2023-ի սեպտեմբերի պատերազմն Արցախում․ ինչ էր կատարվում Մաճկալաշեն-Կարմիր Շուկա հատվածում

Պատկեր 1․ Կարմիրը ադրբեջանական պաշտպանական գիծն է, կապույտը՝ հայկական պաշտպանական գիծը։

Հայկ Ղազարյան

ՍիվիլՆեթը շարունակում է ներկայացնել 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմի դրվագները։ Այս անգամ կներկայացնենք Մաճկալաշեն-Կարմիր Շուկա ուղղությունը։ Այս դիրքերում պահպանություն էր իրականացնում Մարտունու շրջանի բնակչությունից կազմված 31-րդ աշխարհազորային գումարտակը։ Գումարտակի հիմնական դիրքերն են եղել՝ №322-ը, 321-ը, 320-ը և 319-ը (տե՛ս՝ Պատկեր 1)։ Գումարտակի հրամանատարն էր Սամվել Պետրոսյանը։

Այդ հատվածը Ամարասի վանքի մոտ գտնվող երկու՝ 324 և 323 մարտական դիրքերի շարունակությունն է (տե՛ս` Պատկեր 1), որին ՍիվիլՆեթը անդրադարձել է «Մարտունու շրջան․ մարտեր Ամարասի ուղղությամբ՝ վանքից մինչև Լուսնյակ» հոդվածում։

Պատերազմի սկիզբը

31-րդ աշխարհազորային գումարտակի շտաբի պետ Մհեր Սահակյանը պատմում է, որ պատերազմից առաջ Արցախի աշխարհազորի հրամանատարը (Կարեն Մաթևոսյան) հաղորդագրություն էր ուղարկել, որ «մոբերը կցենք մեզ»

«Գնացի Սոս, Սոսի գյուղապետի հետ էլ ճշտումներ արեցի, վառելիքի պակասի պատճառով մնացած հարցերը հեռախոսով էինք լուծում՝ Ծովատեղի, Քերթի, Կարմիր Շուկայի հետ։ Ու ասացի, թե ինչ հաղորդագրություն է եկել ու ինչ պիտի անենք։ Սոսից նոր դուրս եկած՝ պատերազմը սկսվեց»,- ասում է շտաբի պետը։

Պատերազմի օրը հանգստում գտնվող անձնակազմը գյուղերից ոտքով մոտ ժամը երեքին հասել է դիրքեր՝ դրանք ամրացրել և լրացրել չպահվող/միջանկյալ դիրքերը։

Անդադար կրակի տակ գտնվող №322 մարտական դիրքը

322-ի ուղղությամբ թեև հետևակ չի առաջացել, բայց ամենաուժեղ հեռահար կրակային ներգործությունը այս դիրքի վրա է եղել։

«Մինչև պատերազմ սկսվելը զանգել են ու հրահանգել՝ շուտ մտեք թաքստոցներն ու խրամատները, պատերազմը սկսվում է։ Ասել են, որ ականանետերի, թնդանոթների ծածկոցները հանում են, արագացրե՛ք»,- պատմում է 322 դիրքի ավագ Վանիկ Գևորգյանը։

Պատերազմի առաջին րոպեներին 322 դիրքի անձնակազմից Մարտունու Կոլխոզաշեն գյուղից Բարսեղյան Էդուարդն է զոհվում։ Շտաբի պետը (այդ ժամանակ հրամանատարական դիտակետում էր) և 322 դիրքի ավագ Վանիկ Գևորգյանը վկայում են՝ հրետանուց բացի, դիրքի ուղղությամբ հակառակորդը ակտիվորեն կիրառել է «ТОС» (ծանր հրանետային համակարգ):

Պատերազմի սկիզբն է։ Հակառակորդը կրակի տակ է պահում 322 դիրքը։ Ընդհանուր առմամբ «ТОС»-ի (ջերմաճնշային/թերմոբարիկ) հարվածների նման է, բայց տեսանելի չեն նրան բնորոշ հարվածային ալիքները։

Ըստ դիրքի ավագի՝ ամբողջ ժամանակ խրամաբջիջներում են եղել, միայն վայրկյանների ընթացքում մի կերպ գլուխ էին բարձրացնում ու դիտարկում անում։ Գումարտակի շտաբի պետը կարծում էր, որ այդ դիրքից ողջ մարդ դուրս չի գալու։

«Ամեն համազարկից հետո կամբատը կապ էր տալիս ու ճվում՝ Վանիկ՝ ի՞նչ է պատահել, ո՞նց եք»,- ասում է 322 դիրքի ավագը։

Վանիկ Գևորգյանն ասում է, որ գիշերը ժամը մեկին իրենց վաշտի հրամանատարը և Քերթից չորս կամավոր բարձրացել են դիրք։ Վաշտի հրամանատարը մնացել է, այդ չորս երիտասարդը սարից իջեցրել են Էդուարդ Բարսեղյանի դին։

«Մինչև կյանքիս վերջ չեմ մոռանալու այդ տղաների արարքը»,- ասում է նա։
Շտաբի պետ Մհեր Սահակյանը ասում է, որ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, 322 դիրքի ուղղությամբ հակառակորդը նաև ավիացիա է կիրառել: Ըստ շտաբի պետի՝ այն երկու ռումբ է արձակել, դիրքի ավագի կարծիքով՝ ավելի շուտ հրթիռներ են եղել։

Վանիկ Գևորգյանը մեզ է տրամադրել 322 դիրքից լուսանկարներ, որոնցում պատկերված է պայթած զինամթերքի ծայրափողակ և մարմին։ Մասնագետները ասում են, որ սա հրթիռ է եղել՝ լցոնված ջերմաճնշային (թերմոբարիկ) լիցքով (ջերմաճնշային զինամթերքը աշխատում է հետևյալ կերպ․ թիրախին դիպչելիս պայթուցիկ նյութի առաջին լիցքը բացում է կոնտեյները և փոշեցրում դյուրավառ խառնուրդը ամպի տեսքով)։ Ըստ մասնագետների՝ դրա մասին են վկայում և՛ հրթիռի ծայրափողակը, և՛ 322 դիրքի այրված ծառերը, որոնք տեսնում ենք պատերազմից հետո արված տեսանյությում (տե՛ս՝ ստորև տեսանյութում)։ Հրթիռը կարող էր արձակված լինել և՛ ինքնաթիռից, և՛ ցամաքից։

Հրթիռի գազային բոցամուղը (форсунка)

Ինչպես նշեցինք, սեպտեմբերի 20-ին 322 դիրքը շարունակ կրակի տակ է եղել, սակայն դիրքի անձնակազմը արդեն պահեստային դիրք էր հետ քաշվել։ Գումարտակի շտաբի պետը և դիրքի ավագը ասում են, որ սա ճիշտ որոշում էր, քանի որ 322-ի անձնակազմը հանեցին կրակի տակից՝ շարունակելով վերահսկել իրավիճակը առաջնագծում։ Վանիկ Գևորգյանն ասում է, որ սեպտեմբերի 20-ին 322-ը հրետակոծվում էր, սակայն ադրբեջանցիները ավելի շատ շեշտը դրել էին Լուսնյակ (Լուսավորիչ) սարի վրա։

Պատկեր 2․ 322 դիրքի անձնակազմը սեպտեմբերի 20-ի լուսադեմին արդեն պահեստային դիրքում էր։ 322 դիրքը կրակի տակ էր մինչև պատերազմի ավարտ։ 31-րդ գումարտակի հրամանատարությունը սա ճիշտ քայլ է համարում, քանի որ այդկերպ 322-ի անձնակազմը հանեցին կրակի տակից՝ շարունակելով վերահսկել իրավիճակը առաջնագծում։ Առջևի պլանում Սոս գյուղի մի փոքր հատվածն է։

Տղաները պատերազմից հետո կրկին զբաղեցրել են 322 դիրքը։

Այս տեսանյութը տղաները արել են 322 դիրքում՝ պատերազմից հետո։ Տեսանյութում երևում է, որ կրակային ներգործությունից հետո քարուքանդ է եղել դիրքի կահավորանքը, այրվել և կոտրվել են ծառերը։

322-ի ձախ թևում գտնվում էին պաշտպանության բանակի 323 և 324 դիրքերը, որոնց նկատմամբ հայերը վերահսկողությունը լրիվ կորցրել էին սեպտեմբերի 19-ի երեկոյան (տե՛ս՝ «Մարտունու շրջան․ մարտեր Ամարասի ուղղությամբ՝ վանքից մինչև Լուսնյակ» հոդվածում։) Վտանգ կար, որ ձախ թևից՝ 323-ի կողմից կարող են հարձակվել։

«Գիտեի, որ մթնելուց հետո 323-ից չեն գալու»,- ասում է Վանիկ Գևորգյանը։
Շտաբի պետի կարծիքով՝ բանակի 323 դիրքի սեպտեմբերի 19-ի ցերեկային մարտերն են օգնել ժամանակ շահել, եթե այն ավելի շուտ գրավեին, ապա հետո կհարձակվեին 322 դիրքի վրա¹։

№321 մարտական դիրք․ այն շրջանցելու մի քանի փորձ

Առաջին վաշտի հրամանատար Արտակ Դանիելյանը, որը միաժամանակ Ծովատեղի գյուղապետն էր, պատերազմի սկսվելուց առաջ տղաների հետ գյուղից օգնության է գնացել իրենց վաշտի 321 դիրք, ինչպես նաև լրացրել հարևան պահեստային դիրքը։

Հակառակորդը գիշերը առաջացել է անմիջապես 321 դիրքի վրա։ Տեսնելով, որ հաջողության չի հասնում, ուղղությունը փոխել է դեպի չպահվող դիրք²․ «Գնդացիրով սկսել եմ աշխատել, նայեցի, որ տեսնեմ՝ կպել եմ, թե չէ (տղերքը ասում են, որ կպել եմ), սնայպերը ինձ խփեց։ Էդ էր, էլ ես ոչ մի բան չեմ հիշում։ Դա ամսի 20-ի երեքի կողմերն էր»,- պատմում է Արտակ Դանիելյանը։ Այստեղ էլ հանդիպելով դիմադրության՝ որոշել է չպահվող դիրքն էլ շրջանցել։ Մարտունու բրիգադի հրամանատարի տեղակալ Սևակ Սարգսյանը կապվել է ու ասել, որ փորձում են շրջանցել։ Արտակ Դանիելյանը չպահվող դիրքից 7 հոգու հետ մոտ 500 մետր բացազատվել է դեպի աջ։ Այստեղ էլ է հաջողվել կանգնեցնել հակառակորդին։

«Էնպես չի, որ հարձակումներ չեն եղել, հարձակումներ եղել են, ուղղակի խորքում իրենց վրա ուժեղ աշխատում էինք, չէին կարողանում առաջանալ։ Առաջանում էին ու խրամաբջիջներ փորում թումբերի տակ։ Որտեղից երևում էին, այնտեղից էլ աշխատում էինք մեծ ուժով»,- ասում է աշխարհազորային գումարտակի շտաբի պետ Մհեր Սահակյանը։

Այս ամենը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը: Սեպտեմբերի 20-ի առավոտյան հանգիստ էր։ Արտակը կարծում է, որ հակառակորդը գիշերը կորուստներ է կրել, քանի որ հրաձգության ժամանակ լսելի էր իրենց աղմուկ-աղաղակը։

Պատկեր 3․ Ադրբեջանցիները մեքենաներով հասնում են Շեխեր-Կարմիր շուկա խաչմերուկ (կապույտ սլաք), հետո ոտքով առաջանում դեպի (դեղին սլաք) «321»: Ադրբեջանցիները, հանդիպելով դիմադրության, փորձում են շրջանցել (փոքրիկ դեղին սլաքներ) «321» դիրքը։ Հայերը բացազատվում են (սպիտակ սլաք) ՝ խոչընդոտելով հակառակորդի շրջանցման փորձը։ Աշխարհազորայինները կարծում են, որ ադրբեջանցիների նպատակը Հերհեր-Կարմիր Շուկա խաչմերուկ գրավելն էր։

Հակառակորդը Ֆիզուլիի շրջանում գտնվող Ղաջար (Ջիվանի) գյուղի մոտակայքից փիքափներով հետևակ էր տեղափոխում Շեխեր-Կարմիր շուկա խաչմերուկ (տե՛ս՝ Պատկեր 3), որտեղից նրանք քայլով շարժվում էին դեպի 321 դիրք։ Պաշտպանության բանակի Մարտունու բրիգադի հրետանավորները Շեխեր-Կարմիր շուկա խաչմերուկում խոցել են հակառակորդի «Կամազը», ինչպես նաև հրետանային հարվածով ճնշել են դիմացից աշխատող թնդանոթների ու տանկի աշխատանքը (Մարտունու բրիգադի հրետանու աշխատանքի մասին կարող եք կարդալ «Մարտունու շրջան․ մարտեր Ամարասի ուղղությամբ՝ վանքից մինչև Լուսնյակ» հոդվածում)։

Աշխարհազորայինները կարծում են, որ ադրբեջանցիները նպատակ ունեին տիրանալ Հերհեր-Կարմիր Շուկա ճամփաբաժանին և Արցախից ևս մի հատված մեկուսացնել։ Այդ իսկ պատճառով հրադադարի հաստատումից հետո ադրբեջանցիները ևս մեկ անգամ փորձել են շրջանցել հենակետը (Արտակի կարծիքով՝ նրանք գիշերը թաքնվել էին թփուտներում)։ Հայերը էլի են բացազատվել դեպի աջ, որպեսզի թևից կրակով ճնշեն հակառակորդի առաջխաղացումը։

Այս անգամ Արտակը պարանոցի շրջանում թափանց վիրավորում է ստացել։

Արտակ Դանիելյանը հրադադարի ստորագրումից մեկ-երկու ժամ անց դիպուկահարի կրակից վզի շրջանում ստացել է թափանց վիրավորում։ Ծանր վիրահատությունից ու երկար բուժումից հետո նա ոտքի է կանգնել։ Լուսանկարը՝ ՍիվիլՆեթի։

«Գնդացիրով սկսել եմ աշխատել, նայեցի, որ տեսնեմ՝ կպել եմ, թե չէ (տղերքը ասում են, որ կպել եմ), սնայպերը ինձ խփեց։ Էդ էր, էլ ես ոչ մի բան չեմ հիշում։ Դա ամսի 20-ի երեքի կողմերն էր»,- պատմում է Արտակ Դանիելյանը։

2023 թվականի սեպտեմբերյան պատերազմին ակտիվ դերակատարություն են ունեցել ադրբեջանցի դիպուկահարները․ Մարտունի քաղաքի պաշտպանության ժամանակ յոթ մարտիկներից առնվազն չորսը զոհվել են հակառակորդի դիպուկահարի արձակած կրակից։ Սեպտեմբերի 20-ին՝ պատերազմի ավարտին, Ստեփանակերտի «26» դիրքում ևս երեք հոգի զոհվել է դիպուկահարի կրակոցից։

«Մինչ այդ սնայպերից զոհ ու վիրավոր չի եղել։ Ինձ թվում է՝ առաջին օրը սնայպեր չկար, իսկ երբ տեսել են, որ չի ստացվում, սնայպերների են բերել»,- ասում է Արտակը։

320 դիրքում համեմատաբար հանգիստ էր։ Ըստ աշխարհազորայինների՝ հնարավոր պատճառներից մեկն այն էր, որ այն շատ մոտիկ էր գտնվում ռուս խաղաղապահների դիտակետին։

№ 319 մարտական դիրք․ «Ամեն դեպքում պահել ենք, բայց դրանից ի՞նչ օգուտ»

«319» մարտական դիրքում ևս թեժ է եղել։ Այն գտնվում է 2020 թվականին զավթված Շեխեր գյուղի դիմաց։ Շեխերից դեպի հարավ արդեն Հադրութի շրջանն է։

№ 319 մարտական դիրք։

319-ի դիրքապահ Խորեն Պողոսյանը, որի հետ խոսել ենք մի քանի ամիս առաջ, ասաց, որ ոչ ամբողջ կազմով էին դիրքում․ որոշները լքել էին այն։ Վիրավոր և զոհ դիրքում չի եղել։ Հրամանատարության հետ կապ էր պահում ինքը։

Ըստ դիրքապահի՝ հարձակվել են սեպտեմբերի 19-ի երեկոյան։

«Մի 30 հոգի հետևակ կար, ահագին կոտորել ենք, երևի մի 5-6 հոգի է կենդանի մնացել, գնդացիրով ենք աշխատել»,- ասում է Խորեն Պողոսյանը։

Դիրքապահն ասում է, որ իրենց դիմացի դիրքում երկու հատ 120 մմ տրամաչափի ականանետ կար, երկու հատ ՀՄՄ-2 և մի հատ էլ տանկ։ Նրա խոսքով՝ դիրքը ակտիվորեն հրետակոծվել է։

Վաշտի հրամանատար Արտակ Դանիելյանն ասում է, որ 319 դիրքին ռադիոկապով քաջալերել է, որ ինչքան էլ ծանր լինի, մնան դիրքում, քանի որ հակառակորդը այս դիրքը գրավելով՝ կտիրանար Կարմիր Շուկային։ Երկու անգամ հակառակորդը փորձել է ներխուժել դիրք։ Ըստ Արտակի՝ գումարտակի հրամանատարությունը օգնություն է ուղարկել 319 դիրք։

Գումարտակի շտաբի պետ Մհեր Սահակյանն ասում է, որ 319-ի ու 320-ի արանքում գտնվող միջանկյալ դիրք ևս օգնություն էին ուղարկել։

«319-ը մի քիչ առաջ տված պոստ էր: Տղաների ասելով՝ բացահայտ հարձակում է եղել: Խոխեքը (երեխաների) մի քիչ կրակել են, հետո կանգնել են»,- ասում է նա։

[319-ը] Բարձունք է, որտեղից ամբողջ գյուղը երևում է։ Բարձունքը վերցնելու դեպքում՝ Կարմիր շուկան ու Կալերը (խմբ․՝ 2020 թվականից հետո հայկական վերահկսողության տակ մնացած Թաղավարդի թաղամասը) վերցնում է․․․․ ․․․․Ամեն դեպքում, պահել ենք, բայց դրանից ի՞նչ օգուտ»,- ասում է Խորեն Պողոսյանը։

Երկու զոհ գումարտակից, զոհվում է նաև Արցախի աշխարհազորի կապի պետը

Էդուարդ Բարսեղյանից բացի, գումարտակի անձնակազմից զոհվել է Հրայր Մաթևոսյանը։ Նա և Արցախի աշխարհազորի կապի պետը՝ Սերգեյ Գրիգորյանը, զոհվել են Բովուրխան սարի տարածքում։ Ջոկը, որի կազմում եղել է Հրայր Մաթևոսյանը, պիտի կապավորներին ուղեկցեր Բովուրխան սար, որտեղ վերջիններս պիտի կապի վերականգնման աշխատանքներ իրականացնեին։ Նրանք, գումարտակի շտաբի պետի խոսքերով, դիվերսիոն խմբի էին հանդիպել։

Մարտունու բրիգադի հրետանին և աշխարհազորի ականանետային դասակը

Ինչպես ասացինք, 31-րդ աշխարհազորային գումարտակին օգնում էր Մարտունու բրիգադի հրետանին՝ Դ-30 հաուբիցի դիվիզիոնը (դիվիզիոնի հրամանատար՝ Վահրամ Դաշյանը, զորամասի հրետանու պետ՝ Մհեր Ղուկասյանը)։ Այս (և Լուսնյակի) ուղղությամբ կրակով աջակցել են Կոլխոզաշեն-Քերթ և Մսմնա գյուղերի մոտ գտնվող Դ-30-ի երկու մարտկոցները։

31-րդ աշխարհազորային գումարտակը ուներ նորաստեղծ ականանետային դասակ (82 մմ երկու ականանետ)։ Ականանետները տեղակայված էին 321 դիրքում, նրանց հիմնական ուղղությունը եղել է դեպի Շեխեր-Կարմիր Շուկա խաչմերուկ։ Մհեր Սահակյանն ասում է, որ չնայած անփորձությանը, տղաները իրենց լավ են դրևսորել և նշված ուղղությամբ արձակել են բոլոր ականները։

Սամվել Պետրոսյանը և Սևակ Սարգսյանը

Հարցազրույցներում աշխարհազորայինները այս երկու անձի անունը մի քանի անգամ հնչեցրել են։ Սամվել Պետրոսյանը գումարտակի հրամանատարն է, որը չցանկացավ հարցազրույց տալ, Սևակ Սարգսյանը պաշտպանության բանակի Մարտունու բրիգադի հրամանատարի տեղակալն է։ Վերջինս սեպտեմբերի 25-ին Հայկազովի զորամասում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած է համարվում, իսկ նրա զինվոր որդին՝ Էդվարդ Սարգսյանը, զոհվել է սեպտեմբերի 20-ին Մարտակերտի շրջանում։

Սևակ Սարգսյանը, Սևակ Սարգսյանի կինը՝ Կարինե Բալայանը, և նրանց որդին՝ Էդվարդ Սարգսյանը։ Լուսանկարի աղբյուրը՝ Meidahub.am-ի։

«Կամբատի որոշումների շնորհիվ այդքան քիչ կորուստներ կրելով ենք այնտեղից դուրս եկել։ Օրինակ, դիրք կա, հարցնում եմ՝ ինչո՞ւ եք դուրս եկել, ասում է՝ նռնականետ չունեինք։ Բայց մեզ մոտ նման բաները բացառվում էին, ինչպե՞ս կարող է դիրքում նռնականետ, գնդացիր ու ծանր զենք չլինել»,- ասում է Մհեր Սահակյանը։

Պատերազմի օրը գումարտակի հրամանատարության մոտ էր գտնվում Սևակ Սարգսյանը։ Փորձառու սպան ուղղորդում էր աշխարհազորայիններին, թիրախներ փոխանցում բրիգադի հրետանուն։

Կապը

Գումարտակի ռադիոկապը վերադասի՝ Արցախի աշխարհազորի հրամանատարության հետ պատերազմի հենց սկզբից խաթարված էր։ Հակառակորդը թիրախավորել էր Ճարտարի Եղիշեի (Ղշա վանք) վանքի բարձունքում և Բովուրխան սարում տեղակայված ռադիոկապի վերահեռարձակիչները։ Հոսանքի բացակայության պատճառով գումարտակը նաև IP հեռախոսակապ չուներ³։

Սակայն գումարտակի ներքին ռադիոկապը կայուն էր: Գումարտակի կապի պատասխանատուները ռացիաների մարտկոցները վառելիքային գեներատորներով կամ արևային պանելներով լիցքավորում էին։ Շտաբի պետն ասում է, որ այդպես չի եղել, որ մեկին փորձեն կապի հանեն ու չստացվի։

Ամփոփում

Մաճկալաշեն-Կարմիր Շուկա հատվածով է անցնում Ստեփանակերտ-Կարմիր Շուկա և Ստեփանակերտ-Մարտունի մայրուղիները կապող գլխավոր հանգույցը՝ ճանապարհը։ Այն փաստը, որ ադրբեջանցիները 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմին կտրել են ոչ միայն այս մայրուղիները, այլև այս մայրուղիները իրար կապող գրունտային ճանապարհներն են արգելափակել, կարելի է ենթադրել, որ հակառակորդը փորձել էր վերահսկողություն հաստատել նաև այս հանգույցի նկատմամբ (տե՛ս՝ Պատկեր 5)։ Այդ իսկ պատճառով ճնշում է եղել ճանապարհի վրա գտնվող Մարտունի-Ճարտար (Կոհակ սարի ուղղությունից), Ամարաս-Լուսնյակ, ինչպես նաև Մաճկալաշեն-Կարմիր Շուկա հատվածներում։

Հակառակորդը մոտեցել (Ամարասի վանքի երկու դիրքերը չեզոքացնելով), բայց այդպես էլ լիարժեքորեն վերահսկողություն չի հաստատել այս ճանապարհի նկատմամբ։ Այնումամենայնիվ, Ադրբեջանը Արցախին ստիպել է կապիտուլյացիայի ակտ ստորագրել, քանի որ հակառակորդին, առհասարակ, հաջողվել է Արցախը մաս-մաս անել՝ զրկելով նրան հաղորդակցություններից։

Պատկեր 5․ Նարնջագույնը՝ Ստեփանակերտ-Մարտունի մայրուղին, բաց կապույտը՝ Ստեփանակերտ-Կարմիր Շուկա, կարմիրը՝ այս երկու մայրուղիները կապող ճանապարհը։

31-րդ աշխարհազորային գումարտակի գործողություններում մենք նկատում ենք կազմակերվածություն, գործողությունների ներդաշնակում։ Օրինակ, պատերազմի ժամանակ 322 դիրքի անձնակազմը տեղափոխել են պահեստային դիրք։ Այդպիսով զորքը դուրս է եկել կրակի տակից՝ շարունակելով վերահսկել իրավիճակը։ Ինչպես նաև պատերազմի ժամանակ գումարտակը հրամանատարական դիտակետը տեղափոխել է, որի տեղը հակառակորդը չի հայտնաբերել։

Աշխարհազորին նաև օգնում էր Մարտունու բրիգադի հրետանին։ Պատերազմի ժամանակ, օրինակ, Կոլխոզաշեն-Քերթ հատվածում գտնվող Դ-30-ի մարտկոցը, լինելով կրակային ներգործության տակ, 300-ից ավել արկ է կրակել։

Այդ մարտկոցի հրամանատար Արա Ավանեսյանը, որը պատերազմի ժամանակ գտնվում էր Լուսնյակում, փորձում է բացատրել, թե հակառակորդը այդ հատվածում հրետանային ուժի ինչ առավելություն ուներ․ «Եթե ես մի մարտկոց ունեի, իրենք հինգ հատ դիվիզիոն ունեին, որը մեզ վրա աշխատում էր աջից, ձախից, մեջտեղից, կոնկրետ՝ Դրախտիկից (խմբ․՝ 2020-ին օկուպացված գյուղ Հադրութի շրջանում), Խազազից (խմբ․՝ Ղաջար գյուղի մոտ գտնվող բարձունք), [նախկին] «Մարտունի 2» զորամասից»։

Ինչպես ասացինք, խաղաղապահների դիտակետը շատ մոտիկ էր 320 մարտական դիրքից՝ մոտ 300 մետրի վրա։ Աշխարհազորայինները խաղաղապահներին տեսել են սեպտեմբերի 20-ին՝ մոտ ժամը 11-ին, երբ նրանք Կարմիր Շուկայում ու Թաղավարդում մնացած բնակչությանը տարհանվելիս ուղեկցում էին։

Պատերազմից հետո՝ սեպտեմբերի 24-ին, ադրբեջանցիները ուղեկալ են դրել Հերհեր-Կարմիր Շուկա խաչմերուկում։

¹Սեպտեմբերի 19-ին 323 դիրքին օգնության են գնացել 31-րդ աշխարհազորային գումարտակի Մաճկալաշենի (որոնք պատերազմի ժամանակ հարևան միջանկյալ դիրքում էի գտնվում) և Սոս գյուղի ԱԱԾ-ի տղաները։

²Արտակ Դանիելյանը ասում է, որ ժամանակին այդ դիրքը կահավորվել է Մարտունու բրիգադի հրամանատարի տեղակալ Սևակ Սարգսյանի խորհրդով։ «Ասել էր՝ եթե տեսնենք հանկարծ թուրքերը գալիս են, էս մի կողմն էլ կպահեք, խոստանում եմ, որ ճանճն էլ չի կարող այդտեղով անցնել»,- պատմում է Արտակը։

³2023 թվականի սկզբից Արցախը գոյատևում էր ներքին սուղ էներգապաշարներով, քանի որ Հայաստանից Արցախ մտնող բարձրավոլտ գիծը վնասվել էր, և ադրբեջանցիները չէին թույլատրում այն վերանորոգել։ 2023 թվականին՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ից Արցախը ամբողջովին հոսանքազրկված էր։

Մեկնաբանել