2023 սեպտեմբեր․ Մարտունու շրջանի և Ասկերանի վերին ենթաշրջանի շրջափակումը

Ստեփանակերտից մեկուսացված Ասկերանի վերին ենթաշրջանը և Մարտունու շրջանը։

Հայկ Ղազարյան

2023-ի սեպտեմբերյան պատերազմին Ադրբեջանի հարձակման ժամանակ գլխավոր թիրախները Արցախի ճանապարհներն էին, այդ թվում՝ Ստեփանակերտ-Կարմիր Շուկա և Ստեփանակերտ-Մարտունի ռազմավարական նշանակության ճանապարհները։

Մայրաքաղաք Ստեփականակերտը այս հաղորդակցություններով կապվում էր Ասկերանի վերին ենթաշրջանի և Մարտունու շրջանի հետ։ Դրանց գրավումը, ըստ էության, հանգեցրեց Արցախի զինված ուժերի մասնատման, մատակարարման խափանման և ամբողջական շրջափակման։

Երկու հիմնական ճանապարհների արգելափակումը փոխկապված էր։ Փորձենք հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունեցել։

Կապույտը՝ Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհը, կարմիրը՝ այդ ճանապարհի երկայնքով ձգվող շփման գիծը, նարնջագույնը՝ Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհը։

Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհի գրավումը

Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհի երկայնքով՝ ակնհայտ խոցելի պաշտպանական բնագիծը ձևավորվել էր 2020-ի պատերազմի արդյունքում։

Ընդ որում՝ մարտական որոշ դիրքեր գտնվում էին անմիջապես ճանապարհի եզրին։

Այս բնագծի Շոշ-Մխիթարաշենից մինչև Սարուշեն՝ 16 կիլոմետրանոց հատվածի պահպանությունը վստահված էր Պաշտպանության բանակի 33-րդ աշխարհազորային գումարտակին, որը կազմված էր դիրքային ծառայություն իրականացնող բնակիչներից։ Ի տարբերություն ՊԲ կանոնավոր զորամիավորումների, աշխարհազորային ստորաբաժանումները զինված չէին տեխնիկայով, իսկ ծանր սպառազինությունը սահմանափակ քանակությամբ էր:

Աշխարհազորայինների գումարտակի շտաբի պետ Հակոբ Ավանեսյանն ասում է, որ Մխիթարաշեն-Շոշ հատվածում տեղակայված յուրային դիրքերի հետ կապը խզվել է Ադրբեջանի լայնածավալ հարձակման հենց սկզբում՝ սեպտեմբերի 19-ի օրվա կեսին։ Ավանեսյանը այնուհետև պատմում է, որ այդ տեղի դիրքերը շատ արագ հայտնվել են հակառակորդի ինտենսիվ հրետակոծության տակ։

«303 մարտական դիրքի վրա է եղել ամենամեծ ճնշումը։ Միանգամից նաև Մխիթարաշենի 301 (Պըլը-Պուղու քարի մոտ) ու 302 պոստերն են եղել հարվածի տակ։ Հակատանկային հրթիռներով ահավոր խփել են։ 303-ը մի քանի ուղղությունից մտել են. բաց տեղ է, մոտ անտառին։ Նույնն էր 304 դիրքում»,- ասում է շտաբի պետը և պատմում, որ այնքան շատ են հարվածներ ստացել «Ֆագոտով», որ դիրքապահները խճճվում էին հակատանկային հրթիռների արձակման լարերում։

Շոշ-Մխիթարաշենի հայկական դիրքերը (301-306)։ Կապույտը՝ Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհը, կարմիրը՝ ադրբեջանական, կանաչը՝ հայկական պաշտպանական գծերը։

Անմիջապես ճանապարհի եզրին տեղակայված 304 դիրքի դիրքապահ, աշխարհազորային Մհեր Զաքարյանի համար պատերազմը մեկնարկել է Շուշիից ադրբեջանական «Գրադ» համազարկային կայանքի աշխատանքով։ Այնուհետև հակառակորդը սկսել է դիրքը ականակոծել։

«Հրետակոծությունը վերջացավ, սկսեցին կարծես «Ֆագոտներով» հարվածել։ Կրակել բլինդաժին, արդեն զոհեր և վիրավորներ կային։ Դրանից հետո սկսեցին շրջափակել դիրքը»,- պատմում է Մհերը։

Հրթիռահրետակոծման արդյունքում ավերված 304 դիրքի արբանյակային լուսանկարը 2023-ի սեպտեմբերի 29-ին։ Դիրքը մասամբ կառուցված էր ցանցարկղերից (գաբիոն)։

304-ի դիրքապահները հադրութցիներ էին։ Դիրքում անմիջապես զոհվել են Արմեն Թամրազյանը ու Արտակ Ավանեսյանը։ Մեկ հոգի կոնտուզիա է ստացել, մեկի ոտքը վիրավորվել է հակառակորդի կվադրոկոպտերի նետած նռնակից։

Ադրբեջանցիները դիրքի թևերից առաջացան։ Նրանք երկու կողմից մտան ճանապարհ և սկսեցին առաջանալ դեպի 304։ Մհերը նշում է, որ իրենք սողեսող փորձեցին դուրս գալ դեպի ճանապարհ և մտնել Շոշ գյուղ, բայց ադրբեջանցիները նկատեցին և վազեցին դեպի իրենց։ Ճանապարհին հակառակորդի դիպուկահարի կրակից զոհվել է Արարատ Աբաղյանը՝ Մհերի զարմիկը, իսկ դիրքի ավագը վիրավորվել է։

304 դիրքի ութ հոգանոց անձնակազմից հինգ հոգի հասել է Շոշ գյուղ, որտեղ առաջին բուժօգնություն է ստացել և երեկոյան խաղաղապահների միջնորդությամբ տարհանվել Ստեփանակերտ։

Ըստ Մհեր Զաքարյանի՝ 304 դիրքը կորցրել են ժամը 3-4-ի հատվածում։ Կարելի է ենթադրել, որ մերձակա դիրքերը ավելի շուտ են ընկել, քանի որ հակառակորդը 304 դիրքը փորձել է թևանցել։

303-ում զոհվել է Արթուր Քոչարյանը։ Դիրքից երեք հոգի անհետ կորած են համարվում մինչ օրս։

301 մարտական դիրքում, որը գտնվում էր Պըլը Պուղու հուշաքարի մոտ, զոհվել է աշխարհազորային Արմեն Բաբայանը։ Նրա եղբայրը ՍիվիլՆեթին հայտնեց, որ իր տեղեկություններով՝ հակառակորդը Շուշիից տանկ է կիրառել դիրքի ուղղությամբ, երբ եղբայրը գտնվում էր «ДОТ»-ում (երկարաժամկետ կրակակետ)։ Իսկ մնացածը հետո դիրքից դուրս են եկել։

305 դիրքում դիպուկահարի կրակոցից զոհվել է Վրեժ Բաղդասարյանը։

Կան մի շարք վկայություններ, որ ադրբեջանցիները Շոշ-Մխիթարաշեն հատվածի հայկական դիրքերը Շուշիի բարձրադիր դիրքերից ուղիղ նշանառությամբ թնդանոթային կրակի տակ են պահել։

Շուրջ 80 բնակիչ ունեցած Մխիթարաշեն (Ըրկթալի) համայնքի ղեկավար Մխիթար Առստամյանը ասում է, որ ադրբեջանցիները գյուղի մոտ գտնվող երկու դիրքերը ՝ 302-ը և 303-ը, պատերազմի առաջին րոպեներից «ցրիվ էին տալիս», իսկ գյուղի բնակչությունը պատերազմի մեկնարկից մեկ ժամ անց տարհանվել էր հարևան Շոշ գյուղ։

«Շուշիից ուղիղ նշանառությամբ կրակում էին, տեսել եմ իրենց թնդանոթը»,- պատմում է Առստամյանը։

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրթիռահրետակոծված 303 և 304 դիրքերից տեսանյութ տարածեց։

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 303 և 304 դիրքերից տեսանյութ հրապարակեց։ Դիրքերն ավերվել են հռթիրահրետակոծության հետևանքով:

Շոշ-Մխիթարաշեն հատվածում պահպանություն իրականացնող վաշտը նոր էր ձևավորվել, և պատերազմի օրը դիրքում գտնվող անձնակազմի համար դա չորրորդ հերթափոխն էր։

Սեպտեմբերի 19-ին Շոշ-Մխիթարաշենի դիրքերը գրավելուց հետո որոշ ժամանակ անց ադրբեջանցիները գրավում են Ներքին Սզնեքի դիրքերը։ Ավելի ուշ Սարուշենի դիրքերը ևս հայկական վերահսկողության տակ չէին։ Հարկ է նշել, որ Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհի սկզբնամասը (Շուշիից դեպի հյուսիս և հյուսիս-արևելք՝ Դաշուշեն/Քարաշեն գյուղի մոտ) սեպտեմբերի 20-ի առավոտյան ևս անցել էր ադրբեջանական վերահսկողության տակ։ Այստեղ մարտական հերթապահություն էր իրականացնում Ստեփանակերտի աշխարհազորը։

Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհի արգելափակումը

Սեպտեմբերի 20-ին Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհի Շոշ-Սարուշեն հատվածը լիովին ադրբեջանական վերահսկողության տակ էր։ Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհից ադրբեջանցիները սկսեցին առաջանալ դեպի մյուս հիմնական ճանապարհը՝ Ստեփանակերտ-Մարտունի։ Սեպտեմբերի 20-ի առավոտյան Շոշ գյուղի մերձակայքից (306 դիրքի մոտից, որը գրավել էին նախորդ օրը) գրունտային ճանապարհով ադրբեջանցիները շարժվեցին դեպի Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհի վրա գտնվող Քռասնի գյուղ:

Շոշ գյուղի մերձակայքից հակառակորդը իջել է (կանաչ կետիկներ) և Քռասնի գյուղի մոտ փակել Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհը։ Նշված հատվածում ( «ՊՎՕ-ի պոստ») Քռասնիի գյուղապետը առավոտյան երեք ՀՄՄ է նկատել։

Ըստ Քռասնիի գյուղապետ Կարեն Գրիգորյանի՝ սեպտեմբերի 20-ի առավոտյան մոտ ժամը 11-ին, նա երեք հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ/БМП) է տեսել գրունտային ճանապարհի վրա գտնվող «ՊՎՕ-ի պոստ» կոչվող վայրում։ Ստացվում է, որ Շոշ գյուղի հայկական դիրքից ադրբեջանցիները մոտ երկու կիլոմետր առաջ էին եկել դեպի Քռասնի գյուղ:

«Մեկը մնացել է նույն տեղում, երկուսն էլ իջել են անտառ, հետո էլ չեմ տեսել [մյուս երկու ՀՄՄ-ն]»,- ասում է Կարենը։

Մեկ ժամ անց ադրբեջանցիներն արդեն Քռասնիի մեջ էին։ Նրանց հետևակը ճանապարհի Քռասնիի հատվածում երկու կողմով տարածվել էր։

33-րդ աշխարհազորային գումարտակի մի մասը (Ներքին Սզնեքի և մոտակա Կարմիրգյուղի ու Խաչմաչի աշխարհազորայինները) սեպտեմբերի 20-ին Բովուրխան սարով սկսեց նահանջել դեպի Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհ։ Սարուշենի աշխարհազորը ևս գյուղից սկսեց տարհանվել սեպտեմբերի 20-ի առավոտյան։ Նրանք Մսմնա գյուղի գրունտաային ճանապարհով հասան Ննգի գյուղ։

Որոշ խմբերի հաջողվեց ավելի շուտ անցնել Բովուրխանը և հասնել Քռասնիի մոտ։ Ներքին Սզնեքի համայնքապետ և աշխարհազորային Էդվարդ Մուսայելյանը մի խումբ զորքի հետ ժամը 12-ին արդեն գրավված Քռասնիի մոտ էին։ Նրանք չհասած Քռասնի՝ շրջանցեցին գլխավոր ճանապարհը և հասան Ստեփանակերտի Աջափնյակ (Մալըբեյլի) թաղամաս։ Մյուս զորախմբերը հայնտվեցին Քռասնիից այն կողմ՝ շրջափակման մեջ։

33-րդ գումարտակի նահանջը/տարհանումը նշված վայրերից:

Այսպիսով, սեպտեմբերի 20-ին, ժամը մոտ 12-ին Ասկերանի վերին ենթաշրջանը և Մարտունու շրջանն ամբողջովին կտրվեցին Ստեփանակերտից և Արցախի այլ հատվածներից։

Հարավի խաչմերուկը

Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհը փորձեցին կտրել նաև Քռասնիից 3-4 կմ հեռավորության վրա գտնվող Հարավի խաչմերուկում (Հարավի յալ)։ Հարավի խաչմերուկի և Քռասնիի գործողությունները գրեթե զուգահեռաբար են տեղի ունեցել։ Պատերազմից հետո ադրբեջանական աղբյուրներում նշվում էր, որ Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհը փակել են Հարավի խաչմերուկում, սակայն այստեղ ադրբեջանցիները լիակատար վերահսկողություն են հաստատել սեպտեմբերի 21-ին, բուն մարտական գործողություններով չի հաջողվել այն փակել։ Հարավի և դրան նախորդած մարտական գործողությունները առանձին հոդվածի թեմա է։ Եթե Պաշտպանության բանակը (ՊԲ) Հարավ գյուղի մոտակայքի դիրքերը կորցնելուց հետո որոշակի ուժերով ապահովագրել է Հարավի խաչմերուկը, ապա Շոշ-Մխիթարաշենի դիրքերը կորցնելուց հետո ադրբեջանցիները անարգել հասել են Քռասնի և փակել ճանապարհը։ Ըստ Քռասնիի գյուղապետի, նախքան ադրբեջանական ՀՄՄ-ների հայտնվելը, որոշ ժամանակ ադրբեջանցիների ուղղությամբ ինչ-որ մեկը կրակում էր «ՊՎՕ-ի պոստից»՝ չնայած թիրախային ականակոծությանը:

Սեպտեմբերի 21-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ադրբեջանական զինվորականների հետ՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, այցելեց Հարավ գյուղ։ Այս այցից հետո ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում շրջափակման մեջ հայտնված զինվորականները տեղափոխվեցին Ստեփանակերտ։

33-րդ գումարտակի կառավարման և նյութաապահովման խնդիրները

Գումարտակի հրամանատարությունը պատերազմից առաջ հանգստում գտնվող անձնակազմի մեծ մասին չի կարողացել դիրքեր տեղափոխել։ Պատերազմից ժամեր առաջ գումարտակը կարողացել է ընդամենը երկու մեքենայի և վառելիքի հարց լուծել (որը հոգում էր պաշտպանության բանակը)՝ Ստեփանակերտից զորքը դիրքեր տեղափոխելու համար։

«Թղթաբանություն են պահանջել, վառելիքի խնդիր կար այդ օրերին։ Գումարտակի հրամանատարի տեղակալը սեպտեմբերի 19-ին այդ հարցերով էր զբաղված, ինչը բավական երկար ժամանակ խլեց մինչև լուծումը»,- ասում է գումարտակի շտաբի պետը։

Ուշադրության է արժանի այն փաստը, որ 33-րդ աշխարհազորային գումարտակը գտնվում էր Պաշտպանության բանակի Մարտունու բրիգադի պատասխանատվության գոտում և նրա համակարգման ներքո։ Սակայն աշխարհազորային գումարտակի նյութաապահովման խնդիրները հոգում էր ՊԲ մեկ այլ զորամաս, որը տեղակայված էր Ստեփանակերտում։

Աշխարհազորային գումարտակի կապը

Պատերազմի սկզբում աշխարհազորայինները կապի լուրջ խնդիրներ ունեին։ Պատերազմի առաջին րոպեներին գումարտակի ՀԴԿ-ն (հրամանատարական դիտակետ) հրետակոծության հետևանքով այրվել է կապի հանգույցի հետ միասին։ Ամբողջ գիշեր կապ չկար նաև վաշտի ՀԴԿ-ի հետ, քանի որ այն ևս վնասվել էր և այնուհետև գրավվել։

«Կապ չի եղել, ռացիանները աշխատում էին շատ անկանոն։ Բովուրխանին խփելուց հետո Hytera-ն (դյուրակիր ռադիոկայան) էլ չէր աշխատում»,- ասում է Ավանեսյանը։

Բովուրխանը լեռ է, որի վրա տեղակայված էին տարբեր հեռարձակիչ կայաններ։ Ամենայն հավանականությամբ, պատերազմի սկզբում վնասվել է աշխարհազորային գումարտակի ռադիոկապի վերահեռարձակիչը։

«Արցախկապ» ընկերության աշխատակից Արայիկ Ասլանյանն ասում է, որ Բոովուրխանի վրա հաստատ կրակել են։

«Տասից ավել շատ արկ է եկել Բովուրխանի վրա։ Բովուրխանի աշտարակը և մնացածը ամբողջովին ծակծկված էին։ Շուշիից ուղիղ նշանառությամբ են կրակել, ԱԹՍ բարձրացնելու կարիք չկար նույնիսկ, էնտեղից նայում էին՝ կպել է, թե չէ»,- ասում է նա։

Նշված Hytera (թվային) ռադիոկայանով գումարտակի կապ էր պահում վերադասի՝ Արցախի աշխարհազորի հրամանատարության հետ։

Ուղեփակոցներ և այլ մանրամասներ

Հայկական բնակչությունը տարհանվել է բացարձակապես Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհով։ Նրանք ուղեփակոց են տեսել Հարավի խաչմերուկում, Քռասնիի ու Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասի մոտ։ Ըստ Քռասնիի գյուղապետի՝ ադրբեջանցիները Աջափնյակ հասել են Քռասնիի մոտից։ Իսկ Հարավի խաչմերուկում ադրբեջանցիները ուղեփակոց տեղադրել են սեպտեմբերի 21-ին։

Հարավ-Քռասնի հատվածում ոչ միայն աշխարհազորայիններ էին մնացել շրջափակման մեջ, այլև պաշտպանության բանակի որոշ խմբավորումներ՝ մոտոհրաձիգներ և հատուկ ջոկատայիններ։ Հակոբ Ավանեսյանն ասում է, որ ՊԲ այդ ստորաբաժանումների հետ որոշել էին ճեղքում իրականացնել։

«Մի երեք կիլոմետր իջնում ենք, արդեն համարյա հասած Քռասնի, զորաշարժ ենք կատարում։ Տղաների հետ խոսում ենք՝ գնում ենք, շատ հնարավոր է զոհեր լինեն, պատրա՞ստ եք։ Բոլորն էլ թե՝ հա։ Մենք էլ տեսնում էինք՝ թուրքերը Քռասնիի մեջ «Կամազը» վերցրած քշում են։ Ամենավերևի պերեվալում ենք, երկրորդ պերեվալում։ Իվանյանի [զորամասի] շտաբի պետը զանգում է, թե մի շարժվեք, ձեզ գալու են հանեն։ Հետո նախարարի (Կամո Վարդանյան) հետ ենք մի ձև կապվում ու էնտեղ ասում են՝ եթե դուք գաք, հնարավոր է նորից բախում լինի։ Մի երկու օր սպասում ենք, արդեն Շահրամանյանը թուրքերի հետ գալիս է, զենքերը հանձնում ենք ու դուրս գալիս»,- պատմում է Ավանեսյանը։

Ադրբեջանցիները ուղեփակոցներ էին տեղադրել նաև Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհին։ Շոշի մոտ (Պըլը Պուղու հուշաքար) ադրբեջանցիները ուղեփակոց տեղադրել էին սեպտեմբերի 19-ի երեկոյան՝ էլեկտրական սյուներից մեկը ծռելով։

Բացի այդ մեկից, Էրիկ Աբրահամյանը, որը սեպտեմբերի 21-ին փրկարարների հետ մասնակցում էր որոնողական աշխատանքներին, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհի վրա ուղեփակոցներ է տեսել Ավետարանոցի (Չանախչի), Կարմիր գյուղ-Սզնեք խաչմերուկներում ու նաև՝ չհասած Սարուշեն գյուղ։

Սեպտեմբերի 20-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարեց ժամը 13:00-ից մարտական գործողությունները ամբողջությամբ դադարեցնելու մասին։ Արցախը ենթարկվեց կապիտուլյացիայի։

«Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ […] Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների»,- ասված էր այդ հայտարարության մեջ։

Մեր հավաքած տեղեկություններով՝ Շոշ-Մխիթարաշեն հատվածում զոհվել է վեց աշխարհազորային: Շոշ-Մխիթարաշեն հատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով կան նաև անհետ կորածներ։ Այս տեղեկությունը ամբողջացնելու համար մեր ընթերցողներին խնդրում ենք նամակով դիմել ՍիվիլՆեթին։

Մեկնաբանել