դարձնելով տեղեկատվությունը մերժելու դեպքերին։ GRECO-ն առաջարկում է նաև դիտարկել տեղեկատվության ազատության հետ կապված վերահսկողության հատուկ մարմնի ստեղծման հարցը, որը կապահովի օրենսդրության իրականացումն ու մշտադիտարկում կիրականացնի։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում