Վարչապետ դառնալու համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության խախտմամբ է դարձել վարչապետ, քանի որ «չի ունեցել բարձրագույն կրթության վկայական»։

Սրբազանին հարց էին ուղղել՝ արդյոք նա պատրա՞ստ է հրաժարվել Կանադայի քաղաքացիությունից, քանի որ երկքաղաքացիություն ունեցող անձը, ըստ Սահմանադրության, չի կարող դառնալ ՀՀ վարչապետ։

«Հրաժարվել է պետք, կհրաժարվեմ, չհրաժարվել է պետք, չեմ հրաժարվի, մեր ճանապարհն ուղիղ ընթացք է։ Ինչ պահանջված է՝ դա էլ կլինի։ Իսկ եթե այդ թեմայով խոսում ենք օրինականության մասին, այսօրվա վարչապետը բարձրագույն կրթություն չունի, չունի և առանց բարձրագույն կրթության փաստաթղթի դարձել է ՀՀ վարչապետ։ Եթե պահանջված չի, ես չգիտեմ օրենքը, բայց մեր գյուղապետերին գործից հանել են զուտ էտ փաստաթուղթը չունենալու համար[…]»,- նշեց Բագրատ սրբազանը՝ համոզմունք հայտնելով, որ օրինախախտում է տեղի ունեցել։

Լրագրողի պնդմանը, որ երկքաղացիությունը խանգարելու է վարչապետ դառնալուն, Բագրատ Գալստանյանը կրկին հայտարարեց. «ՀՀ ներկայիս գործող վարչապետը խախտել է օրենքը, ինձ թվում է, ես կարծում եմ, որ այդպես է, կարող ենք գնալ հետ նայել կամ իրավաբանները կասեն։ Առանց բարձրագույն կրթության վկայական ունենալու դարձել է ՀՀ վարչապետ։ Սահմանադրության խախտում է սա, թե չէ, խնդրում եմ ճշտեն իրավաբանները, ներկայացնեն»։

Արդյոք բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր պայման է վարչապետ ընտրվելու համար

Նիկոլ Փաշինյանը իսկապես վարչապետ ընտրվելու պահին դիպլոմ չուներ, ինչը ինքը ևս հաստատել էր։ Սակայն, 2018-ին օրենքի խախտում տեղի չի ունեցել, քանի որ Սահմանադրությամբ ամրագրված չէ, որ վարչապետը պետք է ունենա բարձրագույն կրթություն։

Այսպես, ըստ ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածի՝ վարչապետը հանդիսանում է կառավարության անդամ։ 148-րդ հոդվածն էլ սահմանում է, որ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները:

Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ կետն էլ սահմանում է պատգամավորին ներկայացվող պահանջները, ըստ որոնց՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Էկրանապատկերը՝ ՀՀ Սահմանադրությունից

Այսինքն, ՀՀ Սահմանադրությամբ բարձրագույն կրթության դիպլոմը պարտադիր չէ ինչպես ԱԺ պատգամավորի, այնպես էլ կառավարության անդամի համար, այդ թվում՝ վարչապետի։

Համայնքապետերի համար բարձրագույն կրթությունը պարտադիր է

Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանի պնդմանը, որ գյուղապետերից բարձրագույն կրթության փաստաթուղթ են պահանջում, ապա այս մասով օրենքը իսկապես պարտադրում է։

Ըստ «Տեղական ինքնակառավարման մարմնի օրենքի» 31-րդ հոդվածի 8-րդ կետի՝ 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն

Նիկոլ Փաշինյանին դիպլոմ հանձնելու որոշում էր կայացվել

2018-ին ապրիլի վերջին, երբ քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալու հնարավորությունը, լրատվամիջոցները գրել էին նրա բարձրագույն կրթության դիպլոմ չունենալու մասին։ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր այս թեմային՝ նշելով, որ 1995 թվականին, հինգերորդ կուրսում, ավարտական քննությունները սկսելուց մեկ կամ երկու օր առաջ ռեկտորատի որոշմամբ հեռացվել է համալսարանից։ Նա գրել էր, որ այդ որոշումը ունեցել է քաղաքական պատճառներ և կապված է եղել իր լրագրողական գործունեության հետ։ Իսկ համալսարանի ղեկավարության պատճառաբանությունը Փաշինյանի՝ դասապրոցեսից բացակայություններն էին։

Փաշինյանն իր գրառման մեջ տեղադրել էր իր ստուգման գրքույկի էջերի նկարները և գրել. «Ուսումնառության ընթացքում, որն ըստ էության անցել եմ ամբողջությամբ, բոլոր քննությունները առանց բացառության հանձնել եմ գերազանց»։

2018-ի ապրիլին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը ստորագրահավաք էր սկսել՝ կոչ անելով համալսարանին Փաշինյանին դիպլոմ տրամադրել։

Ի վերջո ԵՊՀ-ն արձագանքել էր բարձրացված աղմուկին. «Երևանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման և դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար»:

Փաշինյանը, սակայն, մերժել էր այդ առաջարկը։

«Եթե ես ցանկանայի վերցնել իմ դիպլոմը, այս 23 տարվա ընթացքում կվերցնեի»,- 2018 մայիսի 2-ին ասել էր նա։

Մեկնաբանել