Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, հայտնում են Հայաստանի խորհրդարանից։

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները հանդիպել էին նաև մոտ երկու ամիս առաջ՝ մարտի 22-ին։ Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը․ «Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը»,- ասված էր հաղորդագրությունում։

Մեկնաբանել