Բագրատ սրբազանն աջակիցների հետ ցույց իրականացրեց Քննչական կոմիտեի մոտ

15:30

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է, որ ժամը 19:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի կունենա օրվա ամփոփում:

13:40

Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շարժման անդամները երթ են իրականացնում։ Այս պահին մասնակիցները Մամիկոնյանց փողոցում են։

13:30

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները հեռացան Քննչական կոմիտեի շենքի մոտից։ Շարժման ղեկավար Բագրատ սրբազանի կոչ արեց բոլորին նախանշված ուղղությամբ գնալ, սակայն չհստակեցրեց, թե ուր։

«Շարժվեցինք, իմաստ չունի այլևս։ Մեր ասելիքներն ասել ենք, մինչև վերջ հետամուտ ենք լինելու մեր պահանջների կատարմանը։ Ձերբակալվածներից ոչ ոքին մեղադրանք չի առաջադրվել, նշանակում է ժամը 3-ից 5-ը բոլորն ազատ կարձակվեն։ Այդ կետով մեր պահանջը համարում եմ կատարված։ Քննչական կոմիտեից պահանջում ենք վարույթ սկսել բոլոր այն խուլիգանների նկատմամբ, որոնք 10 հոգով ծեծել են Աշոտ Սիմոնյանին, Աշոտ Հարությունյանին, Արման Սարգսյանին, Կարեն Գևորգյանին, Արսեն Գրիգորյանին, Դանիել սարկագավին, Հրայր սարկավագին ու մյուսներին»,- հայտարարել է նա։

11:20

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները պահանջում են հանդիպում Արգիշտի Քյարամյանը կամ ՔԿ-ից որևէ ներկայացուցչի հետ։ Բագրատ սրբազանը նշում է, որ ՔԿ նախագահը կամ այլ ներկայացուցիչ պետք է իջնի հավաքվածների մոտ․ «Ես չեմ ուզում վերև բարձրանալ։ Պարոն Քյարամյանը կամ այլ ՔԿ ներկայացուցիչ կիջնի այստեղ և կլսի մեր պահանջները և կպատասխանի մեր հարցերին, կամ հետագայի համար մենք չենք կարող պատասխան տալ։ Պարոն Քյարամյան, եթե չեք ուզում, մի իջեք ձեր բարձունքից, մի օր մենք ինքներս կբարձրանանք այդտեղ»,- հայտարարել է սրբազանը։

11:10

«Պետք է հասկանանք՝ Քննչական կոմիտեն գործում է միայն քաղաքացիների դե՞մ, թե՞ նաև քայլեր է ձեռնարկել ոստիկանական գործողությունների հետ կապված, որոնք տեղի են ունեցել այս ընթացքում»,- ՔԿ-ի դիմաց հայտարարել Բագրատ սրբազանը։

***

Բագրատ սրբազանի գլխավորությամբ Երևանի Սուրբ խաչ եկեղեցու բակից մեկնարկեց քայլերթը դեպի Քննչական կոմիտե։

«Մենք մեր հանդարտությունը, ուղղամտությունն ու արդարության զգացումը ոչ մի րոպե չենք կորցնելու։ Սա մեր հաղթաթուղթն է մեր ձեռքին»,- երթի մեկնարկից առաջ հայտարարարել է սրբազանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն փորձելու են Կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանից «որոշ հարցերի պատասխաններ ստանալ»։

Մայիսի 31-ին արտաքին գործերի նախարարության մոտ տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանությունը 28 անձի էր բերման ենթարկել։ Քննչական կոմիտեն նշված 28 անձանց ձերբակալելու որոշում էր կայացրել՝ «հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով»։

«Ակցիայի մասնակիցների շրջանակից նշված վայրում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների ուղղությամբ նետվել են քարեր, ջրով լցված տարաներ, ծխարձակող ճայթուկներ և այլ առարկաներ։ Ոստիկանության 7 աշխատակից դիմել է բուժօգնության, բուժհաստատություններ են դիմել նաև մասնակիցներից։ Զանգվածային անկարգությունների մասնակիցներից ոմանք այդ գործողությունների ժամանակ հնչեցրել են ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը գրավելու կոչեր»,- հայտնել էր Քննչական կոմիտեն։

Մեկնաբանել