Կորոնավիրուսի միջոցների հափշտակման գործն ուղարկվել է դատարան

Առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանին առնչվող քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, հաղորդել է դատախազությունը։
Սիմոնյանի նկատմամբ հանրային հետապնդում էր հարուցվել 2023-ի գարնանը։ Դատախազությունը նրան մեղադրում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ հաղորդագրության՝ առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ։ Մասնավորապես, Հայաստանում գործող հիվանդանոցներից մեկի հիմնադիր և տնօրեն Բ.Շ.-ն (խոսքը «Մեդլայն» կլինիկայի ղեկավար Բաբկեն Շահումյանի մասին է) հիվանդանոցի աշխատակիցներից Լ.Հ-ի հետ կազմակերպել ու ղեկավարել են կորոնավիրուսի հետ կապված պատմագրերում կեղծ տեղեկությունների ներառումը։
«Բ.Շ.-ն Լ.Հ.-ին հայտնել է, որ բժշկական օգնության և սպասարկման տվյալ ոլորտի նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ առողջապահության փոխնախարարն իր մտերիմն է` այդկերպ Լ.Հ.-ի մոտ առաջացնելով իր հանձնարարությունը կատարելու վճռականություն: Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի պատասխանատուն առողջապահության փոխնախարարին հեռախոսային խոսակցությունների ընթացքում, հանդիպումների ժամանակ, ինչպես նաև ներկայացված համապատասխան զեկուցագրերով տեղեկացրել է վերոնշյալ բժշկական հաստատությունում կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում հայտնաբերված կոպիտ խախտումների մասին:
ՀՀ առողջապահության փոխնախարարը, պարտականություն ունենալով համակարգել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, ինչպես նաև դրա ֆինանսավորումը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության համահիմնադիր տնօրեն և բաժնետեր Բ.Շ.-ն հանդիսանում է իր կնքահայրը, չի դադարեցրել և թույլատրել է Ընկերության ֆինանսավորումը: Բացի այդ, չի կատարել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները համակարգելու իր պարտականությունը»,- նշված է դատախազության ապրիլի 25-ի հաղորդագրության մեջ։
Բաբկեն Շահումյանին ու նրա աշխատակցին դատախազությունը մեղադրում է փաստաթղթեր կեղծելու, առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ։
Կորոնավիրուսի դեմ պայքարում «Մեդլայն»-ի ներգրավվածությանը և ընկերության հետ Գևորգ Սիմոնյանի կապին Սիվիլնեթն անդրադարձել էր 2021-ի ամռանը։ Այն ժամանակ գրել էինք, որ միայն 2020-ի ըթնացքում «Մեդլայն»-ին նախարարության կողմից փոխանցվել է 606 միլիոն դրամ։ Առողջապահության նախարարությունը միևնույն ժամանակ հրաժարվել էր տրամադրել փաստաթղթերը, որոնց հիման վրա փոխանցումներ էին կատարվել հիվանդանոցին։
Ավելի ուշ կորոնավիրուսի համար հատկացված միջոցների ծախսերին անդրադարձել էր Հաշվեքննիչ պալատը, շեշտել, որ առողջապահության նախարարությանը հատկացված միջոցները նպատակային չեն ծախսվել։
Civilnet










