Կիրանցում 4 շինություն կա, որը 1976-ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում. ԱԽ քարտուղար

Սահմանազատումից հետո Կիրանցում գտնվող 4 շինություն և ճանապարհը անցնելու են ադրբեջանական կողմին։ Այդ մասին մայիսի 17-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք։ Ճանապարհի մասով մենք լուծումներ ունենք, այս պահին ճանապարհի մասով որևէ խնդիր չկա։ Երկարաժամկետ ինչ խնդիրներ էլ լինեն, լուծելու ենք։ 4 շինություն կա, որը 1976-ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում։ Այդ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը՝ խանութ-վագոն, որը այս պահին չի աշխատում, մեկը ավտոտնակ է։ Այդ բոլոր խնդիրները կառավարությունը հասցեագրելու է, բոլոր խնդիրները լուծելու ենք։ Ճանապարհն էլ ենք կառուցելու, որը ամբողջովին ՀՀ տարածքով է անցնելու։ Մենք համոզված ենք՝ այս գործընթացով ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում»,- ասել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը նաև մեկնաբանել է 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը Կիրանցին վերադարձնելու հայտարարությունը․ «Մինչև այս պահն այդ տարածքներում զինված ուժերն էին ծառայություն իրականացնում։ Որտեղ դիրքեր կան, այդ դիրքերում համայնքներն իրենց հողերին հասանելիություն չեն ունեցել։ Հիմա, երբ այդ դիրքերից զինված ուժերը դուրս են գալիս և սահմանապահներն են տեղակայվում, այդ տարածքներն ազատվում են և անցնում են գյուղացիների վերահսկողության տակ։ Սրա մասին է խոսքը»։

***

Մայիսի 15-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների իններորդ հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել է չորս գյուղերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված արձանագրությունը։

Վարչապետի աշխատակազմից հաստատել են, որ արձանագրության ստորագրումից հետո Կիրանցում ճանապարհի տեղափոխման խնդիր առաջանալու է. «Ճանապարհի տեղափոխման խնդիր, այո, առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Կհիմնանորոգվի նաեւ Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար: Կիրանցի համար նպաստավոր լուրն այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին»,- «Արմենպրեսի» հարցերին ի պատասխան ասել էին վարչապետի աշխատակազմից։

Մեկնաբանել