Մայիսի 16-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներ Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը, հայտնում է ՀՀ խորհրդարանի պաշտոնական կայքը։
«Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ»,- ասված է հաղորդագրությունում։
Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
***
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները հանդիպել էին նաև մոտ երկու ամիս առաջ՝ մարտի 22-ին։ Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը․ «Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը»։
Civilnet











