Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել

Մայիսի 15-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների իններորդ հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել է արձանագրություն։

«Հանդիպման ընթացքում հանձնաժողովները, ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979թ., համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն»,- ասված է Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

***

Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի էր ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը, որի արդյունքում կողմերը նախնական համաձայնեցրել էին Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Մայիսի 6-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում արդեն տեղադրվել է 40 սահմանային սյուն։

Մեկնաբանել