Սահմանամերձ համայնքներում պետության աջակցությամբ կառուցվում է 1 100 տուն

Պետության աջակցությամբ սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու ծրագրի մեկնարկից մինչև այս պահը հաստատվել է ավելի քան 1 100 հայտ, այսինքն՝ սահմանամերձ համայնքներում կառուցվում է այդքան տուն: Այս մասին հունիսի 3-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը։

«Երբ ծրագիրը մեկնարկում էր, տարբեր լրատվականներ, տարբեր քաղաքական գործիչներ, որոշակի կասկածներ ունեին, որ մարդիկ որոշում չեն կայացնի սահմանամերձ բնավակայրերում բնակարան կառուցել և ապրել: Այս պահին մենք ունենք ավելի քան 1 100 հաստատված հայը: Ընդամենը 1 տարուց քիչ այս ժամանակահատվածում 1 100 բնակարան է կառուցվում սահմանամերձ համայնքներում»,- նշել է նախարարը:

Կառավարությունը 2022–ի հունիսին էր հաստատել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը 2022–2024 թթ համար: Ավելի ուշ գործադիրը ևս մեկ տարով՝ մինչև 2025–ի դեկտեմբերի 31–ը երկարաձգեց Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագիրը։

Միջոցառման շրջանակում աջակցություն է տրամադրվում սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին՝ պետական աջակցությունն ուղղելով հիփոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարների մարմանը։ Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13 տոկոս տոկոսադրույքի չափով մարման համար։

Մեկնաբանել